Եթէ այսօր ինչ-որ մէկը մաղթի ինձ «Լաւ մնայ», ես կը մեղադրեմ նրան կեղծաւորութեան մէջ, որովհետեւ մենք այսօր լաւ լինել չենք կարող։ Մենք այսօր Անոյշն ենք Տիգրանենաի։ «Անոյշ» օփերայից. յիշո՞ւմ էք, երբ Սարոն սպանուեց եւ Անոյշը խելագառուած ընկաւ սար ու ձոր, ետ կանչելով իր իգիթին, նրան հանդիպում է մի անցորդ եւ ասում, թէ ինչո՞ւ ես լալիս, գնայ նոր սէր գտի՝ էսպէս է կարգն աշխարհի, ինչին Անոյշը պատասխանում է. «Ինձ արցունք է տուել տէրը, ես պիտի լամ, պիտի լամ...»։ Այնպէս որ հիմա արցունքի պահն է։ Մի օփերա էլ ունենք։ Խայտառակ օփերա է իր բովանդակութեամբ. երբ ես տարիներ առաջ օտարազգի հիւրերի հետ այցելեցի այդ օփերան՝ Սպենդիարեանի «Ալմաստ»ը, ապա ինձ ամօթով արին, ասելով, թէ ինչպէս կարելի է ստեղծել ազգային օփերա նման բովանդակութեամբ։ Լիբրետոն գրուած էր ըստ Թումանեանի «Թմկաբերդի առումը» պոէմի։ Դաւաճանութիւն։ Իրանցի Նադիր-շահն իր զօրքով պաշարում է Թըմկա բերդը, բայց չի կարող յաղթել Թաթուլին իր քաջերով, եւ ահա որոշում է գայթակղել Թաթուլի կնոջ՝ Ալմաստին, ուղարկելով նրա մօտ Աշուղին, ով Նադիր-շահի անունից խոստանում է նրան հարստութիւն եւ Նադիր-շահի սէրը։ Եւ ահա Ալմաստի խեղաթիւրուած սիրտը հալւում է։ Ալմաստը գնում է դաւաճանութեան։ Կռուից վերադարձած զօրքին նա խնջոյքի ժամանակ առատօրէն գինի է հրամցնում, եւ երբ զինուորները գինովցած քնում են, նա բացում է դարբասի դռները եւ թշնամին ներս է խուժում։
«Մի՞թէ քաջ ու սիրուն չէր Թաթուլը»,- հարցնում է Նադիր-շահը Ալմաստին, եւ նա պատասխանում է. «Քաջ էր ու սիրուն, բացի այդ բերդերը կնոջ միջոցով չէր գրաւում...»։
Բոլորովին անհասկանալի էր, ինչո՞ւ էին մեր զինուորները միշտ նահանջի հրաման ստանում, ինչո՞ւ Քարվաճարը (Քելբաջարը) եւ Շուշին առանց կռուի յանձնուեց Ատրպէյճանին։ Շատ անբացատրելի եւ տարօրինակ պատերազմ էր, միտուած պարտութեանը, այլ ոչ յաղթանակի։ Բացատրութիւնը երեւի կ՚ունենանք մեր դաւաճան ապաշնորհ իշխանութիւնների հեռանալուց յետոյ։ Այս օրերին համացանցում յայտնուեց մի ձայնագրութիւն։ Պելառուսի նախագահ Լուկաշենկոյի զրոյցը նախագահ Սերժ Սարգսեանի հետ. Լուկաշենկոն ասում է, որ Ալիեւը առաջարկում է 5 միլիառ տոլար Արցախի եօթ շրջանների համար առաջին փուլում, իսկ Սարգսեանը պատասխանում է, որ ինքը կարող է 6 միլիառ տալ, որպէսզի Ալիեւը հրաժարուի։ 5000 տղաներ են զոհուել այդ շրջանների համար (խօսքը առաջին արցախեան պատերազմի մասին էր), ինչին Լուկաշենկոն անտարբեր պատասխանում է. «Յետո՞յ ինչ»։ Անհաւատալի՞է։ Ո՛չ, որովհետեւ մենք գիտենք, որ Ալիեւը բոլոր հարցերը փողով է լուծում.առնում է դատաւորներին, քաղաքագէտներին, պատմաբաններին, կեղծարարներին եւ դաւաճաններին։ Դեռ աւելին, նա կարողացաւ առնել մեր յեղափոխութիւնն ու մեր պարտութիւնը, այսինքն այս պատերազմը, հազարաւոր զոհերը, անհետ կորածներն ու գերիները, հողերի յանձնումը նա... փողով է առել։ Այդ մասին պատմում է քաղաքական գործիչ Գառնիկ Իսագուլեանը իր մամլոյ ասուլիսներում եւ այդ յայտնութիւնների համար ոչ ոք նրան քրէական պատասխանատուութեան չի կանչում եւ չի հերքում նրա ասածները։ Տարօրինակ է, չէ՞։
Գիտէ՞ք ինչն է ինձ զարմացնում։
Նրանք, ովքեր նախկինների վրայ են կեդրոնացած, ունակ չեն տեսնել ներկաներին, նրանց արածն ու չարածը։ Մի հաղորդավար հարցրեց տաղաւարում հիւրընկալուած զրուցակցին. «Էլ ի՞նչ պիտի անի վարչապետն ու ներկայ իշխանութիւնը, որ նրանց կողմնակիցները հասկանան»։
Մենք սփիւռք չենք, որ նախկին էջերի վրայ կանգ առնենք։ Աւանդական սփիւռքը այդպէս էլ չկարողացաւ իր օրակարգում 1915-ի իրադարձութիւնների կողքին աւելացնել 100 տարուայ զարգացումները, իսկ նոր սփիւռքը կանգ է առել նախկինների վրայ, որոնց պատճառով արտագաղթել է։
Մեզ պէտք է զինուորական երկիր դառնալ, պաշտպանել մեր սահմանները ցամաքում եւ օդում։ Սակայն հասարակութիւնը տարօրինակ թմբիրի մէջ է գտնւում։ Ընտրելով 2,5 տարի առաջ Նիկոլ Փաշինեանին որպէս փրկիչ, շարունակում է կոյր-կոյր հաւատալ նրան առանց վերլուծելու նրա արարքներն ու հեռուն նայելու։ Աղանդաւորների նման հաւատում են իրենց ընտրած կուռքին, քարկոծելով բոլոր նրանց, ով հակառակւում է իրենց պաշտամունքին, իսկ հակառակուողների շարքում են հոգեւորականները, երկու կաթողիկոսները, արուեստի գործիչները, բժիշկները, բարձրագոյն ուսումնական հաստատութիւնները, ոստիկանները թուով 300 հոգի, ովքեր համակարգից հեռանալու դիմումներ են գրել, Սիւնիքի անպաշտպան բնակչութիւնը, որը մնացել է ինքն իր յոյսին։ Թւում է, թէ մենք հասել ենք մեր պատմութեան վերջին հանգրուանին. նախկինները մարդ չեն, այլ հայհոյանք են, նրանց վրայ են բարդում բոլոր թիւրիմացութիւնները, մոռանալով, որ մարդը նախկին չի լինում, իշխանութիւնն է նախկին լինում, եւ ներկայ իշխանութեան պարտութեան համար նախկինը պատասխանատու չէ։ Դեռ աւելին,կառավարութիւնում ինչ-որ փաստաթուղթ է պատրաստւում՝ թուրքի եւ ատրպէյճանցու հետ դիւանագիտական յարաբերութիւններ հաստատելու համար եւ առեւտուր անելու, իսկ այդ ֆոնի վրայ ատրպէյճանցին հայերի հետ առեւտուր է անում, պահանջելով զոհուած հայ զինուորների մարմինների համար հողեր... Նրանք հայերի հողատարածքի վրայ աչք ունեն, այն հողի, որի վրայ մեր լոյս տղաների արիւնն է։ Դեռ աւելին... Դեկտեմբերի 10-ին Պաքուի ռազմական շքերթի ընթացքում Ալիեւը Երեւանը, Սեւանը եւ Զանգեզուրը «ատրպէյճանական տարածքներ» անուանեց, իսկ Էրտողանն ասաց, թէ այս օրը «Էնվեր փաշայի, Նուրի փաշայի եւ Կովկասի իսլամական բանակի զինուորների հոգու լուսաւորման օրն է»։ Որոշ մեկնաբաններ կարծում են, որ դա ասուել է ներքին լսարանի համար, սակայն այս ղեկավարների համար ողջ աշխարհն է իրենց ներքին լսարանը։
Լուսանկարում կառավարութեան շէնքն է, որտեղ գտնւում է վարչապետը եւ հսկւում է եռաշերտ կանգնած ոստիկաններով, որոնք պաշտպանում են վարչապետին իրեն 2,5 տարի առաջ ընտրած ժողովրդից։