Մայիսի 28-ն էր. մեր ամենացնծալի տօնական օրերից մէկը՝ Հայաստանի առաջին հանրապետութեան 103-րդ տարեդարձը, որը հնարաւոր եղաւ շնորհիւ Սարդարապատի հերոսամարտի։ Վանաձորի Արցախի պուրակում պատահական հանդիպեցի Կոմիտասի անուան արուեստի դպրոցի տնօրէն Վարդան Դոլմաջեանին։ Նա շատ ուրախացաւ՝ ասելով, որ եթէ զբաղուած չեմ, ապա ինձ սպասում է մեծ անակնկալ, եւ մենք շտապեցինք արուեստի դպրոց։ Դպրոցի պատերին Կոմիտասն էր, մեր երաժշտական հանճարը, հայ ազգի ինքնութեան ամենախրոխտ դրսեւորումներից մէկը եւ իր տեսակի մէջ միակը։ Նրա հայեացքը հայոց իմացութեան ջահն է... նոյնիսկ եթէ կանգ չառնես Կոմիտասի պատկերների առաջ, այլ շտապելով անցնես դասարան, միեւնոյնն է՝ քո երակների մէջ կը ներարկուի ազգային արժանապատուութեան, ազգային երաժշտութեան նուիրումի պատրաստակամութիւնը։ Դահլիճի դրան մօտ երջանիկ լայն ժպիտով մի տղամարդ երեւաց մեծ ծաղկեփունջը ձեռքին։ Հետզհետէ դահլիճը լեցուեց հանդիսականներով, որոնց դէմքին շուտով վառուեց նոյն երջանիկ լայն ժպիտը, ինչ ծաղկեփունջը ձեռքին տղամարդու մօտ. Կարէն Ղուկասեանն էր, իսկ դպրոցի տնօրէնի խոստացած անակնկալը՝ դա Ղուկասեանի որդու՝ 13 տարեկան Արամէ Ղուկասեանի մենահամերգն էր։ Արամէն մտաւ բեմ՝ երգը շուրթերին. «Կանչէ կռունկ»ն էր։ Դժուար երգ է, բայց Արամէն մէկը միւսի հետեւից երգեց Կոմիտասի «Կանչէ կռունկ», «Չինար ես», «Հայաստան», «Անց կացան» չորս երգերը, որոնցից «Հայաստան»ը բաւականի ծաւալուն երգ է, բայց Արամէի կատարման մէջ բոլորովին չէր զգացւում որեւէ դժուարութիւն. նա կատարում էր երգերը իրեն յատուկ ոճով, որը նման չէր ոչ մի յայտնի երգչի ոճին, այնպէս որ Արամէի մասին չէր կարելի ասել, որ նա երկրորդ այսինչն է, նա առաջինն էր իր տեսակի մէջ։ Արամէն երգեց եւս 6 երգ. Ռ. Մելիքեանի «Վարդը», Պերգոլեզիի «Կանցոնետտա»ն, Ալ. Հեքիմեանի «Կենաց երգը», ժողովրդական երգ «Հորովել» (Թ. Ալթունեանի մշակում), ժողովրդական ռազմական (ռազմակոչ) սիրերգ «Դրդօ», եւ վերջապէս Արտ Գրիգորեանի «Կեանք ու կռիւ»ը։ Երգեց գրեթէ անդադար։ Չէր յոգնում։ Ձայնը չէր լարում։ Եթէ պէտք է անպայման նմանեցնել ինչ-որ մէկին, ապա նա յիշեցրեց ինձ փոքրիկ Կոմիտասին։ Կոմիտասը նոյնպէս երգում էր ոչ թէ իր ձայնը, ձայնի քաղցրութիւնը ցուցադրելու համար, այլ՝ երգը, զուտ երգը երգելու համար։ Այս ի՜նչ յաջողութիւն էր՝ յայտնագործել Արամէ երգչին այս տօն օրով։ Նրա աւարտական համերգն էր։ Ի՞նչ է սպասում տղային դպրոցից յետոյ։ Արամէին մաղթում են մեծ բեմեր, իսկ անցեալում նրա ելոյթները մրցոյթ-փառատօներում գնահատուել են շքամեդալներով եւ պատուոգրերով։ 2021-ի Ապրիլի 23-ին Արամէ Ղուկասեանը «Հայաստանի լաւագոյն ձայները» հանրապետական մրցոյթ-փառատօնում արժանացաւ առաջնութեան մրցանակին։ Արուեստի դպրոցում նրա երգեցողութեան ուսուցչուհին էր Արմենուհի Ներկարարեանը, իսկ նուագակցողուհին՝ Մարգարիտա Ջիլաւեանը։ Արամէն 2019-ին արուեստի դպրոցին զուգահեռ ընդունուեց նաեւ Սպիտակի Ջիվանու անուան աշուղական դպրոց, որը մինչ այժմ շարունակում է որպէս աշուղ Սահանուշի սան։
Արամէն ունի բեմական կեցուածք եւ Աստծոյ շնորհքի գիտակցում, այսինքն նա պատրաստ է զոհողութիւնների յանուն իր արուեստի։ Կան երգիչներ, որոնք հանդէս են գալիս որպէս հայոց ինքնութեան ազդարար։ Արամէն այդ հազուադէպ երգիչներից է։