ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ
Գրեցի Արմանի անունը եւ արժանապատուութիւնս իր տեղն ընկաւ, իսկական կեանքի շունչ փչեց իմ մէջ եւ ես հասկացայ, որ մենք այս ծնկած վիճակից, որ յայտնուեցինք շնորհիւ ջախջախիչ պարտութեան, կարող ենք ուղղել մեր մէջքը միայն շնորհիւ երկնքում սաւառնող արծիւների, որոնցից մէկը Արմանն է։
Արման Պօղոսեանը ծնուել է 1992 թ. Յունուարի 9-ին ք. Սեւանում։ Վազգէն Սարգսեանի անուան Ռազմական ինստիտուտի շրջանաւարտ էր, մասնագիտութեամբ՝ հրետանաւոր։
2016 թուականի քառօրեայ ապրիլեան պատերազմին մասնակցեց, հրետանային հուժկու հարուածներով լռեցնելով հակառակորդի կրակային կէտերը։
2017-ին Արման Պօղոսեանը նշանակուեց ԱՄ120մմ ԱԴ հրամ.-մարտկոցի աւագ սպայ։
2018 -ին նշանակուեց Դ-1 հրետանային դիվիզիոնի 1-ին մարտկոցի հրամանատար։ 2019-ին նրան շնորհուեց հերթական զինուորական կոչումը՝ կապիտան։
2020 թուականի Սեպտեմբերի 19-ին կապիտան Արման Պօղոսեանը գտնւում էր արձակուրդում։ Սակայն Սեպտեմբերի 25-ին վերադարձաւ Արցախ։ Ս եպտեմբերի 27-ին՝ առաւօտեան 07։15-ին ի պատասխան թշնամու սանձազերծած լայնածաւալ մարտական գործողութիւններին կապիտան Արման Պօղոսեանի մարտկոցը սկսեց թշնամուն լռեցնելու գործողութիւն։
Ըստ մարտական գործողութիւնների մասնակից այլ հրամանատարների Արման Պօղոսեանի հրետանային մարտկոցն ամենաարդիւնաւէտ կրակ վարող ստորաբաժանումն էր, ինչի պատճառով այն թիրախաւորուեց հակառակորդի կողմից։ Արման Պօղոսեանը՝ հասկանալով, որ թիրախում ինքն է, իրեն ենթակայ զօրքին հրամայեց թաքնուել թաքստոցում։ Ժամը 14։15-ի հատուածում Հրետանային մարտկոցի հրամանատար, կապիտան Արման Լեռնիկի Պօղոսեանը զոհուեց։
Արմանն ամուսնացած էր, ունի երկու մանկահասակ որդի. մէկը երեք ու կէս տարեկան, միւսը՝ 8 ամսեկան։
Դեկտեմբերի 31-ին Եռաբլուրում մենք նրա եղբօր եւ ընկերների հետ ծաղիկներ էինք տեղադրում նրա գերեզմանին։ Չէինք կարող զսպել արցունքները, միայն եղբայրը՝ Արա Պօղոսեանը չէր արտասւում։ Պատերազմի երկրորդ օրը՝ Սեպտեմբերի 28-ին նա էլ մեկնեց կռուի դաշտ՝ իր բաժին կռիւը տալու, եւ ճանապարհին իմացաւ եղբօր մասին. «Շուրջ 40 օր ամբողջ երկրով ու Արցախով եղբօրս դին էի փնտռում... Այն, ինչ տեսել եմ դիահերձարաններում, Գորիսի դիահերձարանի մօտ կանգնած Spayka ֆուռերի մէջ, այն, ինչ տեսել եմ Արցախում, մինչեւ հիմա, երազներումս տղերքի մասնատուած մարմիններն են, կիսուած գլուխները, ուռած դէմքերը... Սրա հետ ես չեմ կարող ապրել, եթէ մեղաւորները չկանգնեն պատասխանատուութեան եւ արդար հատուցման առաջ...»։ Այսքանից յետոյ Արայի մօտ արդէն ոչ մի արցունք չէր մնացել։ Իմ խորհին երախտագիտութիւնս Արա Պօղոսեանին, որ նրա շնորհիւ մեզ հասու եղան կապիտան Արման Պօղոսեանի նոթատետրի գրառումները, եւ մեր առջեւ յայտնուեց արժանապատիւ զինուորը, պատասխանատու հոգատար հրամանատարը, որն իր օրինակով էր առաջնորդում, իր զոհողութիւններով պատսպարում եւ վերջապէս սեփական կեանքով պաշտպանում։ Գրառումների մէջ տեղ են գտել զինուորին բնորոշ ապրած վախերն ու վախերի յաղթահարումը, դիմացկունութեան պատճառներն ու հողի արժէքը, որի համար բարձրագոյն գինը կեանքն է։
Ահա օրագրից ընդամէնը մի հատուած, որ գրուել է 2016-ի քառօրեայ պատերազմի օրերին.
«Վերջապէս խաւարն իր տիրապետութիւնը հաստատեց, եւ մեր ու մեր թշնամիների միջեւ շուրջօրեայ հրանօթների փոխադարձ տեղատարափը կարծես սկսեց մարել՝ առաւօտեան շարունակուելու վստահ որոշմամբ։
3-օրեայ անքուն կռիւը հիւծել է ամէնքիս, դժուար է անգամ քայլելը, բայց ես զինուոր չեմ, ես պարտաւոր եմ միշտ լինել օրինակ, թաքցնել սեփական թուլութիւններս, որպէսզի իմ զինուորն էլ իր մէջ սպանի վախը։
-Վախը։
-Այդ գրողի տարած վախը քեզ արդէն մի քանի անգամ սպանում է, մինչեւ հրթիռը կամ թշնամու գնդակը կը համբուրի քեզ։ Հա՛, հա՛, կը համբուրի, կը համբուրի նախ խիզախներին, իսկ յետոյ՝ վախկոտներին։ Գնդակը, այդ գրողի տարած գնդակը նման է լիրբ կնոջ՝ միշտ համբուրում է լաւագոյններին, իսկ յետոյ՝ երբ դառնում է անպիտան, փնտռում է անպէտքներին...
Համեմատաբար հանգստութեան պայմաններում, որոշում եմ գէթ մի քանի վայրկեան գլուխս դնել բարձին...Բա՜րձ...ի՜նչ բարձ, ժայռի ծերպին...
-Հողը, այս ծանր հոտով ու փխրուն հողը... Հէ՜յ, քանի՜ քանի անգին արիւն է լուացել այս հողը, սրբել, սրբացրել, ու դեռ քանի՜ քանի անգին արիւն է հոսելու այս հողի միջով, դէպի խորքերը Երկրի...Գուցէ վաղն իմ սեփական արիւնն էլ...
-Հողը, հողի բոյրն առնելով կարծես բացւում են իմ առաջ երկրի դռները, ամոքւում են վէրքերս, նեարդերս, նահանջում է քունս, որ քրոնիկ անքնութիւնից դարձել էր գերյոգնածութեան համախտանիշ։
-Դիրքերս, դիրքեր, որ երկրի սրտից այսքան հեռու, բայց հէնց այս դիրքում է զարկում սիրտը երկրիս...հէնց այս դիրքում է ապագան ժողովրդիս...
Առաւօտը սկսւում է մշուշի մէջ՝ ինչքան թանձր է մշուշը, նոյնքան մեծ են սարսափները։
Դա բնական է՝ մարդը աւելի շատ սարսափում է անյայտութիւնից. ահա՝ մենք էլ չգիտենք, թէ ինչ է սպասւում մեզ մշուշի մէջ։ Չնայած բնական սարսափին, հրամանատարն իրաւունք չունի վախի չնչին նշոյլ իսկ թոյլ տալու։ Հոգուդ մէջ գուցէ սարսափես՝ բնական է, մարդ ես, եւ ո՛չ անշունչ ու անհոգի առարկայ, սակայն քո զինուորը պէտք է քո մէջ տեսնի իր ապաւէնը, իր յենարանը, իր փրկչին, ինչպէս փոքրիկ երախան է վախի պահին դէպի իր ծնողը վազում։
Լռութիւնն աւելի է մեծացնում սարսափը։ Այդ անորոշ սարսափը տեւում է մինչեւ առաջին կրակոցներն ու մարտի սկիզբը։ Մարտն սկսուելուն պէս մոռանում ես աշխարհում ամէն ինչ եւ ադրենալինը սկսում է պտտուել մարմնիդ ամէն բջիջով։ Էլ չկայ ո՛չ վախ, ո՛չ ցուրտ, ո՛չ սով...
Այս ամէնի մէջ միակ միտքս զինուորներս են, այն ազնիւ հոգիները, որ ամէն ինչ թողած լցուած են հայրենասիրութեան ամենամաքուր զգացումներով։ Ժամանակն ու գրողի տարած շահը դեռ չի՛ հասցրել լափել այս ազնիւ հոգիների սրտում բոյն դրած պարզ ու ջինջ հայրենասիրութիւնը։ Հրամանատարը պարտաւոր է հասկանալ նրանց արժէքը եւ պաշտպանել այս ազնիւ հոգիների կեանքը, թէկուզ սեփական կեանքի գնով, որովհետեւ սրանք են Հայրենիքի ապագան ու ցեղի սիրտը...»։
(Շարունակելի)