ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ

ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ

Ատրպէյճանը պատերազմում է իր իմացած ձեռագրով ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ

ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ

Յուլիսի 24-ին բովանդակ աշխարհի առաջ չորս մինարեթներից ազանը կանչեց եւ արդէն երբեմնի քրիստոնէական, այնուհետեւ թանգարան դարձած Այա-Սոֆիա մզկիթում, կատարուեց ուրբաթ օրուայ նամազը։ Իսլամական աշխարհը ցնցուեց յաղթական հրճուանքից։ Իսլամադաւան ժողովուրդը ծնկաչոք աղօթեց ալլահին։ Չեմ տեսնում ողբերգութիւն այդ ամէնի մէջ։ Դէմ եմ, երբ այս ամէնը մատուցւում է որպէս խայտառակութիւն, դաւաճանութիւն եւ այլն։ Ինչ է, աւելի լաւ կը լինէր, որ տաճարը հրկիզուէ՞ր, ինչպէս Աստուածամօր տաճարը Փարիզում կամ Նանթ քաղաքի Սուրբ Պօղոս Պետրոս տաճա՞րը… Կամ պայթեցուէր։ Բայց ոչ մի նման բան չկատարուեց, ընդամէնը կարգավիճակը փոխուեց եւ թանգարանից վերածուեց գործող մզկիթի։ Այժմ տաճարը աչքի լոյսի պէս կը պահուի ու կը պահպանուի մինչեւ… Աստուած գիտի որ ժամանակները։ Կարեւորն այն է, որ մարդկութեան քաղաքակրթութեան կարեւորագոյն ժառանգութեան նմոյշներից մէկին պահպանեցին անմահութիւն (գոնէ առաջիկայ ժամանակներում)։

Մեր մէջ ասած ամէնակարեւոր տաճարը, որը գտնւում է ներկայիս Թուրքիայի տարածքում՝ դա Արարատ լեռն է, բայց այդ տաճարը հեռու է եւ Անգարայից, եւ Իսթանպուլից, ու երեւում է միայն Հայաստանի բնակիչներին։ Այա –Սոֆիա տաճարի ճակատագիրը վկայում է այն մասին, որ ոչ թէ գեղեցկութիւնը կփրկի աշխարհը, ինչպէս ասում էր 19-րդ դարի ռուս մեծ գրող Տոստոեւսկին, այլ ուժը։ Եւ որքան աւելի գեղեցիկ եւ քաղաքակիրթ ես, այնքան աւելի մեծ պաշտպանութեան կարիքն ունես, իսկ ի՞նչ ենք մենք այսօր տեսնում Հայաստանում։ Ոչ մի գիտակցում, որ Հայաստանը վտանգի մէջ է, այն էլ տեւական։

26 տարի է պարտուած Ատրպէյճանը բոլոր միջազգային կառոյցներում գոռում է, որ Հայաստանը գրաւել է իր տարածքների 20%-ը։ Սակայն գոռում է ոչ միայն բարձր ամբիոններից, այլ նաեւ սովորական, ոչ քաղաքական բնոյթի սեմինարներին, քոնֆերանսներին, հանդիպումներին. դա նման է հոգեկան շեղումի։ Ժամանակ առ ժամանակ Ղարաբաղա- Ատրպէյճանական եւ Հայաստան- Ատրպէյճան սահմաններում յարձակման փորձեր է անում, հրահրելով մինի-պատերազմներ, բայց ամէն անգամ հետ է շպրտւում, թողնելով դաշտում իր զոհուած զինուորներին եւ խոցուած զէնքը։ Այս վերջին պարտութիւնից յետոյ, որը տեղի ունեցաւ հայ-ատրպէյճանական սահմանի Տաւուշ- Թովուզ հատուածին, ատրպէյճանցիները տեղափոխեցին իրենց պատերազմը երկու երկրների սահմանից անդին, այնտեղ, ուր մինչ այդ հայերն ու ազերիները միշտ հաշտ էին, քանզի Ռուսաստանում մարդիկ առանց էթնիկ տարբերութեան զբաղուած են բիզնեսով, որպէսզի ընտանիք պահէն։ Իսկ այժմ համացանցը լեցուեց դաժան տեսանիւթերով, որտեղ մի խումբ ազերիներ ծեծի են ենթարկում մէկ տարեց հայի, եւ այդ ծեծը անշուշտ անպատասխան չի մնում եւ ստիպում է հայերին նոյնը անել միայնակ ատրպէյճանցու հետ, ինչը պատիւ չի բերում հային։ Վերջապէս մի շարք ազերիներ սկսեցին զգուշացնել հայրենակիցներին, որ նման տեսանիւթերը վտանգի են ենթարկում Ռուսաստանում ապաստան գտած խաղաղ քաղաքացիներին... Իսկ Պելգիայից Արիֆ Մամմատով ընդդիմադիր ատրպէյճանցի յայտարարեց, որ այս սադրանքները կազմակերպում են Ատրպէյճանի յատուկ ծառայութիւնները, որոնք կարող են նոյնիսկ ոչնչացնել Ալիեւի ռեժիմի դէմ պայքարող եւ արտասահմանում ապաստան գտած քաղաքական գործիչներին եւ յետոյ ներկայացնել այդ սպանութիւնները որպէս հայերի կողմից իրականացրած հաշուեհարդարներ։ Ինչեւէ, միլիոնաւոր հայերի խաղաղ կեանքը իրենց ընտրած ռուսական, եւրոպական կամ ամերիկեան քաղաքներում վտանգուած են Սումգաիթի ձեռագիր ունեցող թշնամիների կողմից։ Յիշեցնեմ, որ Սումգաիթը դա Սովետական Ատրպէյճանի քաղաքներից մէկն է, որտեղ հայերին 1988-ի Փետրուարի 27-29-ին կոտորեցին իրենց տներում եւ փողոցներում, յարձակուելով անպաշտպան մարդկանց վրայ եւ ենթարկելով այնպիսի խոշտանգումների, որ կարելի է հոգեկան խանգարում ստանալ միայն այդ սպանութիւնների մանրամասները կարդալով։ Սումգաիթ նշանակում է անմեղ ու անպաշտպան մարդկանց վրայ յարձակուել հրոսակախմբով, ծեծել, ջարդել, այրել խարոյկի մէջ, բռնաբարել՝ առանց սեռի եւ տարիքի տարբերութեան… 30 տարուայ ատելութեան պաշար է. ի՞նչ անէն, ո՞ւր ծախսէն։

Իսկ Մայր-Հայաստանում մենք գիտակցում ենք, որ պատերազմի մէջ ենք, ուստի հետախոյզ Վովա Վարտանովը զգուշացնում է.

- Պիտի պատրաստ լինի ոչ միայն բանակը, այլ նաեւ բնակչութիւնը։ Ամէն շէնք, ամէն առանձնատուն պիտի թագստոց ունենայ։ Մենք փորով երիտասարդներ պիտի չունենանք։ Պիտի չաղլիկ աղջիկներ չունենաք, նրանք բոլորը պիտի զէնքին տիրապետել սովորէն։ Պիտի կազմակերպուած լինէն տարբեր խմբաւորումների մէջ, որոնց տնօրինում են ԱԱԾ-ն, կամ Ներքին Գործերի նախարարութիւնը կամ բանակը։ Սահմանամերձ գիւղեր պիտի չունենաք ընդհանրապէս, պիտի ունենաք սահմանապահ գիւղեր, որտեղ բնակչութիւնը փոքրից մեծ կազմակերպուած է, զինուած է, եւ անհրաժեշտութեան դէպքում ի վիճակի է իր գիւղը դարձնել ամրոց։

Վարտանովը որպէս օրինակ բերում է այնպիսի երկրներ, ինչպիսին Շուեցարիան է, ֆինլանտան եւ Սինկափուրը. դրանք ռազմականացուած, ուրեմն չափազանց պաշտպանուած երկրներ են։ Հետաքրքրական է, որովհետեւ մենք այդ երկրները օրինակ ենք բերում սովորաբար որպէս ապրելու համար ամենայարմար երկրներ, սակայն երբեք չենք անդրադառնում, թէ ի՚նչ ճանապարհ է անցել Շուեցարիան իր պատմութեան ընթացքում, մինչեւ որ հասել է այդ կեանքի որակին։ Աշխարհի ամենալաւ հրաձիգները շուեցարացիք են։ Յայտնի է հետեւեալ երկխօսութիւնը.

Հիթլեր. -Ի՞նչ կ՚ասէք, եթէ իմ 60 միլիոնանոց Գերմանիան հարձակուի 30 միլիոնանոց Շուեցարիայի վրայ։

Շուեցարիայի նախագահ. -Ամէն շուեցարացի երկու անգամ կը կրակի…։