Այդպէս էր գոռում մի կին, որի ամուսնուն կատաղած ամբոխը սպանելուց առաջ դաժան եւ այլանդակ ձեւով խոշտանգում էր Սումգայիթում 1988-ին։
Արամ Իսաբեկեանի նկարները
Յունուարի 22-ին «Ձայն հայրենեաց» կայքում տեսայ գեղարուեստի ակադէմիայի ռեկտոր, գեղանկարիչ Արամ Իսաբեկեանի «Բորենիների խրախճանք» եւ «Սումգայիթ» կտաւները, որոնց մասին նա հետեւեալ գրառումն էր կատարել.
«Այս երկու նկարները երբ նկարում էի, աչքիս առաջ էին ազերիների վայրագութիւնները Սումգայիթում եւ Պաքւում, յետոյ նաեւ մեր երիտասարդ սպայի գլխատումը Պուտապեշտում եւ վայրենու հերոսացումը ազերի հայատեացի կողմից։ «Բորենիների խրախճանք» 105x110 կտ., իւղ նկարել եմ 1989 թուին, յաջորդը « Սումգայիթ» կոչուող կտաւը 130x115 կտ, իւղ ստեղծեցի 2010 թուին, մօտ կէս ամիս աշխատեցի այս կտաւի վրայ, ցանկանալով զգացածս ճիշդ արտայայտել։ Երբ Շուշիում կերպարուեստի թանգարան բացուեց, որոշեցի նուիրել այս աշխատանքը նորաբաց թանգարանին։ Որոշ ժամանակ անց երբ եղայ Շուշիում, այցելեցի թանգարանը եւ տեսայ, որ նկարս ներքեւի յարկում մի տեղ ցուցադրել են, հասկացայ, որ մի բան էն չի եւ քանի որ մեզ հետ էր Արցախի մշակոյթի նախարարը, հարցրի թէ ինչու էք թաքուն տեղում ցուցադրել, ասաց մի քիչ կմկմալով, գիտէք մենք յաղթել ենք, պարտուողական թեմաները այնքան էլ մեր սրտով չի... մօտաւորապէս այսպէս ասաց.... Հիմա երբ եղաւ այն ,ինչ որ եղաւ, եւ նորից տեսանք ազերիների եւ իրենց առաջնորդի իսկական դէմքը, որին այլաբանական պատկերել էի վերջին նկարում, չէ՞ք գտնում որ ես էի ճիշդ, որ չպիտի մոռանանք սրանց անմարդկաին էութեան մասին եւ որ սրանք մեր հաշուին են կայացնում իրենց չեղած ազգը.... Իսկ այս « Սումգայիթ» կտաւը, որ ձեր քիմքով չեկաւ եւ որը թանգարանի մնացած աշխատանքների հետ մնաց իրանց, կարելի է պատկերացնել ինչ հաճոյքով են ոչնչացրել։ Իսկ պատմութիւնը կրկնւում է, մենք էլ շատ դժուար ենք դասեր քաղում։ Վերջ!!!»
Ատելութիւն սումգայիթեան ձեւով
Այո՛, կրկնւում է, եւ Ատրպէյճանը կիրառեց հայերի, մեր լոյս ժամկետային զինծառայող եւ կամաւոր տղաների ու խաղաղ բնակչութեան նկատմամբ «Սումգայիթ»։ Ալիեւն ասում է.
«Արդեն 17 տարի ես գլխաւորում եմ Ատրպէյճանը։ Այդ ժամանակահատուածում մեծացած սերունդն ազատագրեց Ղարաբաղը։ Նրանց հայրենասիրական դաստիարակութիւնն ու թշնամու նկատմամբ ատելութիւնը մեզ հասցրին յաղթանակի»։
Ահա թէ ինչ է հրապարակել Հայաստանի մարդու իրաւունքների պաշտպան Արման Թաթոյեանը ատրպէյճանական սոցիալական մետիայի իրական օգտատէրերի մեկնաբանութիւնները՝ կցելով սքրինշոթեր.
1) Պէտք է սպանել եւ՛ հայ կանանց, եւ՛ հայ երախաներին։
2) Ես չեմ խղճում հայ երախայի։ Լաւագոյն հայը մեռած հայն է։
3) Պէտք է սպանել կենդանի մնացած հայերին։ Խոշտանգէ՛ք սպանելուց առաջ։
4) Ես ուզում եմ հայերի, որոնց մերկացրել են ու բռնաբարել։
5) Սրիկայ հայերը պէտք է սպանուեն ու վերանան այս մոլորակից ու բոլորն, ովքեր նրանց կողմից են, պէտք է նոյն կերպ սպանուեն։
6) Այս աշխարհում հայերի համար չպէտք է տեղ մնայ։ Ես ատում եմ նրանց։ Բոլոր անխիղճ հայերը պէտք է սպանուեն։
7) Ես ուղղակի սիրահարուել եմ Իլհամ Ալիեւի խօսքերին, որ մենք նրանց քշում ենք շների պէս։
8) Որեւէ կենդանի հայ չպէտք է մնայ Ղարաբաղում։
9) -Ո՞վ է մեր թշնամին։
- Հայաստանը։
- Ի՞նչ ենք զգում հայերի հանդէպ։
- Ատելութիւն։
- Վեր բարձրացրէք ձեռքերը եւ կրկնէք՝ մենք ձեզ շների պէս կը քշենք Ղարաբաղից։
- Մենք ձեզ կը քշենք Ղարաբաղից շների պէս։
10) Գլխատուած հայ զինուորի նկարով «Տելերգամ» սոցիալական ցանցի թուրք-ատրպէյճանական յատուկ բացուած ալիքում ծաղրող հարցումներ, թէ ինչ են օգտատէրերը զգում, երբ տեսնում են գլխատուած հայ։
Սումգայիթ-1988
Սումգայիթը 250, 000-ոց քաղաք էր Ատրպէյճանում, որոնցից 18, 000-ը հայեր էին։ 1988-ին այս քաղաքում երեք օր՝ 27-29-ը տեղի ունեցան հայերի ջարդերը որպէս պատասխան Արցախի հայերի պահանջին՝ միաւորուել մէկ ազգի երկու հատուածներին, որոնց բաժանեցին 1921-ին, երբ Ղարաբաղը ընդգրկուեց Ատրպէյճանի կազմում։ Փետրուարի 14-ին ատրպէյճանական ղեկավարութիւնը յայտնեց, որ 100,000 ատրպէյճանցի պատրաստ է ներխուժել Ղարաբաղ եւ սպանդ կազմակերպել։ Կորպաչովը հարց ուղղեց Սիլվա Կապուտիկեանին եւ Զորի Բալաեանին. «Իսկ դուք մտածեցի՞ք 200,000 պաքուեցի հայերի ճակատագրի մասին»։ Պաքուի ջարդերը սկսուեցին Սումգայիթից, եւ Պաքուի հայերը այն ժամանակ ասեցին, որ մայրաքաղաքում չեն յանգնի նման բան անել։ Բայց յանգնեցին։ Եւ միշտ էլ կը յանդգնեն, սակայն հարց է ծագում, ինչու աշխարհով մէկ ատրպէյճանցիները աղաղակում են Խոջալուի «ցեղասպանութեան» մասին, որի ճշմարտութիւնը հերքելի է, իսկ մենք, հայերս, երբեք չէինք գոռում-գոչում Սումգայիթ չլսուած ու չտեսնուած վայրագութեան մասին։ Յատուկ այս գրութեան համար ես կրկին, ինչպէս եւ 1988-ին, վեր հանեցի նիւթերը ջարդերի վերաբերեալ եւ վախեցայ առողջութեանս համար։ Եւ չեմ կարող գէթ մէկ դէպքի մասին պատմել, որպէսզի պատճառ չդառնամ ընթերցողի առողջութեան վատթարացմանը։
Ատելութիւն հայկական ձեւով
Յիշո՞ւմ էք Ադոմ Էկոյեանի «Արարատ» ֆիլմում հնչեցրած հարցը (Շառլ Ազնաւուրն էր հնչեցնում այդ հարցը՝ ռեժիսոր Էդուարդ Սարոյեանի դերում). «Ինչո՞ւ են նրանք մեզ այդքան ատում»։ Ի նկատի ունենալով թուրքերին։ Սակայն այն ատելութիւնը, որն այսօր տիրում է Հայաստանում եւ Հայաստանից դուրս ամենուր, որտեղ հայերն են բնակւում, աննկարագրելի է։ Ի նկատի ունեմ հայերի ատելութիւնը միմիեանց նկատմամբ։ Եւ դա զարմանալի է՝ մշտական սումգայիթեան սպառնալիքի ներքոյ...