Հոկտեմբերի 5-ն է. պատերազմի 9-րդ օրը։ Իրականում դա Սեպտեմբերի 27-ն է շարունակւում, երբ պատերազմն արթնացաւ։ Այն երբեք չէր դադարել արդէն 30 տարի շարունակ, բայց առաջին անգամն է, որ բռնկուեց անասելի մասշտաբով եւ վեհութեամբ, քանզի հերոսի մահը կրում է իր մէջ վեհութիւն։ Կրկին, ինչպէս դա եղել է դարեր, նոյնիսկ հազարամեակներ շարունակ, մենք պէտք է մեռնենք, որպէսզի ապրենք։
Պատերազմն արթնացաւ, եւ դա նշանակում է, որ մեզ համար արդէն քնել չկայ։ Հազիւ գլուխը դնում ենք բարձին, եւ ինչ-որ մի տեղ անմիջապէս սկսում է ուժգին բախել։ Պարզւում է, որ դա սեփական սիրտն է եւ նման սրտի զարկի ուժգնութեան դէպքում չի կարող քնել ո՛չ մի մայր։ Այնպէս որ պատերազմի 1-ին օր, 2-րդ, կամ 9-րդ գոյութիւն չունի. միեւնոյնն է դա անվերջանալի, անժամ եւ անրոպէ օր մըն է։ Րոպէների փոխարէն միայն ցաւ է։ Զգացմունքներից միայն թախիծ՝ համաժողովրդական։ Եւ աղօթք համաժողովրդական։ Լուրերից՝ միայն յատուկ թողարկումներ մարտական գործողութիւնների վերաբերեալ եւ զոհուած մարտիկների անունների ցուցակները, որտեղ բոլորը մերոնք են։ Ցուցակները որպէս կեանքի կտակ։ Կեանքի լուսաբացին ընկած տղաները մեզ պատուիրում են ապրել։ ԱՊՐԵԼ։ Նրանք զինուորական մեքենաներով պիտի սլանան մայրուղիներով դէպի ռազմաճակատ, իսկ 5-15 տարեկան պատանիները պիտի ճամբեզրին կանգնած նրանց ձեռքով անեն։ Աւելի յուզիչ տեսարան դժուար է երեւակայել։ Աւելի գեղեցիկ երիտասարդներ, որոնց տեսնում ենք այդ զինուորական մեքենաներում, դժուար է որեւէ մի ուրիշ տեղ տեսնել։ Մեծահասակ տղամարդիկ չեն դիմանում եւ ամբողջ օրը հաւաքւում են համապատասխան հիմնարկների առջեւ, որպէսզի նոյնպէս մեկնեն պատերազմի դաշտ։ Որպէսզի ողջ Արցախն ու Հայաստանը չդառնան ռազմաճակատ, որովհետեւ ի տարբերութիւն հայերի հակառակորդը զերծ է մնում պատերազմական քաղաքակիրթ ձեւերից, թիրախաւորելով խաղաղ բնակավայրերը, լրագրողներին (այդ թւում արտասահմանեան) եւ օգտագործում միջազգայնօրէն արգելուած զէնք՝ կասեթային ռումբ... Սակայն Արցախի նախագահ Արայիկ Յարութիւնեանը իր ելոյթում զգուշացնում է, որ մենք կը պատերազմենք քաղաքակիրթ ձեւերով եւ որպէս հակառակորդ կը ճանաչենք Ատրպէյճանը, բայց ոչ ատրպէյճանական ժողովուրդը, որը նոյնպէս ալիեւեան իշխանութեան ձեռքում տուժող է։
Մենք փոքր երկիր ենք, բայց մեզ միշտ պարտադրել են մեծ պատերազմ, սակայն երբ մենք թէժ կռիւներից յետոյ սկսել ենք յաղթարշաւը, այդժամ գերտերութիւնները մեր յաղթանակը կասեցրել են, թոյլ չտալով վերջնականապէս լուծել մեր ազատագրման խնդիրը, եւ այն մնացել է միւս սերունդներին։ Այս անգամ մեր պաշտպանութեան նախարար Դաւիթ Տօնոյեանը յայտարարեց, որ մեր պատասխանը լինելու է աւելի կոշտ, քան երբեւէ։ Եւ մեր տղաները առանց խուճապի, առանց վարանելու, եղբայրներով, հայր ու որդիներով՝ կողք կողքի, ուս ուսի տուած սկսեցին մարտնչել, ետ շպռտելով հակառակորդին եւ այն դիտարկելով ոչ թէ հերոսութիւն, այլ իրենց առջեւ դրուած մարտական խնդրի լուծում։ Ի հարկէ յաղթելու ենք։ Արդէն յաղթում ենք, եթէ Ատրպէյճանը Թուրքիայի մասնակցութեամբ (քանզի պատերազմում ներգրաւուած են թուրքական օդային ուժերը եւ հրամանատարները) չկարողացաւ իրականացնել կայծակնային պատերազմ եւ երկարաձգեց այն, կրելով կորուստներ եւ զինուորների եւ զինուժի առումով. ասում են, որ եթէ Ատրպէյճանին զինուորական տեխնիկայով օգնում է Թուրքիան, ապա Հայաստանին՝ Ատրպէյճանը, որովհետեւ անթիւ զինտեղխնիկայի միաւոր է հասնում մեր բանակին նրանցից... Թուրքիան իր մասնակցութիւնը բացատրում է նրանով, թէ իբր միջազգային կազատարն է վերահսկում, սակայն ՀՀ-ան նախագահ Արմէն Սարգսեանը յայտարարում է, որ եթէ հայերը նպատակ ունենային վնասել այդ գազատարը, ապա 20 տարի առաջ դա կանէին, եւ Ատրպէյճանը չէր հարստանայ այնքան, որ կարողանար այդ քանակութեան սպառազինութիւն ձեռք բերել եւ յարձակուել Արցախի վրայ։ Այնուամենայնիւ զէնքը ունենալը դեռ չի նշանակում լինել ուժեղ, որովհետեւ Ատրպէյճանը չի տիրապետում զինուորական հմտութիւններին, ինչպէս Հայաստանը։ Սիրիական վարձկաններն էլ հայերի մէջ սարսափ չեն առաջացնում, որովհետեւ սիրիական ահաբեկիչները կարող են սպանել, գլխատել անմեղ մարդկանց, բայց ի վիճակի չեն վարել դիրքային պատերազմ եւ գանգատում են, որ սա պատերազմ չէ, այլ մսախաղ, ուր նրանց խաբելով ներգրաւուել են՝ խոստանալով ամսական 1500 տոլար։ Ատրպէյանի բանակը զոհուածներին անտէր թողնում է մարտի դաշտում, իսկ հայ զինուորները նրանց գրպանում ներարկիչներ են գտնում։ Շատ ճիշդ է. եթէ չկայ հայրենասիրական ոգի, ապա ներարկւում է թմրամիջոց։
Աշխարհը լուռ դիտում է, թէ ինչպէս է մեր փոքրաթիւ ազգը 105 տարի անց կասեցնում նոր ցեղասպանութիւնը։ Գուցէ աշխարհին թւում է, թէ կինօ՞ է նայում, մինչդեռ այն, ինչ կատարւում է աշխարհի աչքի առաջ, հէնց այդ աշխարհին էլ պատկանում է։ Ուրեմն չկայ իմ կամ քո պատերազմ։ Դա ամենքի պատերազմն է։
Իսկ այս օրհասական պահին մեր միակ դաշնակիցն է մեր Տէր Աստուածը։ Ուրեմն մի՛ լքիր մեզ, Տէ՛ր։