Ալիեւը շտապում է, նոյնիսկ ամենավարդագոյն երազներում նա չէր կարող վայելել նման յաջողութիւն, երբ թշնամական երկիրը այդքան հլու կը կատարէր բոլոր իր պահանջները. պատերազմում նահանջում էր, թոյլ տալով ատրպէյճանական ուժերի առաջխաղացումը, առանց որեւէ կրակոցի յանձնեց Հադրութը, Շուշին եւ Քելբաջարը (Քարվաճար)։ Զարմանալի է, թէ ինչպէս է Ալիեւի սիրտը դիմանում, որովհետեւ չափն անցած ամէն բան մահաբեր է, նոյնիսկ ուրախութիւնը։
Աշխարհում չի լսուած բան
Յունիսի 20-ին Հայաստանի խորհրդարանային ընտրութիւնները ստուերեցին մի պահ նրա ուրախութիւնը, սակայն երբ կրկին յաղթեց պարտուած իշխող քաղաքական ուժը, նրա ուրախութիւնը խառնուեց մեծագոյն զարմանքի հետ։ az.sputniknews.ru կայքը փոխանցեց նրա CNN Türk հեռուստաալիքին տուած հարցազրոյցը, որտեղ Ալիեւը ակնարկեց մասնաւորապէս հետեւեալը. «Հայ ժողովուրդը հաշտուեց պատերազմի արդիւնքների հետ։ Հայկական ղեկավարութիւնը նոյնպէս հաշտուեց պարտութեան հետ, եւ Հայաստանի վերջին խորհրդարանական ընտրութիւնները դա փաստեցին։ Դա պատմութեան մէջ երբեւէ չլսուած բան էր, որ պարտուած ղեկավարութիւնը կրկին ստանում է ժողովրդի ձայները»։ Ալիեւը նաեւ ասաց, որ հարկ չկայ, որպէսզի ՌԴ-ը զինի Հայաստանը։ Իր ցանկութիւնն է՝ խաղաղութեան պայմանագրի վաւերացումը, դա նշանակում է, որ Հայաստանն ու Ատրպէյճանը պիտի ճանաչեն միամեանց ամբողջականութիւնը եւ կատարեն սահմանազատում... Հայաստանեան ղեկավարութիւնը բոլորովին էլ դէմ չէ։ Ինչ վերաբերւում է Սիւնիքի համայնքապետերին, ապա նրանց կարելի է ձերբակալել, որպէսզի չդիմադրեն։ Նոյնիսկ եթէ համայնքապետերից երկուսը ընտրուեցին ԱԺ-ի պատգամաւոր։ Այսօր երեք պատգամաւորներ ձերբակալուած են, իսկ մնացած ընդդիմութեանը «հանգստացնելու» համար ՊՊԾ-ի աշխատակիցներ են հրաւիրուած ԱԺ։ Սա էլ է աշխարհում նախադէպը չ՚ունեցող երեւոյթ։
Զոհեր Հայաստանի բոլոր
սահմանների վրայ
Մեզ համար արդէն սովորական դարձաւ, որ զինուոր պիտի զոհուի պատերազմից յետոյ, որ իշխանութիւն կոչուածը պիտի գերեզմանական լռութեամբ արձագանգի։ Ամէն բակում աղբիւր են տեղադրում անմահացած զինուորի յիշատակին։ Յաճախ մի քանի զինուորիների յիշատակին։
Օգոստոսի 16-ին ատրպէյճանական ԶՈՒ –ի ստորաբաժանումները սադրանքի դիմեցին հայ-ադրբեջանական սահմանի նախիջեւանեան ուղղութեամբ, Երասխի հատուածում եւ արդիւնքում 3 զինծառայող զոհուեցին։
Երեք օր անց Օգոստոսի 19-ին լուրերում իմացանք, որ «Օգոստոսի 19-ին, ժամը 02։15-ի սահմաններում, հանրապետութեան հարաւ-արեւելեան ուղղութեամբ տեղակայուած ՀՀ ԶՈՒ. զօրամասի պահպանութեան տարածքում գտնուող մարտական յենակէտում յայտնաբերուել են շարքայիններ, 2002թ. ծնուած Մուրադ Աշոտի Մուրադեանի, 2002 թ. ծնուած Լեւոն Ռաֆաէլի Յարութիւնեանի, եւ 2002թ. ծնուած Գոռ Արտակի Սահակեանի դիերը՝ հրազէնային վիրաւորումներով։ Այս մասին տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայութիւնը»։ Հարաւ-արեւելեան է գրուած, ինչու՞ Սիւնիք չեն գրում։ Ինչն էր այս երեք տղաների մահուան պատճառը, որովհետեւ թշնամին ազատ ելումուտ է անում Հայաստանի տարածքները։ Պաշտպանութեան նախարար Արշակ Կարապետեանը մարդու իրաւունքների պաշտպան Արման Թաթոյեանի հետ զրոյցում հերքեց թշնամու ներթափանցման հետեւանքը որպէս պատճառ։ Եւ մարդու իրաւունքների պաշտպանութեան գրասենեակը տարածեց հետեւեալ հաղորդագրութիւնը.
«Հաշուի առնելով, որ խօսքը վերաբերում է մեր երկրի զինուորների իրաւունքների, այդ թւում՝ մահացած զինծառայողների կեանքի իրաւունքի պաշտպանութեանը, Արման Թաթոյեանի որոշմամբ սեփական նախաձեռնութեամբ սկսուել է վարոյթ։ Միջադէպի հետ կապուած՝ պարզաբանումներ ստանալու նպատակով գրութիւններ կ՚ուղարկուեն իրաւասու պետական մարմիններին»։
Յետոյ հանրութեանը ՊՆ-ից տեղեկացրին, որ եղել է նաեւ չորրորդ զինծառայող, որը չի սպանուել եւ գուցէ հէնց նա է սպաննել զինծառայակիցներին։
Իսկ Յուլիսի 14-ին ըստ պաշտօնական հաղորդագրութեան՝ լուսադէմին, մառախուղի պայմաններում, ամրակցուած զինուորական ավտոմեքենայով ծառայողական պարտականութիւնները կատարելու ընթացքում կորել է կապը մեր երկու զինծառայողի հետ, որից անմիջապէս յետոյ մեկնարկել են որոնողա-փրկարարական աշխատանքներ։ Քանի օր է անցել, մինչեւ հիմա 2 զինծառայողին չեն գտել։
Գնանք հետ. Յուլիսի 28-ին, ժամը 03։40-ի սահմաններում, ատրպէյճանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի եւ խախտել հրադադարը հայ-ատրպէյճանական սահմանի հիւսիս-արեւելեան հատուածում։ Հայաստանն ու Ատրպէյճանը համաձայնել են Մոսկուայի միջնորդութեամբ դադարեցնել կրակը։ Ճշդենք՝ այդ որտեղ է հիւսիս-արեւելեան հատուածը՝ Տաւուշի մարզ թէ՞ Գեղարքունիքի։ Պարզւում է Սոթքից մինչեւ Վերին Շորժա հատուածն է, ուրեմն Գեղարքունիք։ Յարձակման արդիւնքում կրկին երեք զինուոր զոհուեցին։ Նրանցից մէկը Դաւիթ Քոչարեանն էր, Տաւուշ մարզի Բերդ համայնքի Չինչին գիւղից։ Գիւղը 2019-ին շրջանաւարտ չէր ունեցել, եւ 2021-ին չի ունեցել։ Դաւիթ Քոչարեանը 2020-ի գիւղի միակ շրջանաւարտն էր։ 2020-ի 44-օրեայ պատերազմին մասնակից էր եւ ողջ էր մնացել...
Այսպիսով տեսանք, որ Հայաստանը խոցելի է դարձել ամէն կողմից։ Տաւուշի մասին դեռ չյիշատակեցի՞։ Համաձայն 2021–ի Օգոստոսի 19-ի ՀՀ կառավարութեան որոշման Տաւուշի մարզի վտանգաւոր տարածքներից բնակչութեան տարհանման նոր ծրագիր է մշակուել։
Մինչեւ Յունիսի 20-ը երկրի ճակատագրի պատասխանատուն մէկ անձն էր իր կուսակցութեան հետ։ Յունիսի 20-ի ընտրութիւններից յետոյ երկրի ճակատագրի պատասխանատւութիւնը մէկ անձի հետ կիսում են այդ անձին եւ իր կուսակցութեան վերընտրողները։