Հնդկաստանից նա բերել էր երկու փղիկների արձանիկներ՝ ասելով, որ փիղը միակն է, ով իրենից աւելի մեծ քիթ ունի։ Մեր Ֆրունզիկ Մկրտչեանը։ Հնդկացիներն ասում են, որ նա Հայաստանի խորհրդանիշն է։ Երեւի չեմ սխալուի, եթէ ասեմ, որ Փառաճանովի եւ Մկրտչեանի տաղանդը դուրս են ազգային սահմաններից, նրանց տաղանդը համաշխարհային բնոյթի է։
Երկու ֆիլմ Հնդկաստանի հետ
1979-ին Սովետական Միութեան եւ Հնդկաստանի հետ համատեղ նկարահանուեց «Ալի Պապա եւ 40 աւազակներ» ֆիլմ-հեքիաթը։ Եթէ մանրամասնենք, ապա պատուիրատուն Գոսկինոն էր, այսինքն Պետական կինօ հաստատութիւնը։ Սովետական Միութիւնը ինչպէս գիտենք բաղկացած էր 15 հանրապետութիւններից, որից մէկը Ուզբեքստանն էր, եւ այդ արեւելեան հեքիաթի համար գործի անցաւ «Ուզպեքֆիլմ»ը, որը եւ Eagl …lm (Հնդկաստան)-ի հետ համատեղ ստեղծեց այս հրաշալի ֆիլմը՝ ռեժիսորներ ուզպեք Լատիֆ Ֆէյզիեւը եւ հնդիկ Ումեշ Մեխրան։ Անկեղծ ասած չէի նայել այդ կինօնկարը, եւ նայեցի յատուկ «Ֆրունզիկ Մկրտչեան. Հնդկաստանը յիշում է ինձ» վաւերագրական ֆիլմի առաջնախաղի առթիւ։ Օգոստոսի 14-ին «Մոսկուա» կինօթատրոնում ֆիլմը ցուցադրելուց առաջ բեմը լուսաւորուեց մոմերով, ինչպէս ընդունուած է հնդկական աւանդոյթներով, եւ հիւրերի ուսերին հնդկական շարֆեր դրեցին։ Հիւրերից առանձնանում էր ֆիլմի նախաձեռնող Դաւիթ Բեժիտաշուիլին՝ «Վրաստանի եւ Հնդկաստանի մշակութային պալատի» համահիմնադիրը։ Երբ նրա մօտ միտք ծագեց Ֆրունզիկ Մկրտչեանին նուիրուած ֆիլմ ստեղծել, նա յայտնեց այդ մասին Վրաստանում Հնդկաստանի դեսպանին, եւ ընդամէնը 2 րոպէից յետոյ ստացաւ հետեւեալ պատասխանը. «Անցէ՛ք գործի»։ Ֆիլմի համար սցենար էր պէտք, եւ դիմեցին Շուշանիկ Սահակեանին, ով միշտ գրել էր սցենարներ Ֆ. Մկրտչեանի մասին։ Մեկնեցին Կիւմրի, որտեղ կայ Ֆրունզիկ Մկրտչեանի թանգարանը։ Օգոստոսի 14-ին «Մոսկուա» կինօթատրոնում էր նաեւ երգահան Տիգրան Մանսուրեանը, ում երաժշտութիւնը հնչեց ֆիլմում եւ ով յայտնեց, որ Մկրտչեանը՝ ծնուելով Կիւմրիում (իր ժամանակ՝ Լենինական) պատկանում է մարդկութիւն կոչուած ընտանիքին։ Ֆիլմի մէջ Մկրտչեանի մասին խօսեցին վրացի դերասաններ Սոֆիկօ Չիաուրելին եւ Վախտանգ Կիկաբիձեն։ Այսպիսով Ֆիլմը ստեղծուել է «Հայ-հնդկական բարեկամութիւն» հասարակական կազմակերպութեան (ՀԿ) եւ «Վրաստանի եւ Հնդկաստանի մշակութային պալատ»ի կողմից, այսինքն 42 տարի անց Վրաստանը, Հայաստանը եւ Հնդկաստանը միացան Ֆրուզիկ-Մհեր Մկրտչեանի տաղանդի շուրջ, վեր հանելով 42 տարի վաղեմութեան ֆիլմը։ Ասեմ, որ ֆիլմը նայւում է այնպիսի հետաքրքրութեամբ, կարծես, այսօր է նկարահանուել. մասշտաբային տեսարաններով, փղերով եւ ձիերով, հոյակապ դերասանական կազմով, հնդկական դերասանուհիների երգ ու պարով, խորիմաստութեամբ, որը բնորոշ է արեւելեան հեքիաթներին։ Ֆիլմի համար գումար չի խնայուել եւ այդ բոլոր իմաստներով շքեղ ֆիլմի ամենամեծ զարդն է հանդիսացել Ֆրունզիկ Մկրտչեանի տաղանդը, որովհետեւ այն առանձնանում է, ինչպէս բարձրաքանդակը հարթ պատի վրայ։ Նա մարմնաւորում էր առեւտրական Մուստաֆային։ Տեսնելով նրա խաղը, շարունակ դրուագներ էին աւելացնում, որպէսզի Ֆրունզիկը աւելի շատ երեւայ էքրանին։ Հնդիկ ժողովուրդը նրան յիշում է Մուստաֆա անուան տակ։ 5 տարի յետոյ Մկրտչեանին կրկին հրաւիրեցին նկարահանուել Սովետ Միութեան եւ Հնդկաստանի համատեղ «Լեգենդ սիրոյ մասին» ֆիլմի համար, որի ռեժիսորները նոյնն էին՝ ուզպեք Լատիֆ Ֆէյզիեւը եւ հնդիկ Ումեշ Մեխրան։
Մի դպէք սուրբերին։ Մկրտչեանի հմայքի գաղտնիքը
Ինչն էր գնահատելի ֆիլմում՝ դա Մկրտչեանի անձնական կեանքի ողբերգութեան ընմոշխնումի բացակայութիւնը։ Ոչ մի խօսք այդ մասին։ Տարիներ առաջ «Ակօս»ում գրել էի «Մի՛ դպէք Սուրբերին» մի յօդուած, որտեղ արտայայտել էի զայրոյթս այդ առիթով։ Մհեր Մկրտչեանը արդէն կեանքի օրով էր կնքել իր անմահութիւնը, սակայն ոմանց թւում է, թէ նրանց առջեւ հանգուցեալ է եւ նրանք ճճիների նման սկսում են վխտալ նրա մէջ հազիւ մարդը գոցում է աչքերը։ Մհեր Մկրտչեանը համով պատառ է՝ նրա անձնականի մէջ մտնելու եւ «համտեսելու» նրա հոգու տագնապները... Ահա թէ ինչ էի գրել ես այն ատեն.
Վերջերս ֆիլմ էին նկարահանել հայերի մասին եւ գլխաւոր առանձնայատկութիւնները՝ դա մեր տոլման էր եւ մեծ քիթը։ Սակայն քիթը առանց տաղանդի, ինչպէս եւ ձայնը առանց տաղանդի՝ դա ոչինչ է։ Գեղեցկութիւնը տաղանդ չէ, բայց տաղանդը գեղեցկութիւն է։ Մենք փոքր ժողովուրդ ենք, եւ եթէ մենք մի բան արժենք, ապա այդ մասին կարող էր վկայել Մհեր Մկրտչեանը այնպէս, ինչպէս ոչ ոք հայ դերասաններից։ Ինչո՞ւմն էր նրա հմայքի գաղտնիքը։ Իմ կարծիքով Մհերի գաղտնիքը նրանում էր, որ նա որպէս դերասան կարող էր ամէն ինչ։ Ռեժիսոր Ռոլան Բիկովը այդպէս էլ ասեց միւս ռեժիսոր Գէորգի Դանելիային. «Իմ ֆիլմում նկարահանւում է ֆենոմէնալ հայ դերասան, որն ընդունակ է խաղալ ամէն ինչ»։ Երկրորդը՝ այն, ինչ խաղում էր Մկրտչեանը, դառնում էր կարեւորագոյնը ֆիլմի մէջ։ Մի «վշտանայ» ֆիլմում Դանելիան նրան փոքրիկ մի դրուագում է ներկայացնում։ «Շաքար ուզո՞ւմ ես», հարցնում է Մհերի հերոսը. «Ես էլ չեմ ուզում»։ Այսքանը, բայց ռեժիսորի համար դա ֆիլմի զարդն էր, թալիսմանը։ Իսկ Դանելիայի «Միմինօ» ֆիլմը առհասարակ չէր լինի, եթէ Ռուբէնի դերը չի կատարեր Մկրտչեանը։ Ֆիլ մում երկուսն էին՝ հայն ու վրացին, որոնք հանդիպում են իրար հիւրանոցում։ Վրաց դերասան Կիկաբիձեն պատմում է. «Ոստիկանները նրան պատիւ էին տալիս։ Մի անգամ մեր առջեւ թրոլէյպուս կանգնեց, վարորդը դուրս եկաւ, սեղմեց Մկրտչեանի ձեռքը եւ դարձեալ նստեց տրոլէյպուսե։ Երրորդը՝ նա ինքը չէր գիտակցում իր մեծութիւնը։ «Գիտե՞ս, բոլորը կարծում են, որ ես մեծ տաղանդ եմե», կիսւում էր նա ընկերոջ հետ, այսինքն նա այդ բոլորի մէջ չէր մտնում. «Ախր ես ի՞նչ եմ անում, որ ծիծաղում էք»։
Մեծից փոքր ցանկանում էին նրան կպչել ինչպէս սուրբի...
-Կարելի՞ է ձեր քթին ձեռք տալ։
-Ո՛չ, դա պետական սեփականութիւն է, -յիշում է Ղարիպ Հայրապետեանը։
Եթէ Մհերի քիթը հայի քիթ է, ապա խօսենք այդ մասին, նրա տաղանդի, դերերի՝ կինոյում եւ թատրոնում, որովհետեւ այդ ամէնը մեր ազգի «ես»ն է, բայց Մկրտչեանն ինքը ունէր իր սեփական կեանքը, որտեղ, ինչպէս ամէն մէկի կեանքում, կային առանձնութիւն, հիասթափութիւն, ողբերգութիւն... Մի՛ դպէք, մի մօտեցէք նրա «ես»ին, եթէ նրան սիրում էք։
Հիմա շատ են խօսում թէ ինչ գին է վճարում արուեստագէտը իր տաղանդի, իր յաջողութիւնների, համաժողովրդական սիրոյ համար։ Ճճիների խօսակցութիւն է դիակի վրայ։ Մհեր Մկրտչեանը հանճարեղ դերասան էր, իսկ հանճարեղութեան համար աշխատավարձ չեն տալիս...