Օգոստոսի 11-ին հայերի բուն Նոր Տարին էր, այսինքն Նաւասարդեանը։ Հենց Օգոստոսի 11-ին Հայկ Նահապետը Հայոց ձոր գաւառում սպանեց Բելին։ Ճշդեմ, որ Հայոց ձոր գաւառը գտնւում էր Մեծ Հայքի 8-րդ՝ Վասպուրական նահանգում (Մ.թ.ա. 9-րդ դարից Վասպուրականը Վանի թագաւորութեան տարածքն էր։ Սովետական շրջանին Վանի կամ Արարատեան թագաւորութիւնը խեղաթիւրման նպատակով անուանեցին Ուրարտու. այդպէս էր կոչւում Հայաստանը կամ Հայքը ասորեստանեան աղբիւրներում)։ Հայկի եւ Ասորեստանի թագաւոր Բելի մենամարտը տեղի ունեցաւ մ.թ.ա. 2492թ.-ին, այսինքն 4512 տարի առաջ։ Օգոստոսի 11-ը որպէս ամանոր կարգել է Յովհաննէս Իմաստասէրը (1045-1129) 1084 թուականին։ Նա չդիմեց հռովմէական ամանորին, այսինքն Յունուարի 1-ին կամ արարչական ամանորին, այսինքն Սեպտեմբերի 1-ին, այլ դիմեց Օգոստոսի 11-ին։ Ինչո՞ւ։ Օրիոնի համաստեղութիւնը հայերը կոչել են Հայկի անունով։ Հենց նաւասարդի առաւօտուայ ժամը 4-ին են յայտնւում ուղղահայեաց Օրիոնի գօտու երեք աստղերը, որոնք կարելի է տեսնել Զօրաց քարերի վայրից, Քարահունջից։ Նաեւ կարելի տեսնել Տաթեւի վանական համալիրի սյան- գաւազանի վերեւում, երբ Օգոստոսի 11-ի առաւօտեան ժամը 4-ին Հայկի համաստեղութեան երեք աստղերը կազմում են ուղիղ գիծ։ Այդ երեք աստղերը հանդիսանում են մարդկութեան կորսեալ ժամանակացոյցի հիմնակէտը։ Այդ ժամանակ տեղի է ունենում մեր երկրի պիօ-էներգետիկ դաշտի վերալիցքաւորումը։ Այսպիսով Նոր տարին սկսուել է աստղի ծագմանբ՝ Հայկի աջ ուսը պատկերուող գլխաւոր աստղի ծագմամբ։ Այո, Օրիոնի համաստեղութիւնը հայերը անուանեցին Հայկի համաստեղութիւն, իսկ այդ երեք աստղերի հայկական անուանումներն են՝ Քար, Փոցխ, Կշիռք։ Հայոց բուն տոմարը բաղկացած էր 12 ամիսներից։ Ամիսը ունէր 30 օր։ Իւրաքանչիւր ամիս ունի իր հայկական անունը։ Ամսանուններն են. Նաւասարդ (Հայկի դուստր), Հոռի (Հայկի դուստր), Սահմի (Հայկի դուստր), Տրէ (Հայկի որդի), Քաղոց (Հայկի որդի), Արաց (Հայկի որդի), Մեհեկան (Հայկի դուստր), Արեց (Հայկի դուստր),Արեգ (Հայկի որդի), Ահեկան (հին անուն), Մարերի (Հայկի դուստր), Մարգաց (Հայկի դուստր), Հրոտին (Հայկի որդին)։ Դեռ աւելին՝ իւրաքանչիւր օր ունի իր անուանումը։ Ու դեռ աւելին՝ օրուայ 24 ժամի ամէն ժամ ունի նաեւ իր անուանումը։ Սակայն եթէ ամէն ամիս բաղկացած էր 30 օրից, ապա կար նաեւ Աւելեաց ամիս, այսինքն աւելացուած 13-րդ ամիսը, որն ունէր ընդամէնը 5 օր՝ Օգոստոսի 6- Օգոստոսի 10։ Այդ հինգ օրերը տարեկապ էին եւ նոր սկիզբ, տարեգլուխ։
Մինչ 1084 թուական Նոր Տարին հայերը տօնել են Մարտի 21-ին, գարնանային գիշերահաւասարի օրը, ինչպէս այսօր տօնում են իրանցիները, աֆղանները…։ Իսկ ե՞րբ հրաժարուեցինք Նաւասարդից։ 18-րդ դարում Սիմէոն Երեւանցի կաթողիկոսի օրօք Յունուարի 1-ը դարձաւ Նոր Տարի, եւ միայն Սիւնիքի, Արցախի, Ուտիքի որոշ գաւառներում շարունակում էին տօնել Նաւասարդը։ Մեր նորագոյն ժամանակներում որոշ կազմակերպութիւններ դիմել էին Ազգային Ժողով, որպէսզի՝ Օգոստոսի 11-ը հռչակուի որպէս Հայոց Ինքնութեան Օր։
Այժմ մէջ բերեմ ռազմագէտ- պատմաբան, փոխգնդապետ, ՀՀ ՊՆ Վազգէն Սարգսեանի անուան ռազմական ինստիտուտի աւագ դասախօս Սուրէն Մարտիկեանի ուշագրաւ դիտարկումը Հայկ եւ Բելի մենամարտի եւ կիրառած զէնքի մասին.
«Յիշենք այն նկարագրութիւնը, հիացմունքը, որով Խորենացին պատմում է «լայնալիճ աղեղի» օգտագործումը. Շատ ուշագրաւ պահ կայ, որը տարօրինակօրէն մեր պատմաբանների ուշադրութեանը չի արժանացել. Մենք միակ ժողովուրդն ենք, որի պատմութեան այսպիսի կարեւոր դրուագում, ինչպէս Նախահօր վարած վճռական ճակատամարտն էր, տեսնում ենք իրօք ճակատամարտ, ոչ թէ բախում. Դա նման չէ առաջին ժողովուրդների մօտ յիշատակուող, ասենք՝ Դաւթի.Գողիաթի նշանաւոր մենամարտին, որտեղ զօրքը չի մասնակցում ռազմական գործողութիւններին, չկայ ճակատամարտ, այլ երեխան դուրս է գալիս եւ տապալում հսկային՝ Աստծոյ զօրութեամբ. Ոչ էլ դիպուկ նշանառութիւն է, ինչպէս Վիլհելմ Թելի պատմութեան մէջ, երբ նա կարողացաւ նետահարել որդու գլխին դրուած խնձորը, այլ տեղի են ունենում ռազմական գործողութիւններ. Հայկը ոչ միայն ղեկավարում է մարտը, ոչ միայն ինքն է անձամբ մասնակցում, այլեւ այս ամբողջը միաւորուած է մի պատմութեան մէջ. Ի՞նչն է ուշագրաւը. Երբ ուսումնասիրեցի այլ երկրների ռազմարուեստը, հետաքրքիր օրինաչափութեան հանդիպեցի. Փաստօրէն նետ ու աղեղի կիրառման ամբողջ ընթացքում, նա. Խորենացուց յետոյ շուրջ 12-13 դար, որեւէ երկրում դիպուկաձիգներ՝ սնայպերներ չեն առանձնացրել՝ իբրեւ առանձին ստորաբաժանում՝ որոշակի խնդիրներ լուծելու համար. Դիպուկաձիգների ստորաբաժանումներն ստեղծուել են 18-րդ դարի վերջին եւ 19-րդ դարի սկզբին ոչ թէ մեծ հեռաւորութիւնից հակառակորդի կարեւոր թիրախները խոցելու համար, այլ իբրեւ հետեւանք հրազէնի ստեղծման, զարգացման».
Լայնալիճ աղեղ, ի՞նչ աղեղ էր դա։ Երեւակայէք 3 մ-ոց աղեղ ծանր նետով։ Տիրապետել այդ աղեղով կարող էր գերբնական ուժով օժտուած զինուորը, եւ այդպիսին էր հայ զինուորը հազարամեակների ընթացքում։Ուրիշ ճար չունէր։ Պիտի պաշտպանուէր, որպէսզի ապրէր։ Պիտի դիպուկաձիգ լինէր, սպանէր, որպէսզի չսպաննուէր։ Ո՛չ մի նկարում կամ քանդակում մենք չենք տեսնի այդ աղեղը, գուցէ միայն պատմութեան թանգարանում։