Ինչից ասես, որ չի դժգոհում մարդը։ Միայն իր ուղեղից չի դժգոհում։ Միւսների ուղեղից դժգոհում է. որ դատարկ է, որ անուղեղ է, որ ունակ չէ վերլուծել, քննել, դատողութիւն անել։ Բերեմ ընդամէնը մէկ օրինակ. Թուրքիայի հրդեհների առիթով ինչ ասես որ չասեցին, մի հայ օգտատէր յայտնեց, որ Պայտենը զանգել է Էրտողանին եւ կարգադրել, որպէսզի Թուրքիան վերադարձնի հայերին իրենց հողերը, եւ այդ պատճառով Էրտողանը այրել է այդ հողերը...։
Ի՞նչ դատարկ պիտի լինի ուղեղը, որպէսզի այս կարգի սուտը տեղ գտնի այնտեղ, իսկ այս սուտին հազարներով օգտատէրներ հաւատացին եւ կիսուեցին իրենց էջերում։ Մարդու եւ կենդանու տարբերութիւններից մէկը հէնց ստելու մէջ է. կենդանին ստել չի կարող, այդքան ուղեղ չունի, բայց մարդկանց մեծամասնութիւնը կենդանու է նմանւում, երբ անվերապահօրէն հաւատում է սուտին։ Համաշխարհային պատմութեան մէջ մնացել է Գեբելսի անունը (գերմ. Paul Joseph Goebbels, 1897-1945) որպէս սուտի փայլուն քարոզիչ։ 1933-ին Հիտլերը նշանակեց նրան Կայսրութեան ազգային լուսաւորութեան եւ քարոզչութեան նախարար, այսինքն Սուտի նախարարութեան նախարար։Ահա թէ ոնց էր նա բնութագրում քարոզչութիւնը. նա ասում էր, որ «բացի «ճերմակ» հաւաստի տեղեկատուութիւնից հարկաւոր է կիրառել «մոխրագոյն», այսինքն կիսատ ճշմարտութիւն եւ «սեւ»՝ բացայայտ սուտ, այսպիպով մենք հասնում ենք ոչ թէ ճշմարտութեան, այլ՝ արդիւնաւետութեան։ Ի դէպ որքան աւելի հրէշաւոր է սուտը, այնքան աւելի պատրաստակամօրէն են հաւատում այդ սուտին եւ տարածում այն»։
Ի՞նչ կարող ենք ասել ուղեղի մասին, այսինքն խելքի. խելքը լինում է կարճ, այո, ասում ենք կարճ խելք, բայց երկար խելք չի լինում, դրան ասում են հետին խելք։ Խելքը լինում է ողջ (ողջամտութիւն) կամ մեռած (չօգտագործուող խելք), ճկուն եւ կարծր։ Նրանք, ովքեր չեն օգտւում իրենց խելքից, ապրում են զգացմունքներով եւ բնազդներով։ Օրինակ, նոյն այս աղէտների առիթով հայերը մեծագոյն հրճուանք էին ապրում՝ դիտելով սողանքներն ու ջրհեղեղները, հրդեհներն ու բնութեանը արհաւիրքը։ Գուցէ ինձ մօտ բացակայում են որոշ զգայարաններ, բայց ինձ չի ուրախացնում աղէտների դիտումը։ Ո՛չ, բարոյական կողմի մասին չեմ խօսայ, ուղղակի դա իմ ուրախութեան տեսակը չի եւ վերջ։
Զգայարաններով ապրող մարդկանց դիւրին է հաւատացնել, որ «Թուրքիան անճարութիւնից օգնութիւն է աղերսում Եւրոպայից՝ այդ թւում նաեւ Հայաստանից», այս ֆէյք լուրի վերնագիրն էր «Օգնէք մեզ, հայեր»։ 1600 հոգի հաւանել էին այս սուտ լուրը, իսկ մի ինստիտուտի դասախօս առանձին անդրադարձել էր, որ «հէնց նեղն են ընկնում ՝ մեզ են օգնութեան դիմում, ոչ մի դէպքում չի կարելի նրանց օգնել»։ Կամ այս ֆէյքը. «Էրտողանը խնդրանքով դիմեց Նիկոլին. Մի վերցրէք ողջ Թուրքիան, մենք կու տանք ձեր հողերը»։
Իսկ ահա թէ ինչ օրինակ է բերում այս առիթով հեռուստամեկնաբան, հոյակապ լրագրող Նաիրի Հոխիկեանը.
«Մօտ մէկ ամիս առաջ մի ծանօթի հետ, ով չի փայլում տրամաբանելու եւ սեփական վերլուծութիւն անելու կարողութեամբ, խօսում էինք տարածաշրջանային զարգացումներից։ Օրինակներով ու փաստերով բացատրեցի, թէ ինչ է ուզում Թուրքիան, ինչի է ձգտում Ռուսաստանը, ինչու մեզ երբեք ձեռնտու չի եղել ու հիմա էլ ձեռնտու չէ միջանցք տալ Ատրպէյճանին։ Թուաց, թէ փաստերով հասկացաւ։
Օրերս կրկին հանդիպեցինք, ոգեւորուած ասում է՝ քո փաստերը բանի պէտք չեն, քանի որ ինձ ասել են՝ էդ միջանցքը մեզ խնդիր չի, որովհետեւ շուտով Նախիջեւանը մեզ են տալու, Թուրքիան քանդուելու է, ռուսներին էլ դուրս կը քշենք այստեղից, ֆրանսիական զօրքը կու գայ, քանի որ Մակրոնը հայերէն է սովորել, սիրում է Հայաստանը։
Այդ պահին հասկացայ, որ մէկ ամիս առաջուայ աշխատանքս ջուրն է ընկել, քանի որ կրկին փաստը պարտուել է զգացմունքին։
Միջին վիճակագրական մարդու համար հաճելի է լսել հեքիաթներ, երեւակայել եւ ապրել այդ երեւակայութեան մէջ, քան թէ իրեն նեղութիւն տալ մտածել ու լուծումներ գտնել։ Դա կեանքի բոլոր ոլորտներում է։ Փաստը եւ վերլուծութիւնը ջանք է պահանջում, նաեւ կարող է տհաճ ու մտահոգիչ լինել, իսկ զգացմունքը կախուած է մարդու ցանկութիւնից. կ՚ուզենա՞յ ինքնախաբութեամբ զգաղուել եւ լինել անգիտութեամբ բախտաւոր, այդպէս էլ կը լինի։
Նայէք մեր շուրջը, աւելի քան կէս միլիոն մարդ Հայաստանում համոզուած է, որ 3-4 տարի յետոյ մենք ապրելու ենք դրախտային պայմաններում, քանի որ հաւատում է Նիկոլի ստերին ու դիտում է Youtube-ի անգրագէտ ու տխմար տեսանիւթերը «Էրտողանը ծնկի իջաւ Նիկոլի առաջ», «Միայն իմանաք, թէ ինչ կը լինի Ատրպէյճանի հետ 2 տարի յետոյ» եւ նման յիմար վերնագրերով։
Սա հեշտ է, տալիս է դրական յոյզեր, ապագայի մասին տխմար, բայց լաւ պատկերացում, եւ հոգ չէ, թէ յաջորդ օրը մարդիկ կը մոռանան այդ մասին, կարեւորը, որ այսօր աչքաթող արեցին փաստերը՝ ապրելով զգացմունքի աշխարհում»։
Ի՞նչ եզրակացութիւններ կարելի է անել.
1. Ասում են google կայ՝ խելք պէտք չի, սակայն որքան աւելի շատ է տեղեկատուութիւնը, այնքան աւելի մեծ խելք է պէտք։
2. Ամէն մի առիթով ասում են «Աստուած օգնական», բայց Աստուած որպէս օգնութիւն տուեց մարդուն խելք։
3. Աստուած ստեղծեց մարդուն, իսկ մարդը դարձնում է նրան ոչխար։