ԼԻԼԻԹ ՀԱՆՉԻ ՊՕՂՈՍԵԱՆ
Հայրենիքը վիրաւոր է, բայց մերն է։ Կորցրածն էլ է մերը։ Ցաւն էլ է մերը։ Մենք շատ ժամանակ չունենք, յետհաշուարկը սկսուած է, աշխարհին օր առաջ պիտի ներկայանանք մեր իրական ներուժի հնարաւորութիւններով։
Սիւնէ Սեւադա. «Պատերազմը անձնական ողբերգութիւն է ինձ համար։ Ինքս Երեւանում եմ մեծացել, բայց արմատներով արցախցի եմ ու շատ կապուած եմ մեր հողի ու այնտեղ ապրող ընտանիքների հետ։ Մերոնք Մարտակերտի Մաղաւուզ գիւղից են, ու մեր տունը կորցրել ենք դեռ առաջին պատերազմում։ Այս պատերազմի աւարտին, այս պահի դրութեամբ, մեր գիւղը դառնում է սահմանապահ։ Հիմա մեր հարազատներն են, որ ստիպուած դուրս են եկել իրենց տներից, ու մենք ասես նոյնն ենք վերապրում՝ արդէն հարազատների դէմքով։
Միշտ մեծ երազանք եմ ունեցել, յատկապէս պապիկիս մահից յետոյ, վերադառնալ գիւղ ու վերակառուցել իր կիսաւեր տունը, որ ստիպուած թողեցին պատերազմին։ Հիմա էլ վստահ եմ, որ այդ օրը գալու է։ Շատ եմ աշխատելու, բոլորս միասին վերականգնելու ենք խաղաղութիւնն ու Արցախի հին սահմանն ու դիմագիծը, ես էլ սարքելու եմ փոքրիկ հիւրատունը, այնտեղ էլ յաճախ ապրեմ ու գրեմ», մեզ հետ զրոյցում պատմում է 25 ամեայ երիտասարդ արձակագիր Սիւնէ Սեւադան, ով գրում է արդէն տասը տարի՝ նախ տպագրուելով գրական պարբերականներում ու հրապարակուելով իր անձնական կայքում։ 2019 թուականին հրատարակուեց գրողի «Կախուածութիւն» պատմուածքների ժողովածուն, որը Հայաստանում երկու տարի բեսթսելլերների առաջին հորիզոնականներում է։ Նրա պատմուածքները թարգմանուել են տարբեր լեզուներով։
Տեղեկացնենք, որ Սիւնէ Սեւադան հիմա էլ աշխատում է իր նոր գրքի՝ վէպի վրայ։
-Սիւնէ, Ատրպէյճանի կողմից Արցախի դէմ սանձազերծուած այս անհաւասար պատերազմում պարտուեցինք։ Սահմանագծի կռուի ու թիկունքի պայքարը որքանո՞վ է տեղին պարտութիւն կոչել, որքան էլ որ մէջտեղ դրուած չարաբաստիկ պայմանագիր կայ, իրականում ի՞նչ յաղթանակներ ունեցանք եւ որտե՞ղ պարտուեցինք…։
-Այո, այս պատերազմն անհաւասար էր, քանի որ ինսուննականներին խայտառակ պարտութիւն կրած Ատրպէյճանը, որը թիւով եռակի անգամ գերազանցում էր Հայաստանին ու Արցախին, 2020-ին օգնութեան կանչեց ոչ միայն Թուրքիային իր գերժամանակակից ռազմատեխնիկայով ու զինուժով, այլեւ իսլամիստ վարձկանների։ Բայց փողի համար գլուխ կտրողը չի կարող հողի համար պայքարել այնպէս, ինչպէս իր տունը պաշտպանող հայ զինուորն էր։ Դրա համար մերոնք այդ անհաւասար կռւում անգամ ֆանտաստիկ դիմադրութիւն են ցուցաբերել ու որոշ տեղերում նաեւ առաջխաղացում ունեցել։
Այս պարտութիւնը մեզ թղթով է պարտադրուել։ Մենք բոլորս Սեպտեմբերի 27-ին՝ պատերազմի առաջին օրը, րոպէների ընթացքում արագ ինքնակազմակերպուեցինք, ու նոր «աշխատանք» գտանք՝ գրեթէ բոլորս դառնալով կամաւորներ՝ լուծելով տարատեսակ խնդիրներ թիկունքում՝ օգնելով արցախցի ընտանիքներին եւ նաեւ սահմանապահ զինուորներին։ Խօսքը տասը-քսան, անգամ՝ հարիւր մարդու մասին չէ։ Հազարների անունից եմ խօսում, «ցանցային» էինք աշխատում՝ իրար օգնելով ու սատարելով։ Սփիւռքը ներառեալ, որ ամուր թիկունք էր հայաստանեան թիկունքին ու բանակին։
Մենք մինչ օրս աշխատում ենք՝ նոյնչափ եռանդով ու նուիրումով մանրումեծ հարցեր ենք լուծում ու փորձում չտրուել մեր ապրումներին, քանի որ բոլորս գիտենք, որ հարիւրաւոր ընտանիքներ դեռ մեր օգնութեան կարիքն ունեն։
-Յեղափոխութիւնից յետոյ ձեր կարծիքով ո՞րն էր ամենամեծ սխալը, ինչի արդիւնքում այսչափ թանկ վճարեցինք. այժմ էլ մեղաւորներ ու դաւաճաններ ենք փնտռում։ Որտեղից՝ ուր հասանք։ Կա՞յ յոյս, թէ՝ այլեւս պետութեան հանդէպ վստահութիւնն իսպառ վերացել է։
-Այս հարցին հիմա բարդ է պատասխանել։ Ապրումները դեռ ուժգին են, բոլորս էմոցիոնալ ենք։ Աւելի ուշ, երբ ցաւը մեղմանայ, երբ բանականութիւնը արթնանայ շոքային վիճակից, կը սկսենք հասկանալ՝ ինչ կատարուեց այս ընթացքում։ Յոյս ի հարկէ կայ, յոյս միշտ էլ կայ։ Եւ յոյսն, առաջին հերթին, քաղաքացին է՝ գիտակից, ստեղծող, չընկճուող։ Քաղաքականութիւնը բազմադէմ, բազմազան ու փոփոխական է, իսկ պետութիւնն ու պետականութիւնը՝ եզակի ու կայուն։ Դրա համար հայրենիքի հանդէպ վստահութիւնն ու նուիրուածութիւնը երբեք չպէտք է անձերով պայմանաւորել՝ անկախ օրուայ քաղաքական կուրսից։ Մենք միայն մեզ ունենք այս պահին, ու որպէս հասարակութիւն՝ լաւագոյնս պիտի դրսեւորենք մեզ՝ նախ անկեղծօրէն գնահատելով մեր թերութիւնները, սխալները, յետոյ արդէն սկսենք լրացնել թերին ու աճել՝ նախ որպէս անհատ, յետոյ արդէն որպէս հանրոյթ՝ դառնալով շատ ուժեղ, զարգացած, հեռատես ու ճկուն երկիր։ Հաւանաբար սա էր, որ պակասեց բոլորիս։
-Հայաստանն ու Արցախը վիրաւոր սրտով, ներքաղաքական անկայունութեամբ, հազարաւոր զոհերի ծնողների կսկծացող սրտով, սարսափելի իրականութեան մէջ ուժ կը գտնե՞ն կանգնելու, վերածնուելու։
-Ուժ գտնելն անգամ չի քննարկւում։ Պարտաւոր ենք ուժ գտնել ու արդէն գտել ենք՝ զոհուած հերոսների ընտանիքների կողքին լինելու, տուն կորցրած մարդկանց աջակցելու համար։ Մենք բոլորս ցաւի մէջ ենք, ու երբեմն զգացողութիւն է, թէ անգամ հասարակ շնչելն է ծանր տրւում։ Մեր տղաների կորստի ցաւը դեռ երկար է մեզ ուղեկցելու, բայց հէնց այդ ցաւը պիտի լինի այն մղիչ ուժը, որ օգնի ոչ մի վայրկեան չմոռանալ այսօրուայ ապրումներն ու այլեւս երբեք նահանջ չունենալ՝ մեր նպատակներից ու ամբողջականութիւնից։
Հիմա առաւել քան երբեւէ ենք պարտաւոր սիրել ու հոգ տանել մեր հայրենիքի մասին՝ ամէն մէկս իր ձեւով, իր գործով։ Վերանայենք յատկապէս կրթական, տնտեսական առաջնահերթութիւնները, մեր ուղեղներին ոչ թէ անտարբերութեամբ դուրս ճանապարհենք, այլ խրախուսենք ու սատարենք. նրանց միտքն է, որ հրաշքներ է ծնելու մեր հողի ու մեր պաշտպանութեան համար։ Հայրենիքը վիրաւոր է, բայց մերն է։ Կորցրածն էլ է մերը։ Ցաւն էլ է մերը։ Մենք շատ ժամանակ չունենք, յետհաշուարկը սկսուած է, աշխարհին օր առաջ պիտի ներկայանանք մեր իրական ներուժի հնարաւորութիւններով։