ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ
Ապրիլի 23 ին ԳԱԱ Գիտութեան Ազգային Ակադէմիայի կլոր դահլիճում գիտնականների նախաձեռնութեամբ տեղի ունեցաւ քննարկում «Հայոց ցեղասպանութիւն. Թուրքիայի պատասխանատուութիւնը երեկ եւ այսօր»։ Այո, նախաձեռնութիւնը պետական մակարդակի չէր, եւ ոչ մի պետական այր ներկայ չգտուեց քննարկմանը։ Գիտական հանրութիւնը չէր կարող անտարբեր մնալ ներկայիս իշխանութիւնների թրքաբարոյ քաղաքականութեան հանդէպ, եւ դեռեւս Նոյեմբերի 24-ին Հայաստանի Գիտութիւնների Ազգային Ակադէմիայի նախագահութեան նիստին ընդունուել էր յայտարարութիւն՝ վարչապետի գլխաւորութեամբ կառավարութեան կաբինետի հրաժարականի պահանջով։ Գիտութիւնների ակադէմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսեանն ասել էր լրագրողներին. «Նրանք պէտք է ճշմարտութիւնն ասեն։ Ամօթ է, երբ մի երկրի ղեկավար ստում է։
Անհրաժեշտ է վերլուծել վերջին Ղարաբաղեան պատերազմի ընթացքում տեղ գտած իրադարձութիւնները։ Դա պէտք է արուի մասնագէտների կողմից, հասկանալու համար, թէ ինչ էր պէտք անել պատերազմի ժամանակ, ինչը չի արուել, այդ թւում՝ Շուշիում»։ Սակայն բոլորին, յատկապէս ռազմագէտներին եւ քաղաքագետներին պարզ էր, որ պատերազմի հանգամանքները ներկայիս իշխանութեան օրով հնարաւոր չի լինի բացայայտել։
Կոնֆերանսը բացեց ակադէմիկոս, ՀՀ ԳԱԱ պատմութեան ինստիտուտի տնօրէն Աշոտ Մելքոնեանը.
-Այս անգամ զուտ գիտաժողով չէ, այսօրուայ մեր կլոր սեղանի թեման հետեւեալն է. մենք փորձում ենք 1915- եւ 2020 թթ. միջեւ զուգահեռներ անցկացնել, որպէսզի հասկանանք ինչ տեղի ունեցաւ 100 տարի առաջ եւինչ տեղի ունեցաւ 100 տարի յետոյ, եւ ինչու մեր հասարակութեան մէջ զարմանալիօրէն հանդէս եկան ուժեր, որոնք որ դարձան Թուրքիայի հետ յարաբերութիւնները ջերմացնելու կողմնակիցներ, ընդ որում այդ յարաբերութիւնների ջերմացումը պիտի լինի ըստ նրանց պատկերացումների մեր պետական շահերի հաշուին։ Մենք երբեւէ դէմ չենք եղել այդ յարաբերութիւնների նորմալացմանը, բայց ցաւօք սրտի պատմութիւնը մեզ ցոյց է տուել, որ յարաբերութւնները փորձ է արուել կառուցել ի վնաս մեզ։ Ըստ պաշտօնական Անքարայի պէտք է մոռանալ անցեալը եւ նայել ապագային։
Աշոտ Մելքոնեանը նաեւ անդրադարձաւ այն մասին, որ Հայաստանի պատմագէտների ընկերակցութիւնը 24-ի նախօրէին ընդարձակ նամակով դիմեց ԱՄՆ-ի նախագահին, եւ Սպիտակ տնից մենք ստացանք պատասխան նամակ։ Այնուհետեւ խօսքը փոխանցեց ՀՀ ԳԱԱ ակադէմիկոս Յուրի Սուվարեանին, ով մասնաւորապէս նշեց.
-Այն ինչ տեղի ունեցաւ 100 տարի առաջ, վատ սցենարով կրկնուեց հիմա։
Մտածեք, թէ որտե՞ղ է մեր մեղքը, որ պատմութիւնից դասեր չենք քաղում։
Մենք պէտք է գտնենք մեր շահերը պաշտպանելու բանալին։ 4 անգամ կորցրել ենք պետականութիւն։ Առաջինը այն է, որ մեր ժողովրդի քաղաքակրթական մակարդակի ինչ-որ մի շեղում կայ։ Մենք շատ ներդրում ունենք գիտութեան եւ մշակոյթի ասպարեզներում, բայց ահա մեր ժողովուրդը, որը քաղաքակրթական միջին մակարդակից ցածր չէ, այլ գուցէ նոյնիսկ միջինից բարձր է, յաճախ է ենթարկւում հայրենազրկման, ցեղասպանութեան, երեւի թէ պատճառներից մէկը այն է, որ մենք որպէս ժողովուրդ քաղաքագիտական, պետական կառավարման կարեւորութեան գիտակցման կազմակերպուածութեան առումով զիջում ենք ոչ միայն մեր իսկ քաղաքակրթական մակարդակին, այլ գուցէ համաշխարհային նորմատիվներին,այլապէս ինչո՞ւ մենք չկարողացանք ճիշդ կռահել աշխարհաքաղաքական ռիսկերը, նախապատրաստուել դրանց յաղթահարելու համար, եւ այստեղից խնդիր է ծագում, որ մենք բոլորս, մտաւորականութիւնը, քաղաքագէտները, պատմաբանները եւ այլոք պիտի շատ աշխատենք թէ մեր ժողովրդի հետ, թէ նաեւ պետական կառավարման համակարգի ներկայացուցիչների հետ, որպէսզի մեր քաղաքագիտական մտքի պետական կառավարման կարեւորութիւնների աստիճանը այնքան բարձրացուի, որ գոնէ հաւասարուի մեր քաղաքկրթական մակարդակին, էլ չեմ ասում, որ գերազանցի դրան...
Աշոտ Մելքոնեանը շեշտեց, որ ճիշդ կողմնորոշում են ունենում յատկապէս թուրքագէտները եւ պէտք է լսելու ունակութիուն ունենալ։ Խօսքը յանձնեց ակադէմիկոս, ՀՀ ԳԱԱ արեւելագիտութեան ինստիտուտի տնօրէն Ռուբեն Սաֆրաստեանին.
-1914-ին գաղտնի խորհրդակցութեան ընթացքում ընդունուել էին 10 կէտ, այդ փաստաթուղթը յայտնուել է անգլիական հետախուզութեան ձեռքը, բայց նաեւ հրատարակուել է 1919-ին թուրքական մի թերթում առաջին էջի վրայ (Türk İstanbul gazetesi)։ «Իթթիաթ վէ թերաքքի»-ի, երիտթուրքերի պաշտօնական նամակն է տեղական կազմակերպութիւններին, բաղկացած 10 կէտերից, որոնք ներկայացնում են ըստ էութեան հայոց ցեղասպանութեան ծրագիրը։ Մի քանի կէտեր կրկնւում են նաեւ այսօր։
Սաֆրաստեանը ներկայացրեց երեք փաստաթուղթ, որոնք ներկայացնում էին իրենցից ցեղասպանութեան ապացոյց.
3-րդ կէտը՝ «...համապատասխան յատուկ միջոցներով գրգռել մահմետականների կարծիքը հայերի դէմ։ Այնպիսի վայրերում, ինչպիսիք են Վանը, Էրզրումը, Ատանան, որտեղ հայերը արդէն արժանացել են մահմետականների ատելութեանը, հրահրել կոտորածներ...»։Եւ այս յոյժ գաղտնի փաստաթուղթը բոլորովին պատահական է յայտնուել շրջանառութեան մէջ։ Մի փաստաթուղթ ներկայացնում է Օսմանեան կառավարութեան որոշումը հայերի տեղահանութեան մասին։ Այս փաստաթուղթը հրապարակուել է Թուրքիայի արխիւների վարչութեան կողմից, որտեղ կան կառավարութեան եօթը անդամների ստորագրութիւնները. Էնվեր, Թալեաթ... սա պաշտօնական փաստաթուղթէ, բայց նրանք այնքան են շտապել, որ թոյլ են տուել մի արտայայտութիւն,որը հնարաւորութիւն է տալիս բացայայտելու ցեղասպանթեան կանխամտածուածութիւնը, intention-ի հանգամանքը ինչպէս յայտնի է ցեղասպանութիւն երեւոյթը սկզբունքօրէն տարբերակում է զանգուածային կոտորածների այլ երեւոյթներից. «Լիովին ոչնչացնել ու վերացնել» նշուած է այդ փաստաթղթում։ 3-րդ կարեւոր փաստաթուղթը դա 1915-ի Մայիսի 30-ին ընդունուած որոշումն է, որը Մայիսի 31-ին փոխանցուել է տարբեր նախարարութիւններին, որպէսզի սկսեն իրականացնել ցեղասպանութիւնը։ Յունիսի 1-ին՝ տեղահանութեան օրէնքը հրատարակուել է Օսմանեան Կայսրութեան պաշտօնաթերթում։
Օրէնքը բաղկացած է 4 կէտից, 4-րդ կէտը օրէնքի կատարման մասին է, որը դրւում է Էնվերի վրայ։ Հետագայում այդ օրէնքը բազմաթիւ անգամ վերահրատարակուել է եւ Էնվերի անունը հանուել։ Այս օրէնքը վերաբերւում է այն բնակավայրերին, որտեղ տեղակայուած են Օսմանեան բանակի ստորաբաժանումները. եթէ ստորաբաժանումների հրամանատարները կանխազգում են, որ հայերը կարող են ապստամբել,ապա նրանք պարտաւոր են կազմակերպել տեղահանութիւնը։ Եւս մի փաստաթուղթ՝ Քազըմ Գարապեքիրի 1000 էջանոց յուշագրութիւններիցվերցուած Նոյեմբերի 8-ի 1920 թուականի Անքարայից ստացուած հրամանն է. «Հայաստանը քաղաքականապէս եւ իրապէս պէտք է մէջտեղից վերացուի»։
Այսօրոյ իրադարձութիւններից Սաֆրաստեանը առանձնացրեց Էրտողանի մի քանի յայտարարութիւններ, կապուած ցեղասպանութեան հետ. 1. Ինչ որոշում էլ կ՚ընդունի Եւրոխորհրդարանը, այն մեր մի ականջից կը մտի, իսկ միւսից դուրս կը գայ։ 2. Բացառուած է, որ գոյութիւն ունենայ
Թուրքիայի վրայ ցեղասպանութիւն կոչուող մի գիծ։ 3. Մենք երբեք չենք ընդունի ցեղասպանութեան մեղադրանքները։4. Հայկական հարցի վերաբերեալ մեր վերաբերմունքը ամենասկզբից էլ պարզ էր.մահմետականներին, այդ թուում կանանց եւ երեխաներին կոտորած աւազակախմբերի եւ նրանց աջակիցների տեղահանումը ամենախելամիտ գործողութիւնն էր, որը կարող էր ձեռնարկուել։ Այսինքն եթէ սկզբից Էրտողանը ժխտում է կատարածը, ապա հետզհետէ արդարացնում է։ 5-րդ յայտարարութիւնը արուել էր 2020-ին. «Մենք թոյլ չենք տալիս, որ մեր երկրում սրի մնացորդները ահաբեկչութիւն իրականացնեն, նրանց թիւը շատ է պակասել, բայց նրանք դեռ կան»։