Ամէն օր արթնանալիս մտածում ես, թէ ո՞ւր են տեղափոխելու քեզ իրադարձութիւններն այս անգամ։ Օգոստոսի 4-ին Պէյրութը դարձաւ աշխարհի ուշադրութեան, ցասման, ցաւակցութեան կենտրոնը։ 2014-ից ի վեր նաւահանգստի պահեստում ննջած վիճակում գտնուել է 2750 թոննա ամոնիակի սելիթրա, մինչեւ որ զոդման աշխատանքները առանց անվտանգութեան կանոնների կիրառման պատճառ դարձան սոսկալի պայթիւնի։ Անփութութիւ՞ն։ Եթէ անփութութեան տպաւորութիւն է թողնում, ուրեմն արհեստական պայթիւնի հեղինակները յաջողել են՝ բնական պայթիւնի տպաւորութիւն ստեղծելով։
Արհեստական էր պայթիւնը թէ՞ բնական
ԱՄՆ-ի պաշտպանութեան նախարար Մարք Էսփերն նշեց, թէ աղբիւրների մեծամասնութիւնը հաւաստիացնում են, որ դա վթար էր։ Սակայն ԱՄՆ-ի նախագահ Տոնալտ Թրամբը չբացառեց, որ այդ պայթիւնը առաջացրել էր պոմպը։ Նա ակնարկեց, որ պայթիւնը նման էր սարսափելի յարձակման, ինչին ի պատասխան ժողովրդավարները արձագանգեցին, որ պէտք է սպասել տեղեկութիւններ աւելի վստահելի աղբիւրից, քան ամերիկեան նախագահն է։ Սակայն եթէ Թրամբի անկեղծութիւնը համարուեցին անպատասխանատու, ապա չափազանց հանգամանալից վերլուծութիւններ եղան այն մասին, թէ 2750 թոննա սելիթրայի առկայութիւնը ի վիճակի չէր առաջացնել նման ուժգնութեան պայթիւն, որովհետեւ դրան կարելի էր հասնել միայն միջուկային բոմբի միջոցով։ Սկզբից հրդեհ բռնկուեց, ինչպէս յայտնի է, եւ բացատրեցին, թէ իբր զոդաւորման աշխատանքների արդիւնքում հրդեհ եղաւ, բայց ահա թէ ինչպէս է բացատրում եղելութիւնը վերլուծաբաններից մէկը.
-Սա վթար չէր, այլ յատուկ պատրաստուած գործողութիւն։ Գիտէ՞ք, որ նշանառուն չի սպանում հակառակորդին, այլ վիրաւորում է, որպէսզի ընկերները նրան փորձէն փրկել եւ ահա այդ պահին նրանց առնում են կրակի տակ։ Այստեղ կատարուեց նոյնը. սկզբից հրդեհ արուեց, եւ հրդեհի վայր եկան Հեզպուլլահի ղեկավարները, լիբանանեան քաղաքական գործիչները եւ յատուկ ծառայութիւնները։ Եւ այդ պահին նրանց հարուած հասցուեց։ Մեծ ուժգնութեամբ խելացի պոմպ կիրառուեց, իսկ պահեստի սելիթրան աւելի ուժեղացրեց արդիւնքը։
Պարզ է, որ ժողովուրդը պիտի ընդվզէր եւ դուրս գար փողոց՝ հրաժարականների պահանջով։ Մեծի Տան Կիլիկիոյ կաթողիկոս Արամ Առաջինը իր խօսքում, ուղղուած լիբանանահայութեանը, նշեց.
-Մենք Ժողովրդին հետ ենք եւ արդարութիւն կը պահանջենք։ Ժողովրդի իրաւունքն է՝ պահանջել արդարութիւն, հաշուետուութիւն եւ պատասխանատուութիւն։ Ժողովուրդը ենթակայ պիտի չըլլայ պետական պատասխանատուներուն, ճիշդ հակառակը. պետական պատասխանատուները՝ ենթակայ են, համարատու են ժողովուրդին։ Եկեղեցին չի կրնար անտարբեր մնալ այս ոճիրներուն, փտածութեան, ժողովուրդը կեղեքող, յափշտակող այս անձերու դէմ։
Ո՞րն է մարդավայել կեանքը
Ցաւակցում եմ 14 զոհուածների ընտանիքներին, ցաւում եմ 250 վիրաւոր անձանց համար, մաղթելով նրանց ապաքինում։ Տեսնում եմ ի՚նչ դժուար խնդիրների առաջ յայտնուեցին լիբանանահայերը, որոնք առանց այդ էլ երբեք դիւրինութիւն չեն վայելել իրենց կեանքում, սակայն երբեք միայնակ չեն մնացել իրենց խնդիրների հետ. ունեցել են եկեղեցի, միութիւններ, կուսակցութիւններ... Ես չափազանց յուզուեցի, երբ տեղեկացայ, որ զանգուածային ներգաղթ Պէյրութից տեղի չի ունենայ։ Երեւակայէք, պայթիւնը կէս քաղաքը վերացրեց։ Սով է տիրում։ Գոյատեւելու միջոց չկայ։ Գործազրկութիւն է։ 300 000 բնակիչ մնացին անօթեւան, իսկ դա գրեթէ քաղաքի կէսն է կազմում։ Քաղաքը երկար տարիներ կ՚ունենայ աղէտի գօտու կարգավիճակ, իսկ լիբանանահայերից, եթէ չեմ սխալւում ընդամէնը մի քանի հարիւր ընտանիք է պատրաստւում ներգաղթել Հայաստան։ Երեւում է հենց տառապանքներն ու աղետալի վիճակը թոյլ չեն տալիս լքել հարազատ քաղաքը։ Եւ ո՞նց չհամեմատես հայաստանցիների հետ, որոնք չդիմանալով անկախ Հայաստանի դժուարութիւններին, այս 30 տարուայ անբարոյ եւ յանցաւոր կառավարումին, ցրուեցին աշխարհի տարբեր ծայրեր, հասցնելով Հայաստանի բնակչութիւնը այնքան նուազ թիւին, որ արդէն խօսւում է օտարներով վերաբնակեցնել երկիրը։
Դեռ աւելին, վայելելով արտասահմաններում պետութիւնից ստացած նպաստները, արտագաղթած հայաստանցիները խորհուրդ են տալիս լիբանանահայերին ոչ մի դէպքում չներգաղթել Հայաստան եւ եթէ ուզում են մարդավայել ապրել, ուրեմն թող մեկնէն, օրինակ, Քանատա... Ինձ շատ խոցեց այդ «մարդավայել» բառը։ Եւ այդ առիթով կուզեմ յիշեցնել բոլոր հայերին, որ Երեւանում մենք ունենք Ծիծեռնակաբերդ եւ Եռաբլուր, այսինքն մի կողմից յուշակոթող, նուիրուած անմեղ զոհերին, որոնք մնացին անգերեզման, իսկ միւս կողմից իմացեալ մահով ընկած հերոսների պանթէոն։ Այդ պանթէոնում առանձնայատուկ տեղ են գրաւում լիբանանահայ մարտիկների շիրմաքարերը, որոնք մեծագոյն հպարտութիւն են պարգեւում եւ… պաշտպանուածութիւն։ Այդ լիբանանցի հայ տղաները իրենց մատղաշ կեանքը նուիրաբերեցին հայերի կորսեալ հայրենիքի երազանքին։ Սա է մարդավայել բառի ամենավայել նշանակութիւնը։