1. Այսօր ես իմացայ, որ մեր բարեկամների թոռը զոհուեց պատերազմում. նա ծառայում էր բանակում։ Իսկ նրա որդին, այսինքն բարեկամներիս թոռի հայրը, ով կամաւոր գնաց առաջնագիծ, ոտքը կորցրեց արկի պայթիւնից եւ զրկուեց լսողութիւնից։ Ես պիտի զանգեմ նրանց եւ ցաւակցեմ, բայց ո՞նց անեմ դա եւ ինչ խօսքեր գտնեմ։ 5000 անմեղ տղաներ եւ նրանց կողքին կանգնած կամաւորներ մենք դրեցինք մի դագաղի մէջ։ Նրանց մեղքը միայն նրանում էր, որ նրանք 18-20 տարեկան էին եւ ծառայում էին բանակում։
2. Հայրը յանկարծ լսեց զոհուած որդու ձայնը այն աշխարհից, եւ նա ասաց նրան. «Պապ, գիտե՞ս, նա ով խփեց ինձ, նոյնպէս խփուեց, բայց այստեղ մենք ընկերներ ենք»։
3. Ղարաբաղեան երկրորդ պատերազմում (Սեպտեմբերի 27- Նոյեմբերի 9-ը), ամենամեծ չարիքը անօդաչու թռչող սարքերն էին։ Ինչպէս յայտնի է, հայրերը գնում էին ռազմաճակատ, որպէսզի կռուեն ու պաշտպանեն նաեւ իրենց զաւակներին ռազմի դաշտում։ Ահա մի դրուագ. հայրն ու որդին, տեսնելով նրանց վրայ եկող արկը, ընկնում են գետնին, եւ հայրը ծածկում է մարմնով որդուն։ Երբ որդին ոտքի է ելնում, ապա նա չի գտնում հօրը. նրանից ոչինչ չէր մնացել։ Ոչինչ։
4. Քայլում եմ այսօր փողոցով եւ իմ դիմաց տեսնում 16-17 տարեկան պատանիներին։ Եթէ ինձ հարցնեն, ինչ է երջանկութիւնը, ապա ես ցոյց կու տամ այս տղաներին, որոնց սպասում է միայն կեանք։ Կեանք։
5. Տէր Աստուած, այս ինչքա՞ն լոյս տղաներ տեսանք լուսանկարներում, որոնք երգում էին, կիթառի վրայ նուագում, ժպտում եւ ծիծաղում։ Նրանք մնացին միայն այդ լուսանկարներում։ Նրանք այն անմեղ 5000-ի մէջ մտան։ Միաժամանկ տեսանք վիրաւորների, հաշմանդամացած տղաների լուսանկարները. նրանց թիւը գերազանցում է 10.000-ը։ Շարունակ տեսնում ենք կորածների դէմքերը։ Իսկ յետոյ տեսանիւթեր... գերեվարուածների կտտանքներով ու սպանութիւններով...։
6. Որտեղի՞ց վերցնենք սիրտ՝ դիմանալու եւ դիմակայելու։ Շատ-շատերը չեն դիմանում եւ մահանում են։ Մի՛ ասէք, մի՛ շեշտէք, որ նրանց մահուան պատճառը քորոնաժահրն էր, որովհետեւ մարդու հոգին է, որ չի դիմանում, ինչպէս դա եղաւ Գուգարաց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ Արքեպիսկոպոս Չուլճեանի հետ։ Սրբազան հայրը գնաց, որպէսզի նահատակուածների կողքին լինի։
7. Եթէ մենք «նախկին» բառը չհանենք մեր բառապաշառից, ապագայ չենք ունենայ։ Դա է բոլոր ֆեյքերի հիմնաբառը։ Դէ լաւ, ֆեյքերը փող են աշխատում, հացի խնդիր ունեն, իսկ նախկինների ստուերից հայերն ինչո՞ւ են վախենում։ Երկրի դարբասները բացուել են, հայկական զօրքը այլեւս չի պաշտպանում Արցախը, Հայաստանը կանգնած է բարդագոյն աշխարհաքաղաքական մարտահրաւէրների առաջ, մեզ հաշուած օրեր եւ ժամեր են մնացել, նոր պատերազմն է թակում մեր դուռը, իսկ մարդիկ նախկիններից են վախենում։
8. «Աթոռակռիւ» բառն էլ է շահարկւուն։ Ուզում եմ հարցնել, այդ ի՞նչ աթոռի մասին են խօսում։ Որեւէ մէկը խելքը հացի հե՞տ է կերել՝ երազել պարտուած, արժեզրկուած, ջարդուած եւ փշրուած աթոռը գրաւել։ Ինչպէս է յաջողուել ներկայ իշխանութեանը պառակտել մեր հասարակութիւնը, որը չի հասկանում մի պարզ բան. այդ 17 կուսակցութիւնները - դա նոյն մենք ենք, ընդդիմադիրները - նոյն մենք ենք, ռոբասերժ ասուածն էլ մերն է, մենք ենք։ Վերջ պէտք է դնել պառակտմանը։ Պիտի մաքրենք մեզ ներսի մաղձից եւ ատելութիւնից, յաղթենք ինքներս մեզ, որպէսզի դիմակայելու ուժ ունենանք։ Որովհետեւ մեր հայրենիքը դարձաւ այլեւս տարանցման տարածք օտարների համար, որի ճակատագրի մասին ամէն արտաքին ուժ կարող է որոշումներ կայացնել, բացի մեզանից։
9. Նոյեմբերի 21-ին գնացել էի հանրահաւաքի։ Ես միշտ գնում եմ հանրահաւաքների՝ 1988-ից ի վեր։ Մարդիկ Ազատութեան հրապարակ են գալիս, որպէսզի շնչեն նոյն օդը, նոյն տրամադրութիւնը եւ գուցէ լսեն իրենց հարցերի պատասխանները։ Ինձ աւելի շատ հետաքրքրում են հանրահաւաքի եկած մարդիկ. այստեղ դուք կը տեսնէք յայտնի վերլուծաբաններին, մեկնաբաններին, նաեւ շարքային հայաստանցուն, որն այս 32 տարիների ընթացքում այդպէս էլ չհասկացաւ, թէ ինչո՞ւ մեր կեանքը չի ստացւում, ինչո՞ւ մենք չենք կարող այնպէս ապրել, որ իշխանութեան ու ժողովուրդի միջեւ չգոյանայ անյաղթահարելի անջրպետ։ Ես սիրում եմ այդ ազնիվ չարքաշ շարքային հայաստանցուն, որի մէջքի հետեւը ոչ ոք չկայ, եւ նա 32 տարի շարունակ գալիս է այս հրապարակը, ինչպէս գալիս են վիճակախաղի խաղարկմանը՝ յոյսով, որ իրենց տոմսը կը շահի։ Չի՛ շահի, գիտենք, իսկ հիմա արդէն տոմս էլ չմնաց։ Ելոյթ ունեցողները բոլորովին աթոռի յաւակնորդներ չէին եւ ոչ մի աթոռակռիւ չկար։ Ոստիկանները մէկ-երկու անգամ փորձեցին միջամտել, յայտարարելով, որ ռազմական դրութիւն է եւ հանրահաւաքները արգելուած են, սակայն դա ոչինչ չփոխեց, իսկ երբ սրամիտ բան էին լսում ամբիոնից, ապա դիմակը թագցնում էր նրանց անկեղծ ծիծաղը։ Սակայն մի պահ ինձ թուած, որ ես կ՚ուշաթափուեմ, երբ խօսեցին, թէ ինչ վէրքեր էին ունենում տղաները, որոնք չունէին զրահաբաճկոն։
10. Այսօր ես լսեցի ռազմադաշտից եւ միջեւ հիմա մեր հողերը պահող զինուորի պատմածը։ Ուրեմն, ռազմի դաշտում կռուողի համար գոյութիւն չունեն քաղաքական հարցեր՝ վարչապետ, ընդդիմութիւն եւ այլն, այնտեղ առընչւում են աւելի մեծ ճշմարտութիւնների հետ, իսկ գլխաւոր ճշմարտութիւնն այն է, որ այս պատերազմի մեղաւորը... հայ հասարակութիւնն էր, որովհետեւ ոչ մի ղեկավար չէր կարող հանրութեանը ասել միջազգային հարթակում ամրապնդուած ճշմարտութիւնն առ այն, որ այս հողերը պիտի յանձնուէին։ Այո, արիւնով վերցուած հողերը կամ պիտի անարիւն յանձնուէին կամ արիւնով պահուէին, եւ քանի որ մենք ի վիճակի չէինք արիւնով պահել, մենք եւ արիւն թափեցինք, եւ յանձնեցինք։ Իսկ Շուշին, մեր հրաշք մշակութային գոհար Շուշին, եղել է որքան մեզ համար արժեքաւոր, այնքան էլ Ատրպէյճանի, եւ նրանք դա ստացան որպէս պոնուս։
Սա է ողջ դրամատուրգիան։