Քաղաքացիական պատերազմ Հայաստանում չի լինի, որովհետեւ այն վաղուց արդէն ընթանում է։ Այստեղ, համացանցում, ուր բոլորը բոլորի դէմ են, այնպէս են խոցում իրար, այնպէս վիրաւորում, որ արտաքին թշնամու կարիք բնաւ չկայ։ Այս քաղաքացիական պատերազմը բաժանել, պառակտել է հայաստանցիներին, դարձրել ատելութեամբ զինուած մարտնչող զինուորներ։ Յունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրութիւնները էլ աւելի պառակտեցին հասարակութիւնը, որովհետեւ խմբագրեցին յարաբերութիւնները՝ ընկերոջ իմաստով. ասա ու՞մ ես ընտրում, եւ ես կասեմ ընկե՛ր ես ինձ թէ ո՛չ։
Թեւաւոր խօսքեր էին թեւածում.
«Կամ դուք պիտի ընտրէք այսինչին կամ դուք հա՛յ չէք»։
Ամենաանհադուրժողները բեւեռականներն էին («Ազգային֊ժողովրդավարական բեւեռ» կուսակցութիւն), որոնց կարգախօսն էր «Ոչ նախկին, ոչ ներկայ՝ ազգային ապագայ»։ Նրանք պայքարում են ՌԴ-ան դէմ որպէս դաշնակցի եւ սպառնում են. «Կամ դուք պիտի հրաժարուէ՛ք ռուսի հետ դաշնակից լինելուց եւ սեղմէ՛ք ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի մեկնած ձեռքը, կամ պիտի լքէ՛ք Հայաստանը»։
Ժամանակին այդ քաղաքական ուժը հանդէս էր գալիս որպէս Նախախորհրդարան, իսկ 2016-ին գրաուեց ՊՊԾ (Պարեկա-պահակային ծառայութիւն) գունդը որպէս ռեժիմի դէմ պայքարի ձեւ...
Ուզում եմ ընդամէնը մի երկու տող ասել այսպէս կոչուած Բեւեռի մասին։ Տարիներ առաջ, քայլելով Մռաւեան փողոցով, այժմ Ալեք Մանուկեան փողոց, հասայ հանրային Ռադիոյի Տուն եւ մի ծանօթիս տեսայ։ Նա ինձ հրաւիրեց նախախորհրդարանի գրասենեակ։ Վարուժան Աւետիսեանն էր այնտեղ նստած։ Այդ ժամանակ ես նկատեցի եւ յետոյ դա նկատեցի նաեւ միւս անդամների մօտ, որ նրանք՝ Գարեգին Չուքասզեանը, Վարուժանը, Խզմալեանը, Սեֆիլեանը... նրանք չեն նայում մարդու աչքերի մէջ, նրանք փախցնում են հայեացքը։ Սա անկեղծութեան բացակայութեան նշան է։ Ծախուած են, նրանց յանձնարարուած է ծախել երկիրը ինչ-ինչ մեթոտներով։ Չգիտեմ, նայու՞մ են նրանք արդեօք իրենց զաւակների աչքերին։ Եթէ նայում են, ի՞նչ են ասում, օրինակ. «Երեխաներ, որ մեծանա՛ք, լեշի պէս պարկէք գետնին եւ մի ուժեղ դաշնակից գտէք, որ ձեր երկիրը պաշտպանի»։
Դեռ կան մարդիկ, որոնք հարցնում են Ժեխը ո՞րն ա։ Պատասխանում եմ. բոլորս 3 տարի առաջ ժեխի պէս մտանք էյֆորիայի մէջ, բայց միայն իրական ժեխը այդ էյֆորիայից դուրս չեկաւ։ Այս երեք տարին եկան ու նրա կողքով անցան անվնաս։
Կարծեմ 124 մտաւորականներ օրեր առաջ հանդէս էին եկել ՀՀ-ան երկրորդ նախագահին սատարելու կոչով։ Հիմա ինչ է կատարւում, գիտէ՞ք։ Որոշները հատ-հատ քչփորում են, ովքեր են դրանք, հայ ազգի ինչ թշնամիներ են։ Այս ի՞նչ է կատարւում մեր հասարակութեան հետ։ Այլ կարծիքը դարձել է դաւաճանութիւն, այլ կարծիք ունեցողը դառնում է անհանդուրժողականութեան, ատելութեան թիրախ։
Մաշտոց պողոտայի վրայ օփերայի եւ ֆիլհարմոնիայի մեծ դահլիճի դիմաց մի քաֆէ կայ, որտեղ երեկոները կարելի է տեսնել գրողներին ու արուեստագէտներին։ Գրող Գուրգեն Խանջեանն ասում է.
-Օփերայի մօտի սրճարանում իրար կողքի չեն նստում նախկին ընկերները... Աստուած ոչ անի, եթէ իրար հետ նստեն, կռիւ է սկսւում, այդ պատճառով բաժանուել են...
Նոյնիսկ ընտանիքի անդամները պառակտուած են։ Եղբայրը եղբօր հետ թշնամիներ են դարձել։
Եթէ մենք այս ամէն ինչից չենք խելագառւում, ուրեմն արդէն խելագառուել ենք։
Պատճառը նրանում է, որ այսօր մեր կեանքը համատարած քաղաքականութիւն է դարձել։ Տեղից ելածը վերլուծութիւններ է անում, չլինելով քաղաքագէտ։ Ունենք անշուշտ շատ հետաքրքիր վերլուծաբաններ, որ ուղեղի հաճոյք ես ստանում՝ նրանց լսելիս, բայց, ինչպէս ասում են կենսաբանները, ուղեղը նրա համար չէ, որ մտածի, մտածելու համար ջանք պիտի գործադրես, ինչպէս ֆիզիկական վարժութիւնների ժամանակ, եւ այն, ինչ ստեղծուել է 50.000 տարուայ մէջ, դա ընդամէնը 100 միլիառ ուղեղը աշխատեցնող homo sapiens - ի շնորհիւ է ստեղծուել։ Ահա թէ ինչ է ասում քաղաքագէտ Ստեփան Դանիելեանը.
-Ուշացած է, բայց այնուամենայնիւ լուրջ քաղաքական-հետազօտական կեդրոն ստեղծելու ժամանակն է, թինգ-թանգով, հրապարակումներով ու դրա վրայ ֆինանսներ չպէտք է խնայուեն։
Լուրջ ազգերը առաջին հերթին միտքն են ֆինանսաւորում, բայց դա մեզ չի վերաբրում։ Պէտք է քաղաքական դպրոց ստեղծել, առանց կուսակցական ուղղուծութեան, որտեղ կադրեր պէտք է կրթուէն, որ պետութիւնն ամէն մի քայլողի ձեռքին խաղալիք ու փորձադաշտ չդառնայ։
Քաղաքականութեանը վերադառնալուն եւ յայտ ներկայացնելուն պէս, երկրորդ նախագահ Քոչարեանի հետ զրուցեց ՌԴ-ն ամենայենակաւոր հեռուստալրագրող Վլատիմիր Պոզները. «Ինչու՞ են հայաստանցիները արտագաղթում»,-հարցնում է նա եւ Քոչարեանը պատասխանում է, որ հային աւելի դիւրին է իր ինքնութիւնը զգալ պատրաստի ենթակառուցուածք ունեցող համայնքներում, որտեղ նա պահպանում է իր ազգային աւանդոյթները, քան բուն Հայաստանում, որտեղ պետականութիւնը դեռ չունի աւանդոյթներ։ Այստեղ պիտի յիշատակեմ Հրանդ Տինքի միտքն առ այն, որ «եթէ ազգ ես, կարող ես սրտով ապրել, բայց եթէ պետութիւն ես, պիտի խելքով ապրես»։