«Մեր պաշտպանութիւնը մեր անպաշտպանութեան մէջ է»՝այս յայտնի թեզը պատկանում է Հայաստանի Հանրապետութեան առաջին նախագահ Լեւոն Տէր Պետրոսեանին։ Այսօր մենք տեսնում ենք այդ թեզի իրագործումը մեր կեանքի մէջ, եւ տեսնում ենք այդ թեզի իրական երեսակը, որն է պատուազրկութիւնը եւ հողերի զաւթումը սեփական իշխանութիւնների թողտուութեան ներքոյ։ Դիմենք ՀՀ Սահմանադրութեանը. 14-րդ յօդուածը վերաբերւում է Զինուած ուժերին եւ պաշտպանութեանը.
1) Հայաստանի Հանրապետութեան զինուած ուժերն ապահուում են Հայաստանի Հանրապետութեան պաշտպանութիւնը, անվտանգութիւնը, տարածքային ամբողջականութիւնը եւ սահմանների անձեռնմխելիութիւնը,
2) Իւրաքանչիւր քաղաքացի պարտաւոր է օրէնքով սահմանուած կարգով մասնակցել Հայաստանի Հանրապետութեան պաշտպանութեանը։
Այսինքն քաղաքացիական պարտքն է՝ պաշտպանել երկրիդ անվտանգութիւնը, սահմանները, ինչը բնական է, իսկ վարչապետը իր երդման արարողութեան ժամանակ կարդաց հետեւեալ տեքստը.
«Յանուն համազգային նպատակների իրականացման եւ հայրենիքի հզօրացման՝ երդւում եմ բարեխղճօրէն կատարել ժողովրդի առջեւ ունեցած պարտաւորութիւններս, պահպանել Հայաստանի Հանրապետութեան Սահմանադրութիւնը եւ օրէնքները, նպաստել Հայաստանի Հանրապետութեան ինքնիշխանութեան եւ շահերի պահպանմանը, հաւատարիմ մնալ կառավարութեան անդամի բարձր կոչմանը»։
Կարդաց եւ սկսեց կտոր-կտոր յանձնել հայկական հողերը, պատճառաբանելով, որ դրանք ըստ սովետական քարտեզների ատրպէյճանական հողեր են։ Ժողովուրդը մերժելով Սերժին, այնքան էր ուրախացել, այնպէս տաք էր, որ ուշադրութիւն չէր դարձնում իշխանութեան եկած խմբի հակապետական քայլերին, որոնք հանգեցրին պատերազմի, սակայն երբ նայում ենք պատերազմին այսօրուայ իրադարձութիւնների լոյսի ներքոյ, անտեսանելի պատերազմի ընթացքը տեսանելի է դառնում։ Ինչպէս եւ այսօր, թշնամու հետ պայմանաւորուածութիւններ են եղել, եւ հայկական կողմը պիտի նահանջէր ու նահանջէր, յանձնելով հողերը։ Երեկ յանձնեցին Արցախը, այսօր յանձնում են Հայաստանը։ Արանքում կռուել են ու նահատակուել են, պատերազմել են անձնուրած ոգով, բայց դա արդէն անհատական նախաձեռնութիւն է եղել։ Զինուորներին ոչ ոք տէր չի կանգնել, ինչպէս նրանց աճիւններին տէր չեն կանգնել (երեւակայէք ծնողների վիճակը, որոնք խելակորոյս երկար ամիսներ փնտռել են իրենց որդիների աճիւնը տարբեր դիահերձարաններում, իսկ դրանք գտնւում էին, օրինակ, Արմաւիրի սառնարաններում), ինչպէս Նոյեմբերի 9-ից յետոյ ողջ մնացածներին ոչ ոք տէր չի կանգնել, եւ նրանք նոյնպէս սպանուել են կամ գերեվարուել են։ Բաւ է լսել 6 դաժանօրէն սպանուած զինուորների ծնողներին, որոնց տղաները Հադրութից իմաց են տուել, որ ողջ են. նրանք 40 օր Հադրութի անտառներում են թաքնուել, սնուել են կաղինով, հայկական կողմը մատը մատին չի խփել նրանց փրկելու համար, իսկ ատրպէյճանական կողմը տեղեկատուական արտահոսքի շնորհիւ գտել է տղաներին եւ սպաննելուց յետոյ ծնողներին յանձնել դիերը։ Ինչո՞ւ սա չի ընկալում մեծամասնութի՞ւնը, որովհետեւ դաւաճանութիւնը եղել է ահռելի ու անհաւատալի մասշտաբների։ Այսօր յիշեցնում են, թէ ոնց էր տարիներ առաջ, նախկին ընդդիմադիր, իսկ այսօր վարչապետ դարձածը ճղճղում ԱԺ-ի ամբիոնից. «Ի՞նչ անվանգութեան մասին էք խօսում, ամէն շաբաթ զոհերի՞, հեքտար-հեքտար տարածքները կորցնելո՞ւ, յանկարծ չի փորձէք նախկին պաշտօնեաների վրայ գցել... է Երբ նրա երեսին այսօրուայ ընդդիմադիրները ԱԺ-ում բացէ ի բաց ասում են, որ տեղի է ունեցել դաւաճանութիւն, որ ժողովրդի մէջ շրջանարւում է այն առասպելը, թէ «Քոչարեանը վաղուց հողերը յանձնել է եւ գցել է այսօրուայ վարչապետի ճեպը», ապա նա պատասխանում է, որ դա կը յայտնաբերի յանձնաժողովը եւ որ նրան կրկին ընտրել է ժողովուրդը։
Չգիտեմ այսօրուայ իշխանութեան յանձնաժողովը ինչ կարող է բացայայտել, բայց «Հրապարակ» թերթը գրում է ընդդիմութեան ծրագրի մասին հետեւեալը. «Մի քանի օրից կը լրանայ 44-օրեայ պատերազմի առաջին տարելիցը. Ռոբերտ Քոչարեանի գլխաւորած «Հայաստան» դաշինքն այդ կապակցութեամբ 44-օրեայ միջոցառումների ծրագիր է պատրաստել, որոնց նպատակն է՝ քննել, վեր հանել կատարուածի խորքը, հանրութեանը ցոյց տալ պատերազմի մեղաւորներին եւ պատասխանատուներին։ Ընտրուել է խորհրդաժողովների, կլոր սեղանների ձեւաչափը, Սեպտեմբերի 27-ից մինչեւ Նոյեմբերի 9-ը՝ եռակողմ յայտարարութիւն ստորագրելու օրը, ընդդիմադիր դաշինքը հրապարակային, առցանց քննարկումներ կը կազմակերպի, կը լինեն հիւրեր, պատերազմի մասնակիցներ, զոհերի եւ վիրաւորների հարազատներ եւ այլք, որոնք համատեղ համապարփակ քննարկում կը ծաւալեն...» Ինչպէս տեսնում ենք սա իրավական մակարդակի միջոցառումներ են, իսկ դաշինքում իրաւապահներ կան։
Ինչ վերաբերւում է ներկայ իշխանութեան այդ փաստարկին, թէ իրենց ժողովուրդն է ընտրել, ապա մէջբերեմ այդ առթիւ հետաքրքիր մի դիտարկում, որն անում է Այլընտրանքային նախագծեր խմբի ղեկավար Վահէ Յովհաննիսեանը. նա նշում է, որ հայ հասարակութիւնը այս պահին բաժանուած է երեք խոշոր հատուածների. 680 հազարը ձայն է տուել Փաշինեանին, 400 հազարը մերժել է Փաշինեանին, իսկ 800 հազարը տանն է մնացել, անտարբեր է, մերժել է երկուսին էլ.
«Փաշինեանն ընտրութիւններից յետոյ պարբերաբար շեշտում է. «ստացել ենք ժողովրդի քուէն՝ տարածաշրջանում խաղաղութեան նոր դարաշրջան բացելու համար»։ Տարածաշրջանային խաղաղութեան նոր փուլ ուզում է ցանկացած բանական մարդ՝ անկախ նրանից, թէ ում է քուէարկում։ Բայց 680 հազարի ճնշող մեծամասնութիւնը դրա համար չի Նիկոլին ձայն տուել։ Նիկոլը ոչ միայն ՔՊ-ի, ոչ միայն Հայաստանի, այլեւ՝ մօտ 10 մլն հայութեան միակ դէմքն է, որը մօտաւորապէս պատկերացնում է, թէ ինչ ասել է «տարածաշրջանային խաղաղութեան դարաշրջան», այսինքն՝ գիտէ, թէ ինչ են պայմանաւորուել Փութինն ու Էրտողանը, Փութինն ու Ալիեւը, գիտէ, թէ Փութինն իրեն ինչ է ասել, ինչին է ինքը համաձայնել եւ մօտաւորապէս ինչ ժամկէտներում, թէ ինչ պրոցես է գնալու։ Նա հարկ չի համարում որեւէ մէկի համար բացել փակագծերը։ Յանուն ճշմարտութեան ընդունենք, որ նման պահանջ էլ առանձնապէս չկայ։ Նրանից դա ո՛չ հասարակութիւնն է պահանջում, ո՛չ սեփական թիմը։ Սա վկայում է ազգային դեֆոլտի մասին, երբ մի ողջ ժողովրդի ու պետութեան հարիւր տարուայ ճակատագիրը լուծում է մէկ հոգի, այն էլ՝ այս ամենից յետոյ»։