Պելառուսի Հանրապետութիւնը 9,5 միլիոնանոց մի երկիր է, որը սահմանակից է ՌԴ-ը, Լիտուային, (արեւմտահայերէն՝ Լիտուանիա) Լատուիային (արեւմտահայերէն Լետոնիա), Լեհաստանին։ Երկու պետական լեզու ունի՝ պելառուսերէն եւ ռուսերէն։ Այժմ անդրադառնանք բոլորին յայտնի իրադարձութիւններին, այսինքն Օգոստոսի 9-ին Պելառուսում կայացած նախագահական ընտրութիւններին։ Յաղթողն յայտարարուեց գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, եւ բոլորը նշեցին, որ երկրի ղեկավարի պաշտօնում նա գտնւում է 1994 թուականից, այսինքն 26 տարի։ Ուրեմն տիքթաթէօռ է։ Ոչ ոք չխօսեց այն մասին, որ նա թալանչի է, կաշառակեր է, ինչպէս կարելի էր ասել Ուկրաինայի, Հայաստանի նախագահների պարագայում, որոնց պատճառով այդ երկրներում յեղափոխութիւնները յաջողեցին, միայն դժգոհում էին, որ աթոռը զաւթել է եւ չի ազատում։ Ընդդիմութիւնը չընդունեց ընտրութիւնների արդիւնքները, եւ յայտնեց, որ դրանք կեղծուած են։ ԱՄՆ-ը իր ամերիկեան խօսքն ասաց, ըստ որի ընրութիւնները ո՛չ ազնիւ էին, ո՛չ էլ արդար։ Եւրոմիութիւնը ակնարկեց ընտրութիւններում կիրառուած խարդախութիւնների մասին եւ յայտարարեց, որ Լուկաշենկոն օրինական նախագահ չէ։ Սակայն Լուկաշենկոն ամէն տեսակի ուժ կիրառեց անհամաձայնների դէմ։
Սեպտեմբերի 9-ին Լուկաշենկոն հարցազրոյց ունեցաւ ռուսաստանեան չորս լրագրողների հետ, որոնցից երկուսը՝ «RT» հեռուսատընկերութեան եւ «Russia Today» միջազգային լրատուական գործակալութեան գլխաւոր խմբագիր Մարգարիտա Սիմոնեանն էր եւ “Գովորիտ Մոսկուայ, (այսինքն Խօսում է Մոսկուան) ռատիօկայանի գլխաւոր խմբագիր Ռոման Բաբաեանն էր։ Այդ հարցազրոյցում Լուկաշենկոն մասնաւորապէս ասաց.
- Ո՛չ մի ապակայունացում չկայ։ Եթէ չլինէր արտաքին գործօնը, այսինքն դրսից ղեկավարումը, ապա ոչինչ չէր լինի։ Տուեալ դէպքում մենք, ինչպէս նաեւ ռուսաստանցիները, գիտենք, թէ ովքեր են ղեկավարում եւ որտեղից՝ դա ամերիկացիներն են անում Վարշաւայի մերձակայքի կեդրոնից, յայտնի «Թելեգրամ» քանալի միջոցով։ Երկրորդ կեդրոնը Չեխիան է։ Այնուհետեւ գալիս են Լիտուանիան եւ, ցաւօք սրտի, Ուքրաինայում կան յենակէտեր։ Սա առաջին ազդեցութիւնն է, երկրորդ ազդեցութիւնը դա զօրավարժութիւններն են մեր սահմաններին, որի պատճառով մենք ստիպուած եղանք զօրահաւաքի ենթարկել բանակի կէսը, որպէսզի դիմակայենք, այնպէս որ ամբողջ սահմանի երկայնքով զօրքեր են կանգնած բացի Ռուսաստանեան սահմանից, քանի որ ՌԴ-ան հետ մենք գրեթէ սահման չունենք, միայն վարչական առումով։ Նոյնիսկ ուժեղացրել ենք պաշտպանութիւնը ուքրաինական ուղղութեամբ։ Պարզ է, որ ամերիկացիների գերնպատակը Ռուսաստանն է, որից կտրեցին Մերձբալտեան երեք երկրները, Ուքրաինան, հիմա էլ թիրախաւորել են Բելառուսը։
Ռոման Բաբաեանը հարցրեց այսպէս կոչուած ընդդիմութեան համակարգող խորհրդի մասին։ Լուկաշենկոն երդուեց, որ չգիտի նրանց...
Այդ խորհուրդը հրապարակեց հակառուսական մի ծրագիր, որը նաեւ հակապելառուսական էր, որովհետեւ ծրագրում առաջարկւում էր չվճարել հարկեր, չանել կոմունալ վճարներ, չգնել պելառուսական ապրանքներ՝ պետական արտադրութեան, հանել փողերը դրամատներից։ Ովքե՞ր են նրանք, ասում են նախկին նախարար է, նախկին դեսպան, նախկին ֆլէյտահար... Բոլոր հիմնարկները, որոնք պետական են, առաջարկում են մասնաւորեցնել, մասնատել, տալ ներդրողներին, որոնք աշխատողների կէսին դուրս կշպռտեն, կը կրճատեն արտադրութիւնը... Առաջարկում են նաեւ վճարովի դարձնել կրթութիւնը եւ առողջապահութիւնը, իսկ դուք հասկանում էք, թէ դա ինչ է նշանակում... Եւ ես պիտի նստեմ նրանց հետ սեղանի շուրջ եւ քննարկե՞մ այդ ամէնը. մարդիկ հարուստ չեն, որպէսզի կրթութիւնը վճարովի դարձնենք։ Առաջարկում են նաեւ դուրս գալ ՀԱՊԿ-ից (Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակերպութիւն)։ Եթէ մենք դուրս գանք ՀԱՊԿ-ից, ապա զէնքը ստիպուած կը լինենք արդէն գնել Ռուսաստանից ոչ թէ ներքին շուկայական, այլ միջազգային գներով, այն էլ եթէ Ռուսաստանը մեզ համաձայնուի վաճա ռել, իսկ մեր զէնքը ամբողջովին ռուսաստանեան է։ Եթէ դուրս գանք ՀԱՊԿ-ից, մեզ կ՚առաջարկեն մտնել ՆԱՏՕ, որի պահանջը կը լինի՝ գնել նրանցից զէնք, եւ դա մեզ համար 5 անգամ աւելի սուղ կ՚արժենայ, քան այսօր...։
Գրեթէ երկու ամիս անցաւ նախագահական ընտրութիւններից Պելառուսում, բայց կրքերը չեն հանդարտւում. յեղափոխութիւն ներմուծողները յամառօրէն փորձում են կրկնել Վրաստանի, Ուքրաինայի եւ Հայաստանի տարբերակները, սակայն Լուկաշենկոն չի յանձնւում... Աշխարհը հետեւում է Լուկաշենկոի դաժան գործողութիւններին, երիտասարդների եւ ընդդիմադիրների հետապնդումներին, բայց նա նման է մի հօր (զուր չէ, որ նրան Բատկա են ասում, այսինքն հոգատար հայր), որն այնքան է սիրում իր զաւակին, որ թոյլ չի տալիս նրան ինքնուրոյն քայլեր անել՝ համոզուած լինելով, որ այդ քայլերը սխալ կը լինեն ու կը կործանեն նրան։ Բայց զաւակը յոգնել է հօր խնամքից եւ հէնց այդ յոգնածութիւնն են շահարկում դրսի ուժերը։ Ողջ աշխարհը դատապարտում է Լուկաշենկոին, ծաղրում է եւ երգիծանքի է ենթարկում, եւ միայն Վրաստանը, Ուքրաինան եւ Հայաստանն են զերծ մնում ծաղրանքից։ Որովհետեւ մենք արդէն անցել ենք յեղափոխութեան դասը եւ ամենացածր թուանշանն ենք դրել ինքներս մեզ այդ դասի արդիւնքներին։