Երբ վարչապետին հարցնում են «Ինչո՞ւ հրաժարական չէք տալիս, եթէ դուք էք գլխաւոր պատասխանատուն», նա ասում է, որ եթէ հրաժարական տանք, ( ի դէպ միշտ «ես»ի փոխարէն ասում է «մենք»), ապա դա կը լինի անպատասխանատու քայլ։ Երբ հարցնում են գերիների մասին, ապա յայտարարում է, որ երբեք այդքան գերիներ չեն վերադարձուել, քան իր իշխանութեան օրով... արդեօք նրան սատարողներին չի ծիծաղեցնո՞ւմ այդ զաւեշտալի պատասխանը, որովհետեւ երբեք այդքան գերիներ չեն եղել, քան նրա իշխանութեան օրով, այն էլ Նոյեմբերի 10-ից յետոյ, երբ ստորագրուեց դաւաճանական յայտարարագիրը եւ «բոլորը բոլորի դիմաց» պիտի վերադարձուէին. հայկական կողմը ոչ միայն գերիներին վերադարձրեց, այլ նաեւ երկու մարդասպանների, եւ այժմ չի կարող մեր արդէն նոր գերեւարուածների դիմաց որեւէ մէկին փոխանակել։
Ծիծաղի մասին
Յիշո՞ւմ էք, ինչ ծիծաղ առաջացրեց մի քանի տարի առաջ Ալիեւի յայտարարութիւնը, որ Զանգեզուրը, Սեւանը եւ Երեւանի խանութիւնը ատրպէյճանական պատմական հողեր են, սակայն այսօր արդէն Ալիեւի փոխարէն Հայաստանի վարչապետի պաշտօնը զբաղեցնողն է դա յայտարարում Ազգային Ժողովի ամբիոնից. «Ուզում էք ասել, որ 90 եւ աւելի տոկոս ատրպէյճանական բնակչութիւն ունեցող Շուշին հայկակա՞ն է իր այդ կարգավիճակով»։ Լրագրողները իսկոյն փութացին Փաշինեանի խմբակիցների մօտ՝ մեկնաբանութիւն ստանալու համար, եւ վերջիններս բացատրում էին, թէ իրենց վարչապետը ի նկատի ունէր 1987-1988-ի կարգավիճակի մասին, երբ այո, ատրպէյճանական բնակչութիւնը գերակշիռ մաս էր կազմում։
1992 Մայիսի 9-ին հայկական զինուած ուժերը ազատագրել էին Շուշի բերդաքաղաքը, եւ մենք 28 տարի տօնում էինք այդ յաղթանակը։
2018 թուականի Մայիսի 8-ին, երբ հայ ժողովուրդը ընտրում էր իրեն հերթական ղեկավար, իսկ իրականում կուռք եւ փրկիչ, Նիկոլ Փաշինեան փրկիչը մեր փառապանծ Շուշիյում յայտարարեց.
«Այսօր հայոց արժանապատուութեան միջնաբերդի՝ Շուշիի ազատագրման 26-րդ տարեդարձն է, եւ ես նախ եւ առաջ ուզում եմ բոլորիս շնորհաւորել այդ դարակազմիկ եւ շրջադարձային յաղթանակի առիթով. մեծ խորհրդանիշ կայ նրանում, որ Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թաւշեայ, ժողովրդական յեղափոխութեան դէ իւրէ յաղթանակը պէտք է արձանագրուի հէնց այսօր՝ Շուշիի ազատագրման տարեդարձի օրը»։
Ի հարկէ այդ ժամանակ նա ամբոխ ահաճոյ ելոյթներ էր ունենում, գերազանց տիրապետելով այդ փոփուլիստական արուեստին, իսկ հիմա... հիմա նրա լսարանը դա իր պատուիրատուն է, այսինքն Ալիեւը, որին նա սկիւտեղի վրայ նուիրաբերեց Շուշին առանց կռուի։
Արձագանգներ Շուշիի մասին
Ահա թէ ինչ է կարծում այդ մասին Շուշիի արդէն նախկին քաղաքապետ Արծուիկ Սարգսեան.
«Կարծում եմ, որ Շուշին յանձնել են։ Երբ կռւում էինք, չէի մտածում, որ այդպիսի բան կարող է լինել, չնայած մարդիկ ասում էին, որ Շուշին յանձնուած է, բայց ես չէի ընդունում դա, բայց այսօր արդէն փաստ է դառնում, որ այն փլանաւորուած է եղել»։
Երանի մենք ունենայինք ոչ թէ ճղճղան ձայնով վարչապետի պաշտօնի հասած սուտ անձնաւորութիւն, որը խաղաց ժողովրդի զգացմունքների վրայ եւ անցաւ հայակործան, հայաստանակործան քաղաքականութեան իրագործմանը, այլ իրական ղեկավար, որը կը յիշեցնէր Ատրպէյճանին Նախիջեւանի, Գետաշենի, Շահումեանի, Քարին Տակի, Հադրութի, Աւետարանոցի, Սղնախի մասին, որտեղ ատրպէյճանցի չի եղել, բայց այդ բնակավայրերը կարգւում են որպէս ատրպէյճանական հող...։
Իսկ սա քաղաքագէտ, Կասպեան համագործակցութեան կենդրոնի տնօրէն Սերգէյ Միխեեւի կարծիքն է.
«Նիկոլ Փաշինեանը մի բան է ասել Շուշիի մասին, յետոյ արդարացել, թէ իբր իրեն սխալ են հասկացել։ Սակայն կարեւոր է մէկ այլ բան. Քչերը գիտեն, որ Շուշիի գրաւումը ոչ միայն անտրամաբանական էր, այլ նաեւ գրեթէ անհնար, եթէ ռեզերվներ կեդրոնացուէին Շուշիում։ Սակայն Շուշիում կեդրոնացուել էին հիմնականում անփորձ կամաւորական ջոկատներ։ Ատրպէյճանցիները, եթէ նայէք, թէ ինչ ճանապարհով են ներթափանցել քաղաք՝ կը հասկանաք, որ այնտեղ մի բան այն չէր։ Ինչո՞ւ սա տեղի ունեցաւ եւ ո՞վ է պատասխանատու։ Այս հարցին պատասխանելու փոխարէն Փաշինեանը ինչից ասես որ չի խօսում»։
Իրավաբան Արթուր Ղազինեանի արձագանգը.
«Կրիմինալիստները կը հաստատեն, որ ցանկացած յանցագործ պատճառ է փնտռում իր կողմից կատարուած յանցանքն արդարացնելու համար։ Իսկ Նիկոլ Փաշինեանի «Շուշին ատրպէյճանական քաղաք է» դաւաճանական յայտարարութեան հիմքում դրուած էր ոչ այլ ինչ, քան իր անմիջական հրամանով Շուշին առանց մարտերի յանձնելու փաստն արդարացնելու փորձ։
Բայց այստեղ մի հարց է առաջ գալիս. բա եթէ Շուշին ատրպէյճանական քաղաք էր եւ այն պէտք է յանձնուէր Ատրպէյճանին, ապա ինչո՞ւ այդ համոզմունքը չարտայայտուեց Նոյեմբերի 1-ին, երբ հազարաւոր հայորդիներ շտապում էին իրենց կեանքի գնով պաշտպանել «ատրպէյճանական» Շուշին, ինչո՞ւ զոհաբերուեցին 800-ից աւել հայրենասէր կամաւորականներ։ Ինչո՞ւ են հիմա՛ խօսում սրա մասին…։ Շատ պարզ պատճառով. եթէ այս դաւաճանական յայտարարութիւնն արուէր Նոյեմբերի 1-ին, 800-ից աւել զոհուած հայորդիները իրենց զէնքը կ՚ուղղէին ոչ թէ ատրպէյճանական բանակի, այլ իր՝ Նիկոլ Փաշինեանի դէմ եւ հիմա նրանք կենդանի կը լինէին, իսկ Նիկոլը, լաւագոյն դէպքում, ԱԱԾ մեկուսարանում։
Մեզ ահռելի աշխատանք է սպասւում, բացայայտուելու են պետական դաւաճանութեան բոլոր դրուագները եւ այս ոճրագործութեան բոլոր մասնակիցները ենթարկուելու են քրէական պատասխանատուութեան»։
Միջազգային բարձր ամբիոններում Ատրպէյճանը յայտարարում էր, որ Ղարաբաղը Ատրպէյճանի կազմում կ՚ունենայ մշակութային ինքնավարութիւն։ Ատրպէյճանական վերահսկողութեան ներքոյ անցած հայկական բնակավայրերից հայկական կողմին են յանձնում պատերազմից յետոյ այնտեղ մնացած տարեց բնակիչների աճիւնները։ Սա էլ ատրպէյճանական մշակոյթն է։ Սպանել, այլանդակել սպանուածների մարմինները, վերացնել մշակութային հետքերը, ինչպէս դա արուեց Նախիջեւանում, որտեղ նախիջեւանագէտ Արգամ Այվազեանի վկայութեամբ հայկական յուշարձանները, հայկական ժառանգութիւնը 100 %-ով ոչնչացուել է եւ իր կարծիքով այդ յուշարձանների թուաքանակը մօտաւոր հաշուարկներով անցնում էր 27.000 միաւորից։
Արցախի 81 եկեղեցիներ եւ վանքեր մնացին ահրպէյճանցուն։ Շուշիի պատմութեան, գորգերի, երկրաբանական, կերպարուեստի թանգարանների նմոյշները դուրս չեն բերուել քաղաքից։ Ո՜վ ամենագութ Աստուած...։
Շոշ գիւղից արցախցիները այսօր տեսնում են պատերազմի ատեն երկու անգամ խոցուած Շուշիի Ղազանչեցոց վանքը, ինչպէս մենք Երեւանում նայում ենք պատուհանից Արարատ լերանը։