Էդիթ Փիաֆը, տեսնելով Ազնաւուրի մեծ քիթը, հարցնում է.
-Հրեայ ես։
Հայ,-պատասխանում է Ազնաւուրը։
-Հա՞յ, դա ի՞նչ է։
-Երկար պատմութիւն է։
Փորձագէտները նշում են, որ պատերազմը ամիսներ կարող է տեւալ, այսինքն մարտերը թէժանալով կամ թուլանալով երկար են շարունակուելու։ Ուրեմն կեանքը կը բաժանուի երկու բեւեռի. մի բեւեռում կը լինեն կռուողները, որոնք անքուն, անդադար պիտի դիմակայէն, իսկ միւս բեւեռում պիտի զբաղուեն վերլուծութեամբ եւ քննարկմամբ։ Պատերազմը շատ սուղ հաճոյք է, օրինակ, Շվեդիան առաջարկել է Հայաստանին գնել 8 կործանիչներից բաղկացած խմբաքանակ, մէկի արժէքը 55-60 միլիոն եւրօ է, եւ դա համարւում է ցածր գին արեւմտեան արտադրանքի համար։ Սակայն արի ու տես, որ Արցախի հարաւային մասի նուաճումը հնարաւոր եղաւ այն պատճառով, որ չկար երկրորդ պաշտպանողական գիծ, ոչ 1 քմ խորքի վրայ, ոչ 5, ոչ 50... Այնինչ պէտք էր տարիների ընթացքում կառուցել ոչ թէ միայն առաջինին չզիջող երկրորդ ու երրորդ պաշտպանողական գծեր, այլ առնուազն 30 քմ խորքում եւ առնուազն 1-3 քմ իրարից հեռաւորութեան վրայ մինիմում 10 պաշտպանողական գիծ։ Եւ դրա համար չնչին գումարներ էին անհրաժեշտ։ Այդ խրամատները զինուորն է փորում, հակատանկային խրամատները՝ թեխնիկան, իսկ ականից աւելի էժան սպառազինութիւն միայն փամփուշտն է։ Սա տարրական գիտելիք է, որ պէտք է անցնել դեռ դպրոցում,-աւելացնում է այդ պաշտպանողական գծերի մասին դիտարկում արած հեղինակը։
Մեր հակառակորդը 20 միլիառի զինամթերք է առնում, պատրաստւում է ռեւանշի, իսկ մեր կամաւորներից շատերը ռազմագիտութիւնից բան չեն հասկանում։ Այսօր պատերազմում կռւում են ժամկէտային եւ պայմանագրային զինծառայողները՝ 18-20 տարեկան եւ կամաւորները. տարբեր մասնագիտութեան տղամարդիկ՝ երաժիշտներ, արուեստագէտներ եւ... նրանք միանգամից մտնում են մարտերի մէջ, չնայած նրանցից շատերը գուցէ երբեք նոյնիսկ զէնք չեն բռնել ձեռքերում։ Կեներալ-լեյտենանտ Նորատ Տէր- Գրիգորեանը, որը մեծ աւանդ է ունեցել Հայաստանի զինուած ուժերի ձեւաւորման մէջ (այժմ պաշտօնաթող է) կարծում է, որ հարկաւոր էր տեղաբնակ բոլոր տղամարդկանց նախապէս պատրաստել պատերազմի, իւրաքանչիւրին ինքնաձիգ յատկացնել, պահել այդ զէնքը ոստիկանական բաժանմունքներում կամ զինկոմիսարիատներում եւ պարբերաբար նրանց հետ պարապմունքներ ու ռազմական հաւաքներ իրականացնել. «Մարտական գործողութիւնների ընթացքում աշխարհազօրը զբաղւում է թիկունքի ռազմական օբյեկտների եւ առանցքային ենթակառուցուածքների պահպանութեամբ, իսկ կանոնաւոր բանակը կռւում է առաջնագծում։ Իսկ եթէ այդ մարդկանց սովորեցնեն նաեւ աշխատել ավտոմատ զենիթային տեղակայանքների հետ, նրանք իսկապէս անգին կը լինեն»։
Սակայն Հայաստանը Շվեյցարիա չէ, մեր ամենատարածուած արտայայտութիւնը «դանակը ոսկորին հասաւ» ասուածքն է եւ մենք աներեւակայելի սուղ գին ենք վճարում մեր չպատրաստուածութեան համար։
Արդէն կարծես կամաց-կամաց հայաստանցիները եւ անշուշտ ողջ հայութիւնը հասկանում են, որ ապրել ցեղասպան տարածաշրջանում կարող է միայն հզօր Հայաստանը, որն ունի զէնքի իր սեփական արդիւնաբերութիւնը եւ որի համար պատերազմը երբեք չի լինի անակընկալ։ Այսօր կռւում են առաջին արցախեան պատերազմի մասնակիցների զաւակները, որպէսզի կիսատ թողած պատերազմը չթողնեն արդէն իրենց զաւակների ուսերին։ Սակայն նրանց հայրերը մեկնում են զաւակների ետեւից, որպէսզի որդիների կողքին լինեն։ Երեւի աշխարհը նման բան չի տեսել։ Հայրենիք կորցնելու վտանգը հային դարձնում է դիւցազն։ Զինուորը, տեսնելով զինակիցների մահը, չի ընկրկում, աւելի է հզօրանում, կռուելով արդէն 10 հոգու փոխարէն։ Պատերազմ են գնում ընտանիքներով. ահա 77 տարեկան Դեդոն, եկել է ռազմաճակատ իր երկու աղջիկների, տղայի եւ երկու թոռների հետ։ Չարենցաւանցի լեգենդար հրամանատար, Մարտական խաչի շքանշանակիր, գնդապետ Խաչիկ Աւետիսեանը՝ իր երկու որդիների հետ է ռազմաճակատում, նրանց անուններն են Մուշ եւ Վան։ Երեք եղբայրներ մի ընտանիքից... Գալիս են կռուելու հայեր աշխարհի տարբեր երկրներից՝ ֆրանսիայից, Գանատայից, աւելի շատ Ռուսաստանից, եւ առաւել՝ Վրաստանից...
Երբ լուր ենք առնում զոհուածների մասին (ի դէպ զոհուածի փոխարէն ասում ենք անմահացած), ապա մենք՝ կանայք, մայրերս, վշտից խեղդւում ենք, սակայն տղամարդիկ համգիստ յանդիմանում են. “Սա պատերազմ է...”, իսկ պատերազմը նշանակում է մահ՝ երիտասարդի մահ, իր հօր աչքի առաջ մահ, 30 հոգուց 24-ի մահ... Հետաքրքրականն այն է, որ երբ ռազմաճակատից մի քանի օրով որեւէ մէկը վերադառնում է թիկունք, ապա հոգեպէս նա միեւնոյնն է մնում է այնտեղ եւ նրա ականջների մէջ շարունակւում է լսուել արկերի պայթիւնը եւ նա արդէն ընդունակ չէ ապրել առանց այն եղբայրութեան մթնոլորտի, որը տիրում է ճակատում։
Այս օրերին թէժ մարտեր են գնում Շուշիի համար, եւ տեղեկացանք, որ վերջապէս երկինքն այլեւս փակուած է թշնամու անօդաչու սարքերի համար։ Չգիտեմ, ինչ տեխնիկայ է գործի դրուել, բայց հաստատ գիտեմ, որ երկինքը պաշտպանուած է մեր անմահացած զինուորներով...
Պատերազմը երկար է տեւալու” գրութեանս ամսաթիւը Նոյեմբերի 9-նն է, սակայն Նոյեմբերի 10-ի գիշերը հայաստանցիները լուսացրեցին հրապարակներում եւ փողոցներում, առնելով սարսափելի լուրը առ այն, որ ստորագրուել է պատերազմական գործողութիւնների դադարեցման պայմանագիր՝ հողերի յանձնումով։ Այսպիսով ի չիք է արուել մեր հազարաւոր հերոսների սրբազան արիւնը, թափած 30 տարիների ընթացքում, յատկապէս այս վերջին 40 օրուայ ընթացքում։ Կէսգիշերից սկսած յայտնուեցինք նոր իրականութեան մէջ, որը թւում է սիւրռեալիստական, անհաւատալի։
Ատրպէյճանը այսուհետ մտնում է մեր կեանքի մէջ իր ներգաղթեալներով հանդերձ։ Մտածում էինք, որ ժողովուրդը արտագաղթում է եւ պէտք է բացը լրացնել հնդիկներով եւ մեզ մօտիկ ազգերով, ինչպէս յուշում էր սփիւռքի գործերի յանձնակատար Սինանեանը։ Գիշերը վրէժխնդրութեան կոչեր հնչեցին վարչապետի կողմից, եւ սա երեւի ծրագրի երկրորդ մասն է՝ հրահրել քաղաքացիական պատերազմ։ Պատժել մեղաւորներին,-սա է բոլորի մտքին, թէպէտ մի մասի համար մեղաւորները ներկայ իշխանութիւնն է, իսկ միւս մասի համար՝ նախկինները։
Մենք պարտուեցինք. զինուորը պարտուեց ՖԲ-ին, կռուողը չկռուողին, անմահացածը՝ մահկանացուին, Շուշին՝ Կարսին։ Գուցէ հիմա սթափուենք եւ ճիշդ շարժուենք, լսենք իրաւա-քաղաքագէտներին եւ չվերածուենք անկառավարելի ամբոխի, որովհետեւ պատերազմում դու ճանաչում ես քո թշնամուն, իսկ հիմա... մէկը միւսին թշնամի է հռչակում։