ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ
Մէկ ամիս առաջ ՀՀ Գիտութեան Ազգային ակադէմիայի կլոր դահլիճում տեղի ունեցաւ «Հայոց ցեղասպանութիւն. Թուրքիայի պատասխանատւութիւնը երեկ եւ այսօր» գիտաժողովը։ Երկու նախորդ թիւերի մէջ անդրադարձանք այդ բանախօսութեան եւ այժմ պիտի շարունակենք եւ աւարտենք մեր անդրադարձը թուրքագէտների ելոյթներին, քանզի մարդկութեան դէմ իրագործած յանցանքը թէեւ ճանաչւուել է բազմաթիւ երկրների կողմից, այնուամենայնիւ չի յանգեցրել Հայաստանի անվտանգութեանը, եւ այսօր Հայաստանի Հանրապետութիւնը կրկին կանգնած է ցեղասպանութեան վտանգի առջեւ, ինչպէս եւ 106 տարի առաջ։
Յիշեցնեմ, որ գիտաժողովը տեղի ունեցաւ Ապրիլի 23-ին։ Մէկը միւսի յետեւից հետաքրքրական ելոյթներ եղան։ Թուրքագէտ Քրիստինէ Մելքոնեանը անդրադարձաւ հայ դատի քարոզչութեան հետաքրքիր ձեւերի մասին. շեշտը չէր դրւում հայոց ցեղասպանութեան վրայ, սկսած 1945, եւ յատկապէս 1965-ից փորձ էր արւում համաշխարհային հանրութեանը մամուլում ծանօթացնել հայոց պատմութեան հետ նշելով, որ Հայաստանի պատմական հայրենիքը դա հայկական լեռնաշխարհն է, բացի այդ կազմակերպում էին ցուցահանդէսներ եւ հրատարակում գրքեր, որտեղ օտար հեղինակներն էին պատմում հայերի կոտորածների մասին։ Քարոզչութեան արդիւնքում արտասահմանի տարբեր խոշոր քաղաքներում սկսեցին տեղադրել հայոց ցեղասպանութեան յուշարձաններ, եւ 1974-1975 թթ.-ին Թուրքիայի մէճլիսում դրա շուրջ քննարկում եղաւ ու արձանագրեցին, որ դա ցեղասպանութեան ճանաչման ոչ պաշտօնական առաջին քայլն է...։
Ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտի տնօրէն, պատմագիտութեան դոկտոր Յարութիւն Մարութեանը կապեց ցեղասպանութեան ճանաչման հարցը անվտանգութեան խնդրի հետ եւ ակնարկեց, որ հայերը միջազգային հարթակում հետաքրքրութիւն են առաջացնում ոչ թէ իրենց մշակոյթով, այլ հիմնականում հայոց ցեղասպանութեան գործօնի եւ ղարաբաղեան հիմնախնդրի առկայութեամբ։ Նաեւ նշեց, որ 30 տարուայ մէջ չունեցանք գիտական հետազօտութիւն, թէ ինչ կու տայ սահմանների բացումը Հայաստանին, ինչպէս նաեւ պէտք էր ստեղծել պայմանականօրէն ասած Թուրքիայի, Ատրպէյճանի հետազօտութեան ինստիտուտ, նոյնը Վրաստանի եւ Իրանի հետ կապուած։
Գիտութիւնների Ակադէմիայի պատմութեան իստիտուտի փոխտնօրէն փրոֆէսոր Կարէն Խաչատրեանի կարծիքով այսօր վտանգաւոր է խօսել ցեղասպանութեան միջազգային ճանաչման մասին, որովհետեւ հայոց ցեղասպանութիւնը միջազգայնօրէն ճանաչուած եւ դատապարտուած իրողութիւն է եւ դա արդէն պատմութիւն է։ Երբ տասնեակ պետութիւններ, այդ թւում Թուրքիայի դաշնակից Գերմանիան է ճանաչել, դա արդէն ճանաչուած փաստ է, այսօրուայ խնդիրն է, որ այդ պետութիւնները ստիպեն Թուրքիային ընդունել ցեղասպանութիւնը։ Յօժար կամքով չի ճանաչելու, որովհետեւ դա կը նշանակի Թուրքիայի կործանում։ Մենք պէտք է խուսափենք Թուրքիայի կողմից լարած թակարդից՝ լինի դա պատմաբանների յանձնաժողով կամ համատեղ բանախօսութիւններ, չի կարելի թոյլ տալ, որ խնդիրը քաղաքական հարթութիւնից մտնի անդադար գիտական հարթութեան ոլորտ։
ԵՊՀ-ի պատմութեան ֆակուլտետի դեկան, փրոֆէսոր Էդիկ Մինասեանն իր հերթին նշեց, որ երբեք չի կարելի դադարեցնել միջազգային ճանաչման համար պայքարը։ Ի հարկէ դրան զուգահեռ պէտք է բարձրացնել իրաւական, պահանջատիրութեան հարցը։
Փրոֆէսոր Աշոտ Հայրունին նշեց, որ ճնշումներից զատ կայ աւելի արդիւնաւետ միջոց՝ իրազեկել թուրքական հասարակութեանը. օտարազգի սկզբնաղբիւրներից թարգմանել թուրքերէն եւ տեղադրել համացանցում։ Անելիքներ ունենք նաեւ միջազգային իրաւունքի զարգացման հարցում՝ Լեմկինի կոնվենցիայի բարեփոխման նպատակով, ինչի հնարաւորութիւնը Լեմկինը ինքը առանձին դրոյթով սահմանել է կոնվենցիայում. որ եթէ համաստորագրող կողմերից մէկը կ՚ունենայ առաջարկներ՝ փոփոխութիւններ կատարելու, պիտի ներկայացնի ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղարին եւ վերջինս պիտի դնի ՄԱԿ-ի ասամբլեայի քննարկմանը։ Այս կոնվենցիան մեզ համար եւ բոլորի համար չի աշխատել որոշակի պատճառներով։ Բարեփոխումը թոյլ կու տայ հնարաւորինս քիչ խոցելի լինել ժխտողականութեանը։ Եթէ մենք նախաձեռնենք, դէմ են լինելու միայն ցեղասպան պետութիւնները եւ նրանք, ովքեր ժխտողականութեան կողքին են կանգնած. նրանք շատ քիչ են լինելու ՄԱԿ-ի ասամբլեայում։ Նաեւ յիշեցրեց, որ երբ Նիւրնբերգեան դրոյթները ՄԱԿ-ի կանոնադրութեան մէջ տեղակայուեցին 1945 թուականից, ցուցաբերուեց ուշագրաւ նախաձեռնութիւն՝ ՄԱԿ-ի միջազգային իրաւունքի յանձնաժողովին յանձնարարուեց կազմել քրէական օրէնսգիրք խաղաղութիւնը եւ մարդկութեան անվտանգութիւնը վտանգող յանցագործութիւնների վերաբերեալ։
Փրոֆէսոր Խաչատուր Ստեփանեանը խօսեց այն մասին, որ կրթական համակարգում ցեղասպանութեան խնդրին համապատասխան ուշադրութիւն չի դարձւում։ Առանձին կուսակցութեան նախաձեռնութեամբ հնարաւոր չի սերունդների մէջ պահանջատիրութիւն դաստիարակել։ Կարող է վաղը Սեվրեան Հայաստանը մեզ մատուցեն եւ մենք պատրաստ չլինենք որպէս հասարակութիւն։
ԵՊՀ-ի սփիւռքագիտութեան ամբիոնի վարիչ, փրոֆէսոր Արման Եղիազարեանը՝ անդրադառնալով միջազգային ճանաչմանը յիշատակեց մի փաստ. տարիներ առաջ Հիւսիսային Իրաքում տեղի էր ունենում եզդիների ցեղասպանութիւնը եւ Հայաստանի եզդիները խնդրում էին, որ ԱԺ-ի պատգամաւորները հանդէս գան յայտարարութեամբ եւ դատապարտեն եզդիների ցեղասպանութիւնը, իսկ պատգամաւորները ամէն կերպ խուսափեցին հանդէս գալ յայտարարութեամբ։ Այս դէպքը փաստում է, որ ամէն երկիր հաշուի է նստում սեփական քաղաքական շահերի հետ։ Արման Եղիազարեանը հետաքրքրական դիտարկում արեց, կապուած Պարակ Օպամայի (ԱՄՆ-ի 44-րդ նախագահ, 2009 թուականի Յունուարի 20-ից մինչեւ 2017 թուականի Յունուարի 20-ը) Ապրիլ քսանչորսեան ուղերձների վերաբերեալ։ Սովորաբար, երբ որեւէ պետութիւն ճանաչում է հայոց ցեղասպանութիւնը, ապա դա անում է այնպէս, որ իրենց ուղերձում նշուած է լինում միայն ցեղասպանութեան իրողութեան մասին, ըստ որում առանց «ցեղասպանութիւն» բառը օգտագործելու եւ յստակօրէն նշուած չի լինում տարածքը, ցեղասպանութիւն իրագործողը եւ դատապարտման ձեւը, ուստի դա ցաւակցութեան բնոյթի մի յայտարարութիւն է լինում, իսկ Պարակ Օպամայի յայտարարութիւններում հետաքրքիր էվոլյուցիայ էր նկատւում. նա ցեղասպանութեան կոնվենցիայից երկու կէտ էր մէջբերում՝ ազգային խմբի սպանութիւնը եւ մահուան ճամբարներ քշելը։ Իր նախավերջին յայտարարութեան մէջ Օպաման նշեց շատ կարեւոր կէտ, որը ցոյց էր տալիս տարածք, այսինքն Օսմանեան կայսրութեան ի վերջոյ տեղի է ունենում հայերի կոտորած նրանց հին հայրենիքում։ Ցաւօք սրտի դա չօգտագործուեց մեր դիւանագէտների կողմից։ Մենք նաեւ դէմ եղանք Մեծ եղեռն արտայայտութեանը, որը հայերի մօտ նոյնանում է ցեղասպանութեան եզրոյթի հետ։ Ինչ վերաբերւում է Թուրքիայի կողմից ճանաչմանը, ապա Թուրքիան չի ճանաչել եւ չի ճանաչելու ցեղասպանութիւնը, այլ փորձելու է դաշնակիցներ գտնել Հայաստանում եւ փաստօրէն գտել է...։
Կոնֆերանսը եզրափակեց ԳԱԱ-ի պատմութեան ինստիտուտի աւագ գիտաշխատող Գայանէ Մախոյեանը. «Պատմութիւնը կրկնւում է, կրկնուելու է այնքան ժամանակ, մինչեւ մենք չփոխենք հայոց ցեղասպանութեան լուծման մոտելը, ալգորիթմը։ Ամբողջ հայ դատի ընթացքը բացատրւում է երկու բառով՝ մենք ճնշման միջոց ենք, յետոյ մանրադրամ։ Ամէն կրկնելուց յետոյ Հայաստանը միայն փոքրանում է, եւ կարող է միւս կրկնութեան համար այլեւս Հայաստան չմնայ...»։
(Շարունակութիւն Գ եւ վերջ)