ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ
44օրեայ պատերազմում, որի մասին մասնակիցներն ու ռազմագէտները ասում են «տարօրինակ» պատերազմ եւ որը կարիք ունի քննութեան, պարզաբանման եւ պարտութեան հանգամանքների բացայայտման, գլխաւոր յատկանիշն էր հրամանատարների վարքագիծը։ Վախենում էին, փախչում էին... բայց պատմութիւնը արձանագրում է հրամանատարի կոչմանը հաւատարիմ մնացող, բարձրագոյն յատկանիշներով օժտուած զինուորականներին։ Չեմ ուզում հերոս բառը կիրառել, քանզի ո՞վ հերոս չէ, եթէ մեկնում է գիտակցուած մահուան, ուստի նախընտրում եմ Արմանին ներկայացնելիս դիմել արծուի կերպարին։ Ինչպէս բոլոր նորմալ մարդիկ Արմանը մահուան վախ ունէր, բայց որպէս հրամանատար նա վախենում էր իր հրամանատարութեան ներքոյ գտնուող զինուորների համար, որոնց կեանքի հանդէպ կրում էր հայրական պատասխանատւութիւն. ”Զօրքն առանց հրամանատարի ոչինչ է. ինչպէս բարուրի երեխան առանց խնամողի չի կարող գոյատեւել, այնպէս էլ զօրքն առանց հրամանատարի”,- գրել է Արմանը իր նօթատետրում։ Նա հեռացաւ կեանքից պատերազմի առաջին իսկ օրը եւ չիմացաւ, թէ ի՞նչ եղաւ նրա զինուորների հետ, հայոց աշխարհի հետ, հազարներով նահատակուածների, նրանց աճիւնները երկար ամիսներ սպասող-որոնող ծնողների հետ, որոնք երանի են տալիս այն ծնողաց, որոնք գտել են զաւակներին եւ այցելում են իրենց Եռաբլուրում ամէն Աստծոյ օր, ասելով «Եթէ գէթ մէկ օր չենք գնում, կարծես ինչ-որ մի բան կորցրած լինենք»։
Պատերազմը անցաւ իր սովորական բնոյթին, այսինքն սողացող պատերազմի տեսակին, երբ արդէն Հայաստան-Ատրպէյճան սահմանին է (այլ ոչ թէ Արցախ-Ատրպէյճան սահմանին) զինուոր զոհւում եւ արդէն զինուորի մասին չեն ասում «անմահացաւ», այլ՝ յայտարարում են, որ «միջադէպի արդիւնքում կորուստ ունեցանք»։ Գուցէ այս պատերազմը նոյնպէս գերտէրութիւնների համար փոքրիկ միջադէպ էր, որ կատարուեց փոքրաթիւ ազգի հետ, ով հաւակնել էր տէր կանգնել իր հողերին, բայց չէր կարողացել ձեւակերպել իր յաւակնութիւնները միջազգայնօրէն։ Արմանի նօթատետրում կարդում ենք. «Հիմա մենք ամենաթանկն ենք վճարում երկար տարիների սխալների համար, բայց եւ չենք կարող գնալ բնութեանը հակառակ՝ Հայոց Բանակը չի՛ կարող պարտուել, թէկուզ մեր դիակների վրայով պէտք է գետնի տակից բարձրանայ ու կոփուի Հայոց յաղթանակը։ Ես հաւատում եմ, որ յաջորդ մայրամուտը մեզ համար կարող է արեւածագ լինել»։
Սխալներ... այդ ի՞նչ սխալների մասին էր ասում Արմանը։ Կարծում եմ Արման Պօղոսեանի նօթատետրի տրամաբանական շարունակութիւնը մենք կը գտնենք նրա եղբայր՝ Արա Պօղոսեանի մտորումներում.
«Վերջերս ինձ մի տարօրինակ, բայց շատ օրինաչափ մտքի վրայ բռնեցրի. ամէն անգամ որեւէ քայլ, գործ ձեռնարկելուց առաջ անկախ իմ կամքից ոտքերս ու մտքերս դէպի Եռաբլուր են տանում, ուր մեր հազարաւոր նահատակների շիրիմներով սրբացած Հայրենիքի այդ հատուածը մի սուրբ Տաճար է դարձել, որտեղից լոյս ու իմաստնութիւն է ճառագում։
Այսօր հերթականն էր. շիրիմների մօտով անցնելիս նրանց յիշատակին ու զոհաբերութեանն անարժան լինելու վախն է սիրտս մաշում։ Հերթով անցնելով տղերքի մօտով հասնում եմ եղբօրս շիրիմին...
Յանկարծ նա սկսում է խօսել ու խօսում է մեծագոյն հանդարտութեամբ։ Հարցնում եմ. (գուցէ իմ միջոցով ինքս իմ հետ)
Ես։ -Ապեր, ի՞նչ կասես, ի՞նչ եղաւ։
Արմանը։ -Դէ ի՞նչ պիտի լինէր, ինչ ցանեցինք՝ այն էլ հնձեցինք։
Ես։ -Բայց մենք ուզում էինք յաղթել։
Արման։ -Չէ՛, դուք յաղթել չէիք ուզում, դուք ուզում էիք լաւ ապրել։
Ես։ -Բայց մէկը միւսին չի՛ բացառում։
Արման։ - Դուք բացառեցիք։
Ես։ - Ապեր, ի՞նչ անենք հիմա։
Արման։ - Կարո՞ղ ես գետին հակառակ լողալ։
Ես։ - Իսկ մինչեւ հիմա հակառակ չե՞նք լողացել։
Արման։ - Չէ, միայն թուացել է։
Ես։ - Բա հիմա՞։
Արման։ - Աւելի վատ..., - զգում եմ սառը, անտարբեր ու միաժամանակ սրտացաւ հայեացքը, - բայց դու դարդ մի անի, ժամանակաւոր է։
Ես։ - Ի՞նչը։
Արման։ - Դու լսի՛, յաղթանակի հակառակ կողմը պարտութիւնն է, պարտութեան հակառակ կողմը՝ յաղթանակը, դու մտածի, որ հակառակ կողմի ժամանակ դուրս չմնաք։
Ես։ - Ի՞նչ ժամանակ կամ ո՞րտեղից դուրս չմնանք։
Արման։ - Աշխարհը ձեզնով չի սկսուել ու ձեզնով չի՛ պրծնելու։ Ժամանակը գնում է, գնացէք՝ դուրս չմնաք ժամանակից, - ու սկսում է հազալ։
Ես։ - Հազում ես, ոնց որ հիւանդ ես։
Արման։ - Հա՛, բայց ոչինչ՝ կ՚անցնի, վառոդը դեռ թոքերիս մէջ է, հերն անիծած վալնան ամէն ինչ խառնեց, բայց դու մի մտածի, ձերն աւելի դժուար է։
Ես։ - Ապեր, լաւ բա ո՞ւր գնանք։
Արման։ - Ապրողներդ շատ պրիմիտիվ էք, ամենալուրջ բաները հասկացէ՛ք ակնարկներից, - յետոյ նայեց, ժպտաց։ Այն նոյն ժպիտով, ինչ ուղիղ 17 տարի առաջ Փետրուարի 23-ին էր,- հը, դիմանո՞ւմ ես։
Ես։ - Չէ, ձեւ եմ տալիս։
Արման։ - Ոչի՛նչ, Նալպանդեան կարդայ։
Ես։ - Հենա գիտե՞ս երբուանից եմ կարդացել։
Արման։ - Ասում եմ դու ես ընտրել, հաշտուիր ընտրութեանդ հետ։
Ես։ - Էլ հնարաւո՛ր չի։
Արման։ - Կը սովորես, հեշտ չի՛ լինելու։ Ապրողաց բարեւներ...
Ես։ - Ուր....
Յետոյ մենութիւն, խաւար, ու մտքերի փոթորիկ...»
Շատ ճիշժ է ակնարկում Արմանը երկնքից. մեր մշտնջենական սխալն է՝ լաւ ապրելու մոլուցքը, մինչդեռ մենք որպէս ազգ պարտաւոր ենք ճիշդ ապրել, այլ ոչ թէ՝ լաւ։ Որպէսզի մենք լաւ ապրենք, մենք հայրենիք պիտի ունենանք, ուրեմն պիտի ապրի առաջին հերթին մեր հայրենիքը։ Եռաբլուրի տղաները դա լաւ էին հասկանում...։