Սկզբից լսենք ազգային հերոս Մոնթէ Մելքոնեանին. «Բոլոր հայերը կեղծ անձնագրեր են կրում՝ ֆրանսիական, ամերիկեան, դրանք կեղծ կը լինեն այնքան ժամանակ, քանի դեռ դրանք հայկական չեն…»։
Այժմ լսենք Փարիս Հերունուն (միջազգային մասշտաբի գիտնական, ռատիոֆիզիկոս, ռատիօաստղագէտ…).
«1992 թուական… Մի հայ երիտասարդ, խռոված ողջ աշխարհից, փորձում էր գտնել, վերյիշել իսկութիւնը, որը մոռացուել էր իր ազգի կողմից։ Նա գնաց հեռաւոր Թիպետ՝ յուսալով գտնել իր հոգեւոր ուսուցչին։ Նա շրջում էր երկար ժամանակ, քաղցած, ուժասպառ ու վիրաւոր։ Երկար փնտռելուց յետոյ նա տեսաւ մի լամայի, որը խորասուզուած աղօթքի մէջ փակել էր իր աչքերը։ Նրա շուրջը ձիւնն ու սառոյցը հալել էին շնորհիւ իր հզօր էներկիայի։ Լաման բացեց աչքերը եւ ժպտալով ասաց.
-Ի՞նչ ես կորցրել այս երկրում, այ դու, Արեւի խենթ որդի։ Յետոյ նա բուժեց հայի վէրքերը եւ օրեր անց բաժանուելիս ասաց նրան. Իսկութեան աղբիւրը, որ դու փնտրում ես այստեղ երկար ժամանակ, գտնւում է քո գեղեցիկ երկրում, որը կոչւում է Հայաստան՝ որը քաղաքակրթութեան օրրան է։ Դուք առաջին արիացիներն էք։ Դուք մոռացել էք այդ մասին,բայց ձեր թշնամիները յիշում են»։
3 միլիոն Հայաստանո՞ւմ թէ Ռուսաստանո՞ւմ
Ասում են 3 միլիոն հայ Հայաստանի ներսում է, իսկ 10 միլիոնը՝ դրսում։ Տեսե՞լ էք նման բան։ 3 միլիոն ներսում ասածն էլ կարծում եմ նոյնիսկ չափազանցուած է։ 3 միլիոն հայ կայ Ռուսաստանի Դաշնութիւնում։ Այդ թիւը նշեց Ռուսաստանի Հայերի Միութեան նախագահ Արա Աբրահամեանը, երբ պատմեց, թէ ինչպէս կարգաւորուեց իրավիճակը Մոսկուայի շուկայում, որտեղ հայերին արգելել էին վաճառել իրենց մրգերը եւ այդ հողի վրայ հայերը ծիրանի համերաշխութիւն դրսեւորեցին, իսկ ազերիները սկսեցին իրենց սումգաիթեան ձեռագրով յարձակուել միայնակների վրայ։ Աբրահամեանը զգուշացրեց, որ եթէ պէտք լինի, ՌՀՄ-ը կարող է կազմակերպել եւ բոլոր հայերին դուրս հանել Ռուսաստանից, իսկ հայերը Ռուսաստանի բոլոր 85 վարչական տարածքներում են ապաստանած, լինի դա շրջան, երկրամաս կամ մարզ…։ Բայց փառք Աստծոյ ռուսական իշխանութիւնները արձագանգեցին եւ հարցը պետական կարգով լուծուեց, ինչպէս նշեց Աբրահամեանը, ով օր ու գիշեր վերահսկում է իրավիճակը։ Այժմ օգոստոսի 9-ին ատրպէյճանցիները ծրագրել են հանրահաւաք Թել-Ավիվի հայկական եկեղեցու առաջ։ Սադրա՞նք։ Ի հարկէ։ Հայերը կու գան կիրակի իրենց եկեղեցին եւ այնտեղ իրենց կը դիմաւորէն ատրպէյճանցիները։ Ի դէպ Food sity –ի մեծածախ առեւտրի շուկայի տէրը Մոսկուայում, լեռնական հրեաներից էր՝ Գոտ Նիսանովը, հենց նա թոյլ չտուեց հայերին վաճառել ծիրանը այդ շուկայում, սակայն 3 օր անց նրան իր մօտ կանչեց արտաքին գործոց նախարար Սերգեյ Լավրովը եւ շուտով հայերը վերականգնեցին իրենց իրաւունքները այդ շուկայում։ Ի հարկէ, հայերը հասկանում են, որ պիտի միշտ զգօն լինէն եւ ապացոյցներով ստիպեն պատասխանատուութեան կանչել նրանց, ովքեր հայերի ռեստորանների, մեքենաների կամ միայնակների վրայ յարձակումներ են կատարել։ Մոսկուան Սումգաիթ չէ, եւ այստեղ անպատժելիութիւն չի լինելու…։
Սակայն իմ այսօրուայ մտահոգութիւնը սփիւռքը չէ, այլ արդէն վտանգաւոր չափսերի հասած սփիւռքի գերակշռութիւնը հայաստանցիների համեմատ։ Նաեւ այն հանգամանքը, որ հայաստանցիների վիճակը սփիւռքի համեմատ մնում է միշտ ամենախղճուկը եւ անհեռանկարայինը։
Դրսի եւ ներսի հայերը
Իրականում խնդիրը դրսի եւ ներսի հայաստանցիների միջեւ է։ Չի կարելի համեմատել նորագոյն սփիւռքը հին սփիւռքի հետ։ Հին սփիւռքի պատճառը Թալեաթ փաշան էր, իսկ նորագոյն սփիւռքը փախաւ արդէն մեր տեղւոյն փաշաների պատճառով։ Եւ երբ դրսի եւ ներսի հայաստանցիները վիճում են Հայաստանում տիրող իրավիճակի շուրջ, ապա ներսի հայաստանցին ասում է «Ախպեր, դու ձայնի իրաւունք չունես, դու չես տեսնում մօտիկից մեր խնդիրները», իսկ դրսի հայաստանցին իր կեանքն է պատմում, թէ որքան է կռուել, մաքառել, տառապել հայրենիքի համար եւ վերջապէս լքել է… յարգելի պատճառներով։ Հիմա թէեւ նա ԱՄՆ-ում է, Լոս-Անջելեսում, բայց Լոս-Անջելեսի հայերը օգնում են, միլիոնաւոր դոլարների օգնութիւն են ցուցաբերում Հայաստանին, ուստի նրանք իրաւունք ունեն միջամտել Հայաստանի խնդիրներին։ Չեմ ուզում մեկնաբանել, թէ արդեօք ով եւ ինչպէս իրաւունք ունի մասնակցել Հայաստանի խնդիրներին, քանզի հեռուից գուցէ երեւում է երկրի ընդհանուր պատկերը, բայց հնարաւոր չէ տեսնել հայաստանցիների կեանքի մանրամասները։ Կայ առօրեայ կեանք։ Կայ հացի խնդիր։ Կան ազատութիւններ եւ աւելի շատ՝ անազատութիւններ։ Հեռուից ո՞նց կարելի է տեսնել, թէ այս աստիճանի նօսրացած բնակչութիւնը ոնց է իր կարիքները հոգում։ Եւ… դրսի հայաստանցիները այնքան կլինեն հայաստանցիներ, որքան ժամանակ ներսում հայաստանցի կմնայ։ Պատմում են արտագաղթի պատճառների մասին, թէ իբր լաւ կեանքից չէ, որ լքել են հայրենիքը։ Իսկ ո՞րն էին հայրենիքում մնալու պատճառները ներսի հայաստանցիների համար։ Արդեօ՞ք լաւ կեանքից է, որ մնացել են...