-Շնորհաւոր Նոր Տարի եւ Սուրբ Ծնունդ։
-Ի՞նչ Նոր Տարի, ինչի՞ մասին է խօսքը։
- Դէէէ, սեղ ան չէ՞ք փռել, չոր պտուղ չէ՞ք դրել սեղանին։
Չոր պտուղ, սեղան, այո՚, երկու սեղան կար այս տարուայ Ամանորին։ Մէկը Եռաբլուրում էր՝ Դեկտեմբերի 31-ի գիշերը, իսկ Դեկտեմբերի 31-ի ժամը 1-ին Եռաբլուրում թարմ փորած փոսերը սպասում էին պատերազմի աւարտից երկու ամիս անց որոնողական աշխատանքների արդիւնքում գտած եւ բերուած նոր աճիւնները, որոնց մէջ կար նաեւ Մենուա Յովհաննիսեանի (1985-2020) աճիւնը։ Մենուան կամաւոր էր մեկնել ռազմադաշտ։ Կարող էր չգնալ, բայց նա Կարին Տոնոյեանի, այսինքն “Հայ ասպետ” հիմնադրամ հիմնադիր –տնօրէնի որդին էր եւ պիտի հայրենիքի պաշտպանների առաջին շարքում լինէր։ Յուղարկաւորմանը ներկայ էր Արցախի նախագահ Արայիկ Յարութիւնեանը, ով հետմահու պարգեւատրել էր Մենուային «Ոսկէ Արծիւ» շքանշանով՝ շնորհելով Արցախի հերոս բարձրագոյն կոչմանը։
Հազարներով որդեկորոյս մայրեր ունեցանք այս 30 տարիների ընթացքում։ Կարին Տոնոյեանը, առնելով Հոկտեմբերին իր որդու անմահանալու լուրը, բաց նամակով դիմեց վարչապետին հետեւեալ նամակ-պահանջով.
«Ես իմ ամենաթանկին տուեցի իմ ամենաթանկը։ Բայց ես էլ լուր սգալու իրաւունք եւ ուժ չունեմ, որդուս արիւնը հրամայում է. վաղը վարչապետը կը մեկնի Մոսկուայ բանակցութիւնների-
Դիմում եմ երկրի 1-ին դէմքին՝
Պարոն վարչապետ, բանակցութեան սեղանի շուրջ նստելու պահին անպայման յիշէք՝ դուք դեռ շատ մայրերի չէք յանձնել նրանց որդիների մարմիններն անգամ, ուրեմն որեւէ պայմանով, լսո՞ւմ էք՝ որեւէ պայմանով չյանձնէք այն հողերը, որոնց վրայ նրանք ընկել են, չդաւէք մեր որդիների թափած արեանը։ Այս պատերազմում մենք յաղթելու ենք, կէս ճանապարհին չկանգնէք. որդուն կորցրած մայրերը այլեւս երկրի վրայ չեն ապրում, նրանք ապրում են երկնքի եւ երկրի միջեւ, որտեղից ամէն ինչ աւելի տեսանելի է, որտեղից տիեզերական ճշմարտութիւնն աւելի մօտ է... հաւատացէ՚ք մեզ՝ մենք յաղթել ենք արդէն։ Բանակցութիւնները կը վարէք յաղթողի դիրքերից, սա մեր՝ որդեկորոյս մայրերի միակ պահանջն է»։
Սակայն, ինչպէս գիտենք, վարչապետի աթոռ զբաղեցնողը պարտուեց։ Պարտուեց մեր հերոսներին, նրանց թափած արեանը եւ մեր հայրենիքին։ Այստեղ՝ Եռաբլուրում ամփոփուած են այն նահատակների մարմինները, որոնք անցել են ճանաչման գործընթացը։ Պատերազմի բնոյթն այնպիսին էր, զէնքի տեսակը՝ անօդաչու սարքի հարուածը այնպիսին էր, որ մարմնից գրեթէ ոչինչ չէր մնում կամ մարմինը դառնում էր անճանաչելի եւ ստիպուած ԴՆԹ-ի նոյնականացման միջոցին էին դիմում։ Որքա՞ն է սպանուած զինուորների թիւ։ 5000 թիւը անբաւարար է, այն շարունակ աւելանում է, սակայն պաշտօնական թիւ գոյութիւն չունի։
Այստեղ՝ Եռաբլուրում անթիւ տղաներ են եւ... անհաւատութիւն է տիրում, քանզի այստեղից բացւում են քաղաքի աշխոյժ տեսարանները։ Շուրջբոլորը կեանք է բուրում, եւ ուզում ես ապրել ու ապրել... Ծածկած բեռնատարով բերում են վարդեր եւ բաժանում հարազատներին, որպէսզի նրանք ծածկեն շիրիմները վարդերով։ 31-ի գիշերը հեղինակային երգի համերգ է տեղի ունենում «Երնեկ» թէ այս նոր տարին”խորագրով։ Վերջինը երգում է Դաւիթ Ամալեանը, որի որդին նոյնպէս անմահացաւ այս պատերազմում։ Նա երգում էր, իսկ նրա արցունքները փայլում էին Ամանորեայ լոյսերի ներքոյ։ Եռաբլուրի հանդիսականների արցունքները քարացել էին այտերի վրայ։ Ամբողջ Եռաբլուրը տօնական սեղանի էր վերածուել. հարազատները շիրիմների վրայ դրել էին տօնածառներ, տղաների սիրած քաղցրաւենիքը, մրգերը...
Իսկ միւս սեղանը դրուած էր հայաստանցիների տներում։ Նրանք, ովքեր այս պատերազմում հարազատներ չէին կորցրել, շնորհաւորում էին միմեանց Նոր, 2021-ի առթիւ։ Ի թիւս միւս բաժակաճառերի աւելացել էր եւս մէկը՝ մեր զոհուած տղաների հոգու խաղաղութեան համար։ “Թող այս չարաբաստիկ տարին կորչի գնայ,- ասում էին նրանք ի սրտէ։ Չհասկանալով, որ այդ 2020-ին տղաները դեռ ողջ էին...։