ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ
Ծանր է ամէն վայրկեան, բայց օրուայ ծանրագոյն պահը դա մահուան ցուցակների հրապարակումն է լուրերում։ Գերեզմանային լռութիւն է տիրում հայերի սրտում։ Շատերի սիրտը չի դիմանում եւ կանգ է առնում, եւ ամէն կողմից մահուան բօթ ենք առնում, որը չգիտես ինչու զարմանք է առաջացնում՝ ինչո՞ւ մահացաւ, օրինակ, այս հրաշալի դերասանը, նա կարծես բարի հրեշտակ լինէր թատրոնում՝ չհասկանալով, որ հէնց հրեշտակի փխրուն սիրտը չդիմացաւ։ Ցաւ, անսկիզբ եւ անվերջանալի ցաւ։ Մի քանի օր առաջ ռմբակոծեցին Ստեփանակերտի ծննդատունը։ Մինչ այդ՝ Շուշիի Ղազանչեցոց եկեղեցին։ Ռմբակոծողներն ասում են, որ Ստեփանակերտը (ազերիներն անուանում են քաղաքը Խանքենդի), Շուշին դա ատրպէյճանական քաղաքներ են, հետեւաբար ռմբակոծում են իրենց սեփական քաղաքները... Երեւում է, որ նպատակ են դրել ոչնչացնել հայերի քաղաքները եւ քանդած ու աւերած տարածքներում կառուցել իրենցը՝ մաքրելով հայերի հետքերը...
Ռազմական փորձագէտ, ՌԴ ԶՈԻ հետախուզութեան գնդապետ Ալեքսանդր Ժիլինը արձագանգում է. «Ալիեւի պատերազմի մասին պատկերացումները ողորմելի են։ Նա հիմա պատերազմում է երեխաների, ծերերի, յղի կանանց, հիւանդանոցների, ծննդատների, եկեղեցիների դէմ։ Կարճ ասած՝ ռազմական յանցագործութիւններ է կատարում։ Չնայած զարմանալի կը լինէր Ալիեւի պէս մէկից՝ այլ բան սպասել»։.
ՌԴ Պետդումայի պատգամաւոր Վիտալի Միլոնով.
«Շատ եմ մտածել այս պատերազմի մասին. Ալիեւը պարտուել է. Ալիեւն պարտուել է առաջին քրիստոնեայ ժողովրդին, պարտուել է այդ ժողովրդի ռազմական պատմութեանը, մշակոյթին, ոգուն, իմաստութեանը, ապրելու կամքին, ուժին։ Պարտուել են եւ դրա համար հարուածել են եկեղեցուն եւ ծննդատանը»։
1. Ինչից եմ վախենում.
Շատերն են վախենում այն պահից, երբ խաղաղութիւն վերջապէս կը հաստատուի, տարօրինակ է, չէ՞, որովհետեւ կարող է կրկին վերադառնանք մեր նախկին ապրելակերպին, կարծես թէ ոչին չէր պատահել։ Մենք շատ խաղաղասէր ազգ ենք, մոռանալով, որ մեզ պարտադրրուած է մշտնջենական պատերազմական իրավիճակ եւ մենք պիտի ապրենք լատինական թեւաւոր խօսքի սկզբունքով si vis pacem, para bellum —ուզում ես խաղաղութիւն՝ պատրաստուիր պատերազմի։ Արդեօ՞ք բացի դիմակ դնելու պարտադրանքից կը պարտադրենք մեզ տիրապետել պատերազմի պայմաններում գոյատեւելու հմտութիւններին...
2. Յոգնել եմ.
«Միջազգային կառոյց» դատարկ բառակապակցութիւնից, լուրերից, որտեղ յայտարարում են ով ինչ ասեց՝ Թրամբից սկսած եւ... Թրամբով էլ վերջացրած։ Որ մարդ է գնում հասնում ԱՄՆ, որպէսզի լսի ՓոմՓէյոից հետեւեալը. «Յոյս ունեմ, որ հայերը կը կարողանան պաշտպանուել ատրպէյճանցիների գործողութիւններից»։
3. Զարմանում եմ.
Որ ունենալով հսկայական ներուժ ամբողջ հայութեան մասշտաբով՝ մտաւոր, զինուորական եւ այլն, դրա ոչ մի տոկոսը չենք օգտագործում՝ համապատասխան նախարարութիւն կամ կառոյց չունենալու պատճառով, եւ ողջ մեր ներուժը գնում է այս կամ այն անարժան մարդու պահուածքը թամաշա անելու վրայ...
4. Իհարկէ, յաղթելու ենք։
Բայց այդ առիթով ուզում եմ յիշել այն պատմական
ֆուտպոլը Հայաստան-Թուրքիա, կարծեմ 2008-ին, երբ Կիւլն էր հիւր եկել... Թուրքերը վախեցած էին, իսկ մենք, հայերս, մարզադաշտում նստած տենչում էին գէթ մէկ կոլ ըմբոշխնել հայկական թիմի կողմից։ Սակայն թուրքերի թիմը շատ ուժեղ էր եւ պատրաստուած։ Ուզում եմ ասել, որ հէնց այնպէս, մեծ ցանկութեամբ յաղթանակ հնարաւոր չէ արձանագրել, երբ մենք պատերազմում ենք՝ այս մէկ ամսուայ ընթացքում լռացնելով 28 եւ 2,5 տարուայ բացը... տղաների արեան գնով։ Ամօթ է։ Շատ ամօթ այդ տղաների առաջ...
Աշխարհի հայութիւնը անշուշտ ոտքի է կանգնել. նկարիչը իր նկարներն է համացանցով վաճառում եւ գումարը փոխանցում համահայկական հիմնադրամ, հայ երաժիշտները ողջ աշխարհից միասին նուագում են եւ այսպիսով հրաւիրում են հանգանակութեանը... Սակայն կրկնում եմ. եթէ լինէր համահայկական մի կառոյց, որը կարգաւորէր հայութեան ջանքերը, ապա երեւի թէ այդ երթերի եւ Արցախի անկախութեան պահանջի փոխարէն կը մտածէին միայն ու միայն զէնքի մասին, որովհետեւ մեր պատերազմը 21- դարում դեռ նախադէպը չունեցաց պատերազմ է իր բնոյթով, որտեղ իշխում են անօդաչու սարքերը ԱԹՍ-ները, օդից է թափւում մահը։ Ափսոս մեր հսկայ սփիւռքը իր անելիքը լաւ չի պատկերացնում եւ իր ջանքերն օգտագործում է յանուն Արցախի ճանաչման։ Ուշ է եւ... ապարդիւն։ Ի՞նչ տուեց մեզ առաջին ցեղասպանութեան ճանաչումը 34 երկրների կողմից, ի՞նչ, բացի երկրորդ ցեղասպանութեան սպառնալիքից։ Աշխարհը անշուշտ փոխուել է, որովհետւ աշխարհը տեսնում է, որ սա տարածքի կռիւ չէ, այլ մէկի ցեղասպան, մարդակեր եւ մարդակործան ոճրագործութիւնը միւսի նկատմամբ։ Եւ քանի որ աշխարհն այլեւս ոչ միայն լսում է, ինչպէս դա տեղի ունեցաւ 105 տարի առաջ, այլ նաեւ տեսնում է, ապա սարսափով արձագանգում է։
«Ատրպէյճանցի լրագրողը ասում է՝ մենք պէտք է սպանենք բոլոր հայերին, քանի որ նրանք թշնամի են։ Պատկերացնու՞մ եք 21-րդ դարում լրագրողը ուզում է գնալ եւ սպաննել բոլոր հայերին, այդ թւում՝ նորածիններին։ Ալիեւը եւ միւս պաշտօնեաները սրա վերաբերեալ բան չեն ուզում ասե՞լ։ Բա ասում էին՝ մենք ուզում ենք խաղաղ ապրել հայերի հետ։ Այսպէս էք ուզու՞մ խաղաղութիւն։ Ես երբեք չեմ տեսել, որ որեւէ հայ նման զզուելի եւ կենդանական մտքեր արտայայտի։ Իսկ ատրպէյճանցիների մօտ այս անասունին բնորոշ մտքերը հանդիպում եմ։ Սա ի՞նչ է։ Մեկ այլ ատրպէյճանցի լրագրող ասում է՝ Լաւրովն ու վարչապետ Միշուստինը՝ ազգութեամբ թշնամի են, որովհետեւ հայ են։ Սա անասունին բնորոշ մտածելակերպ է, սա Ատրպէյճանի խայտառակութիւնն է».- Վլատիմիր Սոլովյով, հեռուստալրագրող, հրապարակախօս։
«Այստեղ Ռուսաստանում ոմանք ատրպէյճանցիների ասածները ոգեւորուած կրնում են, թէ Ղարաբաղը Սովետական Ատրպէյճանի մէջ էր։ Իսկ չէ՞ք ցանկանում իմանալ, թէ Ղարաբաղը ինչպէ՞ս յայտնուեց Ատրպէյճանի կազմում։ Սովետական միութիւնում Լենինը ուրիշներին բառիս բուն իմաստով նուիրում էր հայկական հողերը։ Կարսի եւ Մոսկուայի պայմանագրերով թուրքերին նուիրեցին՝ Կարսը, Արտահանը, Սուրմալուն, Արարատ լեռը, իսկ Ատրպէյճանին նուիրեցին Նախիջեւանը։ Յետոյ 1921թ.-ին Ատրպէյճանին նուիրեցին նաեւ Ղարաբաղը։ Սա ոչ միայն դաւաճանութիւն էր հայերի նկատմամբ, սա դաւաճանութիւն էր նաեւ ռուսական շահերի նկատմամբե. ՌԴ-ում Արեւելքի հարցերով առաջատար փորձագէտ Եւգենի Սատանովսկի։