...Ու կանգնած ենք ահա ապագայի հանդէպ
Զարմանալի՜ թեթեւ, զարմանալի՜ անդէմ՝
Մերկութեան պէս տկլոր ու անանցեալ...
Եղիշէ Չարենց
Ինչպէ՞ս որ 100 տարի, նոյնիսկ դարեր առաջ մեր մեծերը խորհել եւ արտայայտուել են հայի բախտի մասին այնպէս, կարծես, դա այսօրուայ մասին է։ Որովհետեւ աշխարհագրականօրէն Հայաստան աշխարհը միշտ հանդէս է եկել գերտերութիւնների բախման թատերաբեմ եւ միշտ լինել-չլինելու խնդրի առաջ է կանգնել։ Լսենք ուրեմն մեր մեծերին.
Սկսենք Յովհաննէս Թումանեանից (1869-1923), նրա նամակից՝ Աւետիք Իսահակեանին
«Կարճ ասեմ. մենք թէ՛ դրսից, եւ թէ՛ ներսից քանդեցինք մեր երկիրը։ Գլխաւորապէս մենք։ Մենք եմ ասում, եւ սրա մէջն է ճշմարտութիւնը։
Մի մասը խաչագող սրիկաներ, մի մասը գողեր ու աւազակներ, մի մասը ապիկար թշուառականներ, եւ չերեւաց մի բազմութիււն, գոնէ մի խմբակ, որ վերածնուող երկրի շունչը ու բարոյական կարողութիւնը յայտնաբերէր։ Էսքան աղէտների ու պարտութիւնների մէջ ո՛չ մի մեղաւոր չերեւաց, ո՛չ ոք ոչ պատասխանի կանչուեց, ոչ պատասխան տուեց։ Եւ շարունակւում է. այժմ էլ նոյն մարդիկը, նոյն ճանապարհներով…
Եւ ոչ մէկը գոնէ անձնասպան չեղաւ, որ ապացուցանէր, թէ գոնէ ամօթ ու խղճմտանք կայ էս մարդկանց մէջ կամ էս ժողովրդի մէջ։ Բայց ես ինչ եմ ասում-չկարողացան գոնէ վշտանալ կամ վշտացած երեւալ։
Յովհանէս Թումանեան, 19.12-1921, Կ. Պոլիս-Վենետիկ
1919 թուականին Համօ Օհանջանեանին հասցէագրուած Աւետիք Իսահակեանի(1875-1957) նամակում կարդում ենք. «Ձեզ մատաղ, ամէն բան արէք Ղարաբաղը, Լոռին չկորցնէք։ Սեբաստիա, Կեսարիա հայերիս սրտին բան չեն ասի, իսկ Ղարաբաղ, Սիւնիք, Դաւիթ Բեկ… Անկարելի է, եւ, վերջապէս, ղարաբաղցուն չի կարելի ընկճել։ Մելիքների որդիները նորէն ռուսներին կը բերեն, թուրքերը չեն կարող նրանց տէր լինել… Երբեք»։
Աւետիք Իսահակեանը 1920 թուականի Մարտի 14-ին գրականագէտ, հրապարակախօս Սիմոն Յակոբեանին ուղղուած նամակում գրում է .«Ուրեմն՝ նորից Զանգեզուրի շուրջ պատերազմ։ Անգլիան ուզում է անպայման ունենալ Ջուղայի բերանը։ Հնար չկայ, կորած է թէ՛ Ղարաբաղը, թէ՛ Զանգեզուրը եւ թէ՛ Նախիջեւանը։
Դուք հաւատու՞մ էք Թուրքահայաստանի ազատութեանը, ես դրան չեմ հաւատում, հրաշք պիտի լինի, եթէ ազատուի։ Իտալիան անվերջ զինում է Մուստաֆա Քեմալին, Ֆրանսիան գիտենք ինչ է… Անգլիան էլ միւս կողմից Ատրպէյճանին է զինում, խաբում են մեզ։ Բոլշեւիկներից էլ յոյս չկայ, նրանք էլ պանթուրքիստ են դարձել, շատ մռայլ եմ տեսնում գործերը…»։
Մէկ այլ տեղ գրում է. «…Մեզ մնում է ռուսը… վերջ ի վերջոյ ռուս եւ թուրք բախուելու են իրար, Անատոլիան գրաւուելու է ռուսների կողմից ուշ կամ կանուխ… ֆրանկօ – անգլիական նպատակն է մուսուլմաններին կանգնեցնել ռուսների դէմ, ինչպէս եւ ռուսների նպատակն է, բայց էութեան մէջ թուրքը Եւրոպային համակիր է… Անգլիան եւ Ֆրանսիան հնարքներ են մտածում թուրքին հասցնել մինչեւ Պաքու։ Ռուսը նրանց համար հազար անգամ վտանգաւոր է, քան իսլամը … Տեսնո՞ւմ ես, թէ ի՞նչ է խորհում Եւրոպան. թուրքերով պատնէշ ստեղծել ռուսի դէմ։ Եւ եթէ մեր ղեկավարները հասկանային այս՝ Ղարսը կորցրած չէին լինի եւ 6000 հայ հողի տակ դրած…»։
Ահա գեղանկարիչ Յակոբ Յակոբեանի, (1923, Ալեքսանդրիա - 2013, Երեւան) հետաքրքիր մտքերը.
«Ինչպէս մարդու տեսակ մը կայ՝ հիւանդ մարդու (անունը չգիտեմ, պիտի հոգեբանի մը հարցնեմ), այնպէս էլ ժողովուրդ մը. ուրեմն մարդ կայ, որ իր ձախորդութեան համար չի ուզում որեւէ բան անել՝ դուրս գալու իր ձախողուած վիճակէն, այլ դրա համար մեղադրում է մէկ ուրիշի։ Բայց երբ ասում ես՝ բայց քու պատասխանատուութիւնդ ի՞նչ է, դուն ինչո՞վ պատասխանատու ես, ասում է՝ յանցաւորը ուրիշն է՝ գոնէ ես կրնամ հայհոյել այդ մարդուն ու հանգստանալ։ Էս հոգեբանութիւնը տարածուեցաւ ամբողջ ժողովուրդին վրայ՝ մէկ հոգիի կամ մի փոքր խումբի հետ կապել ամբողջ ձախորդութիւնը։ Դա արդէն ցոյց է տալիս այն արատաւոր հոգեբանութիւնը, որ նստել է մարդոց մէջ, եւ դա պարզ մարդը չէ փողոցի, մտաւորական մարդն է նաեւ։ Եւ ուրեմն ես ոչ մէկ յոյս ունիմ այդ մարդուն վրայ, որ որեւէ բան կրնայ ընել այս երկրին համար։ Մարդու տեսակ մը կայ, որ եթէ իրեն համաձայն չես, ուրեմն իրեն թշնամի ես, եւ չի ուզում քննարկել քեզի հետ որեւէ բան…Ստրուկներով անկախ պետութիւն չի ստեղծուիր։ Ես իբրեւ մի հայ մարդ, որ ապրում է այս ժամանակը, վերլուծութիւններ եմ անում մարդկային իմ յարաբերութիւններիցս ելնելով, իմ անհատական փորձառութեամբ»։
Երգիծաբան Լեռ Կամսար (1888, Վան-1965, Երեւան).
«Երկու կործանարար «էներգիա» կայ աշխարհում. մէկը ատոմային ռումբը, միւսը հայկական կուսակցութիւնների միջեւ եղած ատելութիւնը։ Առաջինը Ճապոնիայում քաղաք կործանեց, երկրորդը հայութեանը բնաջնջեց»։
Քաղաքական գործիչ, գրող Աւետիս Ահարոնեան (1866, Իգդիր -1941, Մարսել).
«Ազատութիւնը մեր հայրենիքի դուռը թակեց, բայց մենք հայ չէինք, այլ թուրքահայ, ռուսահայ, պարսկահայ, ամերիկահայ, ֆրանսահայ, նաեւ մշեցի, վանեցի, ղարաբաղցի, երեւանցի, կարնեցի եւ նրան՝ մեր փրկչին չհասկացանք... եւ ազատութիւնը մեր դրանը լացեց, մղկտաց ու հեռացաւ...»։
Իսկ ահա Հրանդ Մաթեւոսեանի (1935, Ահնիձոր- 2002, Երեւան) «Ծառերը» վիպակից.
«Էս աշխարհը մարդակերի աշխարհ է, զաւա՛կս, չափազանց բարի լինել՝ կը նշանակի յանձնուել։
Չպիտի յանձնուես, զաւակս, ծաղիկը, որ ծաղիկ է, խոտը, որ խոտ է էլի պաշտպանութիւն ունի, դառնութիւն ունի, փուշ ունի։
Էս կեանքում ոչ մէկը ոչ մէկի լաւ ապրելը չի ուզում, հա՛, էտ սուտ է, էտ հեքիաթ է, որ ասում են՝ բարեգործ ենք, օգնում ենք, տալիս ենք... Չէ մի չէ, էտ անում են, որ դու միշտ կարիքի մէջ լինես, որ իրենց ենթակայութեան տակ մնաս...։
Քոնն ուրիշին չտա՛ս։ Ինչքան տուեցիր՝ տանելու են, ինչքան տարան՝ խփելու են, ինչքան խփեցին՝ ուժեղանալու են, ուժեղացան՝ քամահրելու են...»
***
Անշուշտ այս մէջբերումները կարելի է անվերջ շարունակել, ուրեմն դիմենք վերջում Վարդգէս Պետրոսեանի (1932, Աշտարակ -1994, Երեւան) «Այդ քաղցր պատիժը՝ սեփական պետութիւնը»էսսեից եւ բազմակէտ դնենք.
«եթէ ամբողջ աշխարհն էլ մեզ օգնութեան ձեռք մեկնի, եւ սփիւռքը, որ արդէն երեւի յոգնել է մեր անսկիզբ-անվերջ դրամահաւաքութիւնից, իր ողջ վաստակը հայրենիք ուղարկի, մենք, մէկ է, չենք կարող ապրել։ Մենք մեր սեփական ուժերով է, որ ի զօրու պիտի լինենք բարձրացնելու մեր պետութիւնը, մենք է, որ պիտի ծնենք ու փայփայենք գործարար մարդկանց, մենք է, որ պիտի շարունակենք շենացնել կիսակառոյց մեր երկիրը (եւ յիշենք արեւմտահայ գրողի դառը խոստովանութիւնը. «Կարելի չէ՝ ոչ սուրով, ոչ հուրով սպանել զինքը (հային), զինք մեռցնելու միակ միջոցը իրեն նպաստ տալն է...»։ Չփոխուենք մեծապատիւ մուրացկանների։
Եթէ մեր պետութիւնը վէրքեր ունի (իսկ ունի) եւ այդ վէրքերից արիւն է ծորում, մենք նման պիտի լինենք այն վիրաբոյժին, որ երբ ուրիշ բժիշկ չկայ, ստիպուած է ինքն իրեն վիրահատել։ Ընդ որում՝ առանց ցաւազրկելու։ Մենք թմրելու իրաւունք չունենք։
Չճկուենք։ Դիմանանք»։
Ապրիլի 15-ին այս էսսեն տպագրուեց «Երկիր Նաիրի» թերթում, իսկ ժամեր անց գրողը սպանուեց դաւադիր գնդակից իր տան շքամուտքում։