Կարդում ենք լուրերը եւ անցնում մեր առօրեային։ Սակայն շատ-շատերը տառապում են անքնութիւնից։ Լուրերը չեն թողնում քնել։ Լուրերը յուսադրող չեն։ Ալիեւը յայտարարում է, որ Նոր Տարին Իրեվանում է մտադիր նշել, եւ նրանք, ովքեր հաւատում են նրա խօսքերին, որովհետեւ նա ի կատար է ածում իր խոստումները, սկսում են հրաժեշտ տալ Երեւանին։
Խաղաղութիւն քեզ
ցեղասպանողի հետ
Արդէն ոչ միայն Ատրպէյճանի նախագահն է Հայաստանի մարզերի հայկական տեղանունները ատրպէյճանական անուններով փոխում, այլ Հայաստանի վարչապետն է շրջափակուած երկու գիւղերի անունները ատրպէյճանական անուններով արտաբերում. խօսքը Նոր Առաջաձոր եւ Որոտան գիւղերի մասին է, որոնք վարչապետը կառավարութեան նիստին անուանեց Էյվազլի եւ Չայզանի։ Օգոստոսի 25-ին ատրպէյճանական զինուժը՝թւով 50 հոգի, փակել էր Գորիս-Կապան միջպետական ճանապարհի 21 քմ-ը՝ Կարմրաքար-Շուռնուխ հատուածը, եւ վարչապետը նշեց, որ «... այնտեղ կայ այլ ճանապարհ, մասնաւորապէս, Կապան-Աղվանի ճանապարհը, որը մեծ տեմպերով ասֆալտապատւում է, ես նկատի ունեմ՝ Սիւնիքի մարզը, ի հարկէ, Հայաստանից կտրուած չէ»։ Խելագարուել կարելի է, թշնամին փակում է քո ինքնիշխան տարածքը, շրջափակում գիւղերը, որոնց բնակիչներին ռուս խաղաղապահներն են սկսում հաց բաժանել, իսկ քո ինքնիշխան երկրի ղեկավարը հանգստացնում է, որ կայ այընտրանքային ճանապարհ եւ առաջ է քաշում խաղաղութեան օրակարգ։ Խաղաղութիւն քո երկրի տարածք մտնողի հետ, քո զինուորին գերեվարողի հետ, քո զինուորին սպանողի եւ խաղաղ բնակիչների վրայ կրակողների եւ նրանց արօտավայրերը հրկիզողների հետ։ Դէ արի ու գիշերը խաղաղ քունի մէջ մտի, հայաստանցի։ Երբ Գորիս-Կապան ճանապարհը Օգոստոսի 27-ին բացուեց, քաղաքագէտ Ստեփան Դանիէլեանն արձագանագրեց.
«Քչերը հասկացան, թէ ինչ տեղի ունեցաւ։ Հիմա արդէն պարզ է, թէ ինչու է Ատրպէյճանը փակել ու յետոյ բացել ճանապարհը։ Աւելի կոնկրետ, ինչ պահանջ է դրել Ատրպէյճանը, որի կատարելուց յետոյ ճանապարհը բացուել է։ Ատրպէյճանը պահանջել է, որ Հայաստանը պաշտօնապէս յայտարարի, որ Գորիս-Կապան ճանապարհի 21 քիլոմեթրը ճանաչում է որպէս Ատրպէյճանի տարածք, այդ թւում նաեւ երկու գիւղերը։ Պահանջը կատարուել է, ՀՀ վարչապետը յայտարարեց, որ 21 քիլոմեթրը Ատրպէյճանի տարածքն է (այն էլ կառավարութեան նիստի ժամանակ), նաեւ որպէս Ատրպէյճանի տարածք ճանաչեց երկու գիւղերը, օգտագործելով դրանց ատրպէյճանական անուանունները։ Որպէսզի տարընթերցումներ չլինեն, ՀՀ վարչապետի խօսքերը յստակեցրեցին ՀՀ մի քանի նախարար ու պատգամաւոր։ Քչերը հասկացան, որ տեղի ունեցաւ հայ-ատրպէյճանական սահմանի այդ հատուածի սահմանազատման ու սահմանագծման գործողութիւնը»։
Իսկ քաղաքագէտ, Եւրոպական հետազօտութիւնների կեդրոնի տնօրէն Վլատիմիր Մարտիրոսեանը եզրակացրեց.
«Հայաստանի Երրորդ հանրապետութիւնը քաղաքական, անվտանգային , միջազգային սուբյեկտայնութեան եւ նոյնիսկ սահմանադրականութեան տեսանկիւնից վախճանուել է։ Որքան էլ մեզ վրայ «պողպատյա մանդատ», «օրէնքի դիկտատուրա» եւ «անշեղ խաղաղութեան օրակարգ» կոչվող պոստուլատներ վաճառեն, այն այլեւս վախճանուել է թե՛ օբյեկտիվ եւ թէ՛ սուբյեկտիվ հանգամանքների ծանրութեան արդիւնքում։
Երրորդ Հանրապետութեան ներկայիս ղեկավարի միակ գործառոյթն՝ այդ վախճանը ամրագրելն է եւ վերջ։ Այսօր նա դա արեց առայժմ հայկական տեղանունների ատրպէյճանական անուանումների արտաբերմամբ։ Սա նոյնիսկ հայկական շահի եւ ինքնիշխանութեան պահպանման ֆորմալութեան ամբողջական արհամարհման ցայտուն օրինակ է»։
«Քայլող ստամոքսներ»
«Երբ ես 5 տարեկան էի ու գնում էի շուկայ, այնտեղ շատ ատրպէյճանցիներ միրգ-բանջարեղէն էին վաճառում»,- ասում է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբեանը, եւ քաղաքագէտ Էլբակեան Էդգարը զայրանում է, որ երկիր քանդողների համար կարեւորը երշիկն ու միրգ-բանջարեղէնն է. «Ապաշրջափակում բառը իրականում ինքնին խաբուսիկ է, ոչ մի ապաշրջափակում տեղի չի ունենալու, տեղի է ունենալու Հայաստանի Հանրապետութեան վերջնական շրջափակում՝ թուրքական աշխարհի կողմից»։
Կառավարման փորձագէտ Յարութիւն Մեսրոբեանի բնորոշմամբ հայ հասարակութիւնը վերածուել է քայլող ստամոքսների։ Եւ այդ ստամոքսներն են խօսում խաղաղութեան մասին. «Ինչ վերաբերում է Թուրքիայի ու Ատրպէյճանի հետ բարեկամութեանը, ապա այս հարցին կը պատասխանեմ Իսրայէլի նախկին վարչապետ Գոլդա Մեիրի խօսքերով. «Չի կարելի խաղաղութեան մասին խօսել նրանց հետ, ովքեր եկել են քեզ սպաննելու»։
Ինչպէս տեսանք ռազմական շքերթները վերացան, Սեպտեմբերի 2-ին, որը 26 տարի նշւում էր արժանապատուօրէն, այս տարի առաջին անգամ նշուեց ԱԺ-ի նախագահի տեղակալի այցելութեամբ, իսկ երկրի առաջին դէմքը... արձակուրդում էր։ Քայլող ստամոքսները հպարտանում են գինու եւ խորովածի փառատօններով։ Իսկ լրագրողները դէս ու դէն ընկած փորձում են վերծանել ՀՀ-ի վարչապետի յայտարարութիւնը դրական ազդակների մասին, որն իբր արուել են Թուրքիայի վարչապետ Ռեճեփ Թայյիպ Էրտողանի կողմից.
«Ես յաջողութիւն եմ մաղթում ՀՀ նոր կառավարութեանը։ Մեր տարածաշրջանին կառուցողական մօտեցում է պէտք։ Նոյնիսկ եթէ կան տարաձայնութիւններ, պէտք է դրացիական յարաբերութիւններ զարգացնել տարածքային ամբողջականութեան եւ ինքնիշխանութեան սկզբունքները յարգելու հիման վրայ։ Ուստի մենք կարող ենք աստիճանապէս կարգաւորել յարաբերութիւնները ՀՀ հետ՝ նոր կառավարութիւնը յայտարարել է այդ ուղղութեամբ շարժուելու պատրաստակամութեան մասինե։
Իսկ միւս կողմից ՀՀ-ի վարչապետը պատրաստւում է խաղաղութեան պայմանագիր կնքել Ատրպէյճանի հետ՝ նոյն տարածքային ամբողջականութեան սկզբունքով։ Ուստի հրաժեշտ պիտի տանք Արեւմտեան Հայաստանին եւ Արցախին, ինչպէս նաեւ ՀՀ-ան այն տարածքներին, որոնք սահմանագծման արդիւնքում անցնելու են Ատրպէյճանին...։