Այստեղ ամէն ինչ վիրտուալ է, կարծեցեալ. սէրը, ընկերութիւնը, ճշմարտութիւնը, յաղթանակը։ Միայն ատելութիւնն ու պառակտումն է իսկական։ Որովհետեւ ատելութեան վրայ աշխատանք է տարւում հազարաւոր վարձկանների կողմից։ Խօսքը ՖԲ-ի, դիմատետրի մասին է։ Մեր ՀՀ-ան վարչապետի աթոռ զբաղեցնողն էլ հէնց այս ՖԲ-ի վարչապետն էր։ Նրա վարձկանները մեծ յաջողութեան հասան, որպէսզի հայաստանցիների մէջ որոշ բառեր՝ արմատաւորուելով ուղեղի մէջ, իրենց ազդեցութիւնն ունենան. Վանեցեան, նախկիններ, 17 կուսակցութիւններ։ Եթէ հարցնես այդ կուսակցութիւնների կամ գոնէ մի քանի անդամների անունները, ապա ոչ ոք չի կարողանայ պատասխանել։ Ընդհանուր բառ է՝ 17 կուսակցութիւններ, նախկիններ, աթոռակռիւ, որոնք մարդկանց մէջ ատելութիւն են սերմանում։ Հարց. արդեոք մենք հող ունե՞նք ատելութեան համար, որովհետեւ ատելութեան պատճառով ենք հողեր յանձնել եւ շարունակում յանձնել, քանզի թշնամին ազատ մտնում է Արցախի գիւղերը եւ մարդկանց դուրս հանում իրենց տներից։ Գիւղեր կան, որտեղ գիւղացիները մնացել են սահմանի միւս կողմում, իսկ նրանց գերեզմանատունը՝ ատրպէյճանցիների կողմում։ Առանձին խօսքի է արժանի Սիւնիքի մարզը, որը յոյսը կտրել է իշխանութիւններից եւ պատրաստւում է համագումար հրաւիրել՝ իր անվտանգութեան հարցերը լուծելու համար։ Դեկտեմբերի 5-ի դրութեամբ Նիկոլ Փաշինեանի հրաժարականի պահանջին են միացել եւս 3 մարզերի՝ Կոտայք, Սիւնիք, Արարատ, աւելի քան 21 համայնքներ եւ 149 բնակավայրեր։
Առաջին արցախեան պատերազմում յաղթեցինք նաեւ այն պատճառով, որ կռուողները գիտէին, թէ ինչ է գիրքը եւ կրթուած էին, իսկ այսօր հասարակութիւնը կարդում է միայն դիմատետրի նիւթերի վերնագրերը (միայն մէկ նախադասութիւն, աւելին կարդալ նա ընդունակ չէ)։ Դաւաճանութիւն ասելով էլ հասկանում են Քոչարեանի կամ Սերժի դաւադրութիւնը, այսինքն նախկինների ջոկատներն են մտել ռազմադաշտ եւ կազմակերպել առաջնագծում դաւադրութիւն։ Եւ դիմատետրի օգտատէրերը հաւատում են, որովհետեւ ինչպէ՞ս կարող է ինքը Նիկոլ Փաշինեանը լինել դաւաճան։ Անհնար է։ Բայց փաստերը տանում են դէպի վարչապետի աթոռը զբաղեցնողին։ Եւ ըստ զիս նրա վիճակը հիմա աւելի վատ է, քան անմահացած զինուորի, նոյնիսկ կորած զինուորի, հաշմանդամցած կամ գերեվարուած զինուորի։ Գերագոյն հրամանատարի շնորհիւ Արցան ու Հայաստանը յայտուեցին հումանիտար աղէտի եզրին։ Պարտուած վարչապետը այլեւս վարչապետ չի։ Կառավարութիւնն ու ԱԺ-ը այլեւս համարժէք չեն ստեղծուած իրավիճակին։ Փաստօրէն չունենք իշխանութիւն։ Մեր գերեւարուած զինուորների փրկութեամբ զբաղւում են ռուս խաղաղապահները կեներալ Մուրատովի գլխաւորութեամբ։ Ծնողները Փութինին են նամակներ գրում իրենց կորած եւ գերեվարուած երեխաների համար։ Եւ բնական է, որ այս եղերական պահին հայ մարդը պիտի ինչ-որ բան ձեռնարկի։ Այդ հասկանալու համար հարկաւոր է դուրս գալ կարծեցեալ, ՖԲ-եան տիրոյթից, որը պարտուածի տիրոյթն է, եւ քայլել դէպի իրական կեանք։ Երբ ասում են 17 կուսակցութիւն, դրանք իրական մարդիկ են, որոնցից հրէշ են սարքել։ Նրանք ստեղծել են Հայրենիքի փրկութեան շարժում, եւ Դեկտեմբերի 5-ին հանրահաւաք արեցին եւ պատմեցին իրենց ծրագրի մասին։ Սակայն դիմատետրը դա ռազմադաշտ է, որտեղ թշնամիները ներկայացրեցին, թէ Ազատութեան հրապարակ էին եկել 10 000 ժուլիկներ, աւազակախումբ։ Եւ մարդիկ, նստած դիմատետրում, չեն իջնում հրապարակ, որպէսզի իրենց աչքերով տեսնեն, իրենց ականջներով լսեն, եւ իրենց հոգով զգան այնտեղի տրամադրութիւնները, իսկ նրանց համար այդ հանրահաւաքից որոշ պատառիկներ են հրամցնում եւ խեղում իրական պ ատկերը։ Բայց եթէ մարդը թօթափի իր ուսապարկից ատելութեան քարերը, ապա կու գայ հանրահաւաքի եւ կը տեսնի սովորական մարդկանց, կը նայի նրանց աչքերին եւ գուցէ արտասուի, ինչպէս ես արտասուեցի։ Շատ զգայուն եմ եւ վաղուց իրական մարդ չէի տեսել։ Ոչ ոք հանդէս չէր գալիս որպէս կուսակցական։ Մարդիկ մտահոգուած էին ներկայիս սարսափելի վիճակով, որում մենք յայտնուեցինք... Եկել էին յոյսի նշոյլի հետեւից։ Իսկ այդ քաղաքական ուժերը բոլորովին քաղաքական նպատակներով չէին հաւաքել ժողովրդին եւ պահանջում վարչապետի հրաժարականը։ Առաջնային խնդիրը, որի մասին խօսուեց, դա բանակի վերականգնումն է, որպէսզի պաշտպանենք 510 քմ սահմանները։ Հայրենիքի փրկութեան շարժման խորհուրդը աննախադէպ որոշում էր կայացրել. ընտրելով Վազգէն Մանուկեանին մէկ տարով, նրան կարգել էին որպէս անկուսակցական, այսինքն ոչ մի կուսակցութիւն չի լինելու իշխող այս ընթացքում։ Անցումային ճգնաժամային կառավարութիւնը, որը կազմուելու է միայն մասնագէտներից, փորձելու է կարգի բերել երկիրը մինչեւ արտահերթ խորհրդարանական ընտրութիւնները եւ ինքը՝ Վազգէն Մանուկեանը դրանով աւարտելու է իր առաքելութիւնը։ Շատ դժուար է որեւէ բան հասկացնել ժողովրդին, քանզի ազգը ստերով եւ ֆեյքերով խեղուած ամբոխի է վերածուել, որն ունակ չէ գիտակցել վտանգի աստիճանը եւ դիմատետրը ռազմի դաշտ է դարձրել։ Դրա վրայ յատուկ աշխատանք է տարուել եւ տարւում, եւ նոյնիսկ անհետ կորած զինուորի եւ նրա մասունքները սպասող ծնողի խելագառութիւնը այդքան չի յուզում այսօրուայ հայաստանցուն, քան ֆեյքը։ Սուտը, որի վրայ մի ամբողջ խիղճը ծախած բանակ է աշխատում։ Ինչպէս կարելի է այս պայմաններում հանել մարդու միջից ատելութիւնը, որը սերմանում է վարձկան քարոզչամեքենան։ 2018-ին մենք մերժեցինք թալանչիների իշխանութիւնը։ Այժմ պիտի մերժենք դաւաճանների իշխանութիւնը եւ անցնենք առաջ։
Մի շատ կարեւոր բան իմ հետ կատարուեց հանրահաւաքի ընթացքում։ Ես յայտնութիւն արեցի. ես հասկացայ, որ պարտուել է միայն նա, իսկ մեր նահատակները, մեր զինուորը, մեր երկիրը չի պարտուել։ Եւ քիչ յետոյ հէնց այդ միտքը հնչեց նաեւ ամբիոնից, արդէն չեմ յիշում ում կողմից։ Իսկ աչքիս առաջ հերթով երեւացին այն սքանչելի երիտասարդների դէմքերը, որոնց մասին մենք իմանում էինք, երբ նրանք նահատակւում էին կամ անհետ կորում։