Դեկտեմբերի 18-20 սգոյ օրեր էին Հայաստանում։ Դեկտեմբերի 18-ին, երբ մարդիկ մոմերով ուղղւում էին Եռաբլուր, հնչում էին անմահացած զինուորների անունները։ Հետեւեալ օրը Եռաբլուրում հնչեց միայն մի անուն եւ այդ անունը Նիկոլ էր։ Մինչ վարչապետին սատարողները գոռում էին «Նիկոլ վարչապետ» եւ բուռն ծափահարում էին, ժողովրդի միւս հատուածը, որը դէմ էր վարչապետի այցին Եռաբլուր, վանկարկում էր «Նիկոլ դաւաճան», եւ հեռատեսիլի առաջին ալիքը ձայնն անջատել էր եւ հեռուից էր ցուցադրում այն խայտառակութիւնը, որը տեղի էր ունենում Եռաբլուրում։
Ըստ @Mediaport-ի տրամադրութեան տակ յայտնուած տուեալների, որոնցում նշուած էին Նիկոլ Փաշինեանի երթին մասնակցած մարդկանց քանակական տուեալները, Փաշինեանի երթին մասնակցել են 3500 ոստիկաններ, Պաշտպանութեան նախարարութեան 4000 աշխատակիցներ, Ռազմական ոստիկանութեան 1000 եւ տեղական ինքնակառավարման մարմինների շուրջ 2000 աշխատակիցներ։ Թիկնապահները ավտոմատներով էին եւ Եռաբլուրի տարածքում եղել են նաեւ տասնեակ դիպուկահարներ։
Մեր այս տխուր եւ անյոյս օրերում, երբ Եռաբլուրում ծաղիկների պէս բուսնել են թարմ-թարմ գերեզմանները, երբ դեռեւս ունենք 1400 անհետ կորածներ (ի դէպ ուրախութեամբ նշեմ, որ 6 տղաներ երեկ գտնուեցին շնորհիւ Կարմիր Խաչի եւ ռուս խաղաղապահների որոնման ջանքերի), երբ ունենք 700 զոհի մարմին, որոնք անճանաչելի են, այսինքն աւելի քան 2000 զինուոր դեռ չեն յանձնուել հողին, ողջ մնացած խաժամուժը ազգային խայտառակութիւն էր դրսեւորում սրբազան Եռաբլուրում։ Զարմանալի է, որ բոլորը կարծում են, թէ պատերազմն աւարտուեց ինչ-որ եռակողմ յայտարարութեամբ եւ մտան նորից դիմատետր, որպէսզի շարունակեն իրենց առօրեայ եւ այսուհետ մշտնջենական պատերազմը միմեանց հետ։ Պատահական չէ, որ այս օրերին մի բառ մէջտեղ ելաւ՝ «ժեխ», եւ իրանագէտ Վարդան Ոսկանեանը պարզաբանեց այդ բառի ստուգաբանութիւնը. “Համառօտ ասեմ, որ այն գրաբարի «ժահ»- «գարշահոտութիւն, աղտեղութիւն, գարշելի, զազրելի, տգեղ բան» բառի բարբառային զարգացումն է՝ մասնաւորապէս տարածուած Երեւանի խօսուածքում՝ «ժեխ» - «աղբ» իմաստով։ Ստուգաբանօրէն այն ունի իրանական (պարթեւական) ծագում եւ ցեղակից է դասական նոր պարսկերեն زهیدن [zahīdan] «արտահոսել, հոսել» (նաեւ կեղտոտ հեղուկների եւ ջրերի համար) բայի հետ”։
Դիտելով Եռաբլուրում տեղի ունեցած հրմշտոցը, մարդկային կուտակումների ալիքները, որոնց զսպում էր ոստիկանների բանակը քաղաքացիական հագուստով, մի ցանկութիւն էր առաջանում. ինքնագնդակահարուել այն անձի փոխարէն, ով այս ամէնի պատճառն էր հանդիսանում եւ վերջ տալ ազգային խայտառակութեանը։ Նրա օրօք կիրառուեց մի թեխնոլոկիա, որի շնորհիւ բոլորը բոլորի հետ թշնամացան եւ բաժանարար գծեր դրուեցին ծանօթ-բարեկամների միջեւ։ Զարմանալին այն է, որ մի պատրաստի թեզ է շրջանառւում՝ “նախկինների արածն է”, ինչի շնորհիւ այն ամէնն, ինչ անում է օրուայ իշխանութիւնը, վերագրւում է նախկին իշխանութիւններին, ուստի ցանկութիւն է առաջանում հարցեր ուղղել նրանց, ով նախկինների վախից շեղուած իրականութիւն են ապրում, ասելով որ «նախկինները վաղուց ծախել էին ու մէկը պէտք էր, որպէսզի գլխին սարքէին ու դաւաճան հանէին».
1. Ո՞վ է այսօրուայ իշխանութեան գլուխը կանգնած,
2. Ո՞նց են ծախել, ո՞նց են գլխին սարքել, ո՞նց, թո՞ւղթ են ստորագրել։ Եթէ ստորագրել են, արցախցին վարձակալութեամբ է՞ր ապրում Արցախում։
3. Ո՞վ է 44 օր ստով կերակրել ժողովրդին,
4. Ո՞վ կարող էր 4-րդ կամ 24-րդ օրը կանգնեցնել պատերազմը, բայց չի արել դա, երբ պատերազմի ամէն վայրեան մենք կորցնում էինք տարածքներ եւ փայլուն երիտասարդներ։ Ռո՞բը, Սե՞րժը թէ ներկայիս վարչապետը։
5. Եթէ դուք, նախկինաֆոբներ, լինէիք վարչապետի փոխարէն, դուք կը սոտարգրէի՞ք այդ թուղթը. այո կամ ոչ։ Միայն այո կամ ոչ։
6. Հիմա ո՞վ է Սիւնիքի միջպետական ճանապարհը ընդհանուր դարձնում ատրպէյճանցու հետ եւ ասում, որ եթէ միջադէպ լինի (այսինքն եթէ հային առեւանգէն եւ գլխատեն), ապա պէտք չէ խուճապի մատնուէլ. Ռո՞բը, Սե՞րժը թէ ներկայիս վարչապետը։
7. Ի՞նչ էք կարծում, եթէ Ալիեւը յայտարարեց, որ Զանգեզուրը,, Սեւանը, Երեւանը ատրպէյճանական հող է, ի՞նչ է սպասում մեզ այդ խօսքերից յետոյ։
8. Հո՞ղն է աւելի թանկ թէ՞ տունը եւ ձեր ավտոմեքենան կարաժի հետ հանդերձ, որը դուք ունեք Հայաստանում կամ այլուր...
Այսպիսով երկրորդ արցախեան պատերազմի արդիւնքում Արցախը կորցրեց իր տարածքի 75 %։ 3000 քմ վերահսկւում է ռուսական խաղաղապահների կողմից։ Պատերազմում հազարներով զինուոր զոհուեց, որոնցից շատերը կամաւորական էին։ Յանուն ինչի՞ նրանք զոհուեցին, իսկ հազարաւոր երիտասարդներ զրկուեցին ոտք ու ձեռքից եւ հաշուանդամացան... Լսենք Հայ ասպետ”հիմնադրամի տնօրէն, Որդուս հասարակական կազմակերպութեան նախագահ Կարին Տոնոյեանին, ով այս պատերազմում կորցրեց իր զաւակին՝ Մենուա Յովհաննիսեանին եւ կտրականապէս դէմ էր վարչապետի այցին Եռաբլուր.
30 տարի չհասկացանք, թէ մեզ հետ ինչ էր կատարուել, թէ պատմական ինչ մեծ սխրանք էր գործուել, եւ ինչպէս արցախեան առաջին պատերազմում հայորդիները կարողացել էին շուռ տալ մեր ճակատագրի դժնդակ անիւը։ 30 տարի մենք թոյլ էինք տուել, որ երկիրը խաբկանքով ապրի։ Չէինք գնահատել անկախութիւնը, որը մեզ տրուեց։ Չի եղել անհաւասար պատերազմ, այն ծրագրած էր, եւ մենք պարզապէս առանց հասկանալու մեր զաւակներին զոհեցինք ծրագրած թատրոնի։ Ամէն ինչ էր փլանաւորուած այս պատերազմում, հերթական անգամ մենք երկիրը այնքան էինք թուլացրել եւ վերջում էլ տուել մի պարզապէս փողոցային խեղկատակի ձեռքին, որովհետեւ ծաղրածուներն էլ են տարբեր լինում, որ հնարաւորութիւն տուեցինք աշխարհի մեծերին հերթական անգամ Հայաստանը դարձնել իրենց խաղաքարտը։ Շատ խելացի պէտք չէր լինել՝ հասկանալու համար, որ հէնց սկզբից տանուլ էր տուած այս պատերազմը, որ Թուրքիային, Ալիեւին խոստացուած էր նուէր, գուցէ պարզապէս նախնական հաշուարկուած չէր, թէ այդ նուէրը ինչքան հայորդու կեանք կ՚արժենայ, բայց քանի որ երկրի իշխանութեան գլխին նստած էր մի մարդ, որը տառապում է նարցիսիզմով եւ առաջին իսկ օրից իրենք իրենց խաբեցին «Յաղթելու ենք»” գոռալով, մարդ ուզեց իրոք փորձի, բնականաբար նրան չէր հետաքրքրում, թէ այդ զոհերի քանակը կը լինի 5,50, 500, թէ 5000-ը եւ հասանք նրան, ինչին հասանք։ Կեցցէ՛ն նրանք, ով կարողացան մի ամբողջ ազգ յիմարացնել։ Իմ զաւակը ինքը գնաց, բայց եթէ նա իմանար, որ սա պատերազմի բեմականացում է, նա եւ բնականաբար մեր զաւակներից որեւէ մէկը չէր մասնակցի, այսինքն ուրիշի ներկայացման զոհը չէր դառնայ...։