ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ

ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ

Ռուսաստանի Դաշնութիւնը իր ռազմատենչ ոգով հանդերձ

Լինում է չի լինում Փարակուայ անունով երկիր է լինում։ Այդ երկրում մի նախագահ է լինում Ալֆրետօ Ստրեսսներ անունով։ 1954-ից սկսում է նախագահել ու… 35 տարի շարունակ նախագահում՝ մինչեւ 1989-ը։ Իր նախագահութիւնը ընդհատւում է յեղաշրջման արդիւնքում։ Եւ այդ թուականից ի վեր Փարակուայում օրէնքով արգելւում է նախագահել մէկ ժամկէտից աւել առանց որեւէ բացառութեան։ Արուեստը անմահացրել է այդ ֆաստը. մի քանդակ է տեղադրուել, որը ստեղծուել է Ստրեսսների արձանից՝ ճզմուած բետոնէ սալաքարով։ Սա արձան-խորհրդանիշ է, որի վրայ գրուած է «Այլեւս երբեք»։

Յուլիսի 1-ին Ռուսաստանի Դաշնութիւնում քուէարկեցին ի օգուտ սահմանադրական փոփոխութիւնների, որոնք 20 տարի Ռուսաստանի ղեկին նստած Փութինին հնարաւորութիւն տուեցին զրոյացնել իր 20 տարին եւ շարունակել իր նախագահութիւնը առնուազն եւս 16 տարի։ Մինչ այդ կարեւոր իրադարձութեանը Յունիսի 24-ին Մոսկուայում կայացաւ Հայրենական Մեծ պատերազմի 75-րդ տարեդարձին նուիրուած շքերթ, որը սովորաբար տօնում էին Մայիսի 9-ին, բայց այս տարի թագաժահրի պատճառով նշուեց Յունիսի 24-ին, ինչպէս դա արուել էր 1945-ին։ Հրաւիրուած երկրների նախագահներից շատերը քաղաքավարի կերպով հրաժարուեցին մասնակցել հանդիսութեանը եւ դրա պատճառներից մէկը նախօրէին Փութինի յայտարարութիւնն էր։ Նա հեռուստացոյցով շատ վտանգաւոր մի միտք արտայայտեց.

-Սովետական Միութեան ստեղծման ժամանակ (խօսքը 15 հանրապետութիւնների մասին է) պայմանագրում գրուած էր Միութիւնից դուրս գալու իրաւունքի վերաբերեալ, սակայն չէր նշուած ի՞նչ կարգով պիտի դուրս գայ տուեալ հանրապետութիւնը։ Եթէ այս կամ այն հանրապետութիւնը մտաւ Սովետական Միութեան կազմի մէջ եւ ստացաւ հսկայան քանակութեամբ ռուսաստանեան հողեր, աւանդական պատմական ռուսաստանեան տարածքներ, ապա դուրս գալուց ինչով եկաւ, թող դրանով էլ դուրս գար եւ հետը չտանէր նուէրները ռուս ժողովրդից…

Այս յայտարարութիւնը նախկին սովետական հանրապետութիւնները ընդունեցին որպէս հեռու գնացող զաւթողական ծրագրի ազդարար եւ հրաժարուեցին ներկայանալ շքերթի, որն արդէն այս համատեքստում պիտի ընկալուէր որպէս զէնքի ցուցադրութիւն, որի միջոցով ՌԴ-ը պատրաստւում էր ետ բերել իր նուէրները։

Վարչապետ Նիկոլ Փաշինեանը Յունիսի 19-ին Փութինին ուղղած նամակում յայտնեց, որ ներկայիս համավարակային իրավիճակը թոյլ չի տալիս ընդունել հրաւէրը։ Զօրահանդէսին մասնակցեց 75 հոգուց բաղկացած զօրախումբ՝ պաշտպանութեան նախարար Դաւիթ Տօնոյեանի գլխաւորութեամբ։ Դրանից մէկ օր առաջ նոյն պատրուակով մերժեցին Ատրպէյճանի նախագահ Ալիեւը, Ղրղզստանի նախագահ Ժենբեկովը։ Հետաքրքիր էր Թուրքմենստանի նախագահի մերժման պատրուակը. Յունիսի 29-ին նախագահի 63 տարին էր լրանում, ինչը համարւում է Մուհամմատ մարգարէի տարիք (570-632), ուստի նա պարտաւոր է այդ օրը անցկացնել ընտանիքի, մտերիմների շրջապատում, բայց եթէ մեկնի Մոսկուա, ապա վերադարձին պարտաւոր է մեկուսանալ։ Սակայն այս պատրուակի մէջ մի նրբութիւն կայ. Թուրքմենստանում ի տարբերութիւն աշխարհի բոլոր երկրների արգիլուած է դիմակ կրել եւ առհասարակ թագաժահրի անունը տալ, եւ չի տարածւում ոչ մի տեղեկատւութիւն համավարակի մասին, այնպէս որ կարելի է ենթադրել, որ նախագահը մերժել է յանուն մերժման։ Խորվաթիայի նախագահը հրաժարուեց, որովհետեւ... նրա անձնական ինքնաթիռը վթարի է ենթարկուել։ Իսրայէլի նախագահը հրաժարուեց՝ պատճառաբանելով երկրում տիրող բարդ իրավիճակով։ Չեխիայի նախագահը նոյնպէս մերժեց հրաւէրը...Ղազախստանը ըստ Փութինի առասպելի ընդհանրապէս Ռուսաստանի նուէրն է եւ այդ կայսերական ախտանիշը մեծ տագնապ առաջացրեց ՌԴ-ան հարեւանների մէջ։

Միայն մի երկիր կար, որը նուէրի փոխարէն ինքն է որպէս նուէր հանդէս եկել պատմութեան մէջ։ Եւ այդ երկիրը Հայաստանն է։ Հէնց Ռուսաստանը նուիրաբերեց Արեւմտեան Հայաստանը Թուրքիային, եւ արդէն Արեւելեան Հայաստանի երկու կտորը՝ Նախիջեւանը եւ Լեռնային Ղարաբաղը՝ Ատրպէյճանին։