Նախորդ թիւի մէջ ասում էի, որ մեր Հայաստան փոքր գիւղը աւելի է փոքրանում հայաստանցիների անհամաձայնութիւնների եւ տարբեր խմբաւորումների բաժանուած լինելու շնորհիւ։ Մէկ շաբաթ չանցած աւելի փոքրացաւ՝ նոր օրէնքի ընդունման հետեւանքով։ Խօսքը գոյքահարկի մասին է։ Ամիսներով կեանքը եւ ուրեմն աշխատանքը կանգ են առել եւ յայտնի չէ, թէ երբ եւ ինչպէս պիտի վերականգնուի թագաժահրի ահ ու սարսափից կասեցուած գործունէութիւնը։ Առողջապահութեան նախարարը յորդորում է.
«Բոլորս պէտք է սահմանափակենք մեր ոչ կենսական շփումները, շարժումները, այցերը, միջոցառումները, հանդիպումները։
Պէտք է մնանք տանը ինչքան հնարաւոր է շատ։
Շաբաթ- կիրակի օրերին նոյնպէս պէտք է մնալ տանը, չգնալ հիւր, ցերեկոյթների, երեկոյթների, մեր հարազատների հետ բնութեան գրկում փիքնիկների… Երեկոյեան նոյնպէս պէտք է մնալ տանը, չիջնել բակ, չշփուել հարեւանների հետ։ Պարզապէս պէտք է չշփուել, չհանդիպել, իրարից հեռու մնալ, միասին սուրճ չխմել եւ այլն»։
Այս ուղերձից երեւում է, որ մեր յարգարժան նախարարը հայաստանցու կեանքն ու առօրեան պատկերացնում է որպէս ժամանց. հաճելի միջոցառումներ, հանդիպումներ եւ այցեր ծնողներին սիրելու առիթով, փիքնիկներ տեսարժան վայրերում, եւ ամենակարեւորը ու հետեւաբար ամենավտանգաւորը դա խորաթան է սուրճի սեղանի շուրջ՝ առանց փողկապի եւ անշուշտ առանց դիմակի։ Յարգարժան նախարարը գոնէ ինքն իրէն հարց տար. արդեօք ո՞վ եւ ո՞նց պիտի ընտանիքը պահի եւ կերակրի այդ միջոցին, ոնց պիտի նոյն այդ սուրճի սեղանի ծախսը անի, քանզի մարդիկ անգործացան եւ տանը նստելու յորդորը գումար է պահանջում։
Սակայն Ազգային Ժողովի պատգամաւորները անգործ չեն մնացել եւ այս թագաժահրի սահմանափակումների օրերին հիանալի օրէնք են ընդունել՝ «ՀՀ հարկային օրէնսգրքում» փոփոխութիւններ եւ լրացումներ մտցնելու վերաբերեալ։ Պիտի անցնենք աւելի բարձր գոյքահարկի համակարգին, այնքան բարձր եւ ծանր, որ ստիպելու է մարդկանց հրաժարուել իրենց հայրական տներից։ Այս օրէնքը մի մեծ ընդվզում առաջացրեց յատկապէս կենդրոնում բնակուող երեւանցիների շրջանում, եւ նրանք նախաձեռնեցին մի ֆլեշմոբ «Բնիկ Երեւանցի» անուան տակ.
«Սիրելի երեւանցիներ, եթէ հիմա չբարձրաձայնէք ձեր իրաւունքները, վաղը ստիպուած կը լինէք զրկուել ձեր բնակարաններից եւ տներից։ Սա մեզ ժառանգութիւն հասած անշարժ գոյքի օտարման կամ էքսպրոպրիացիայի նոր «ձեւ» է։ Մտածէք ձեր երախաների ապագայի մասին։ Միացէք այս ֆլեշմոպին՝ տեղադրելով ձեր լուսանկարն ու այս գրութիւնը ձեր անունից անձնական ՖԲ էջում։
Գոյքահարկի նոր օրէնքը ունեզրկելու է Երեւանի բնիկներին։
Ես բնիկ եմ եւ սա իմ քաղաքն է»։
Դէ հիմա երեւակայէք ի՛նչ ընդվզում առաջացրեց արդէն այս ֆլեշմոպը իր «բնիկ» ասածով։ Բոլորը սկսեցին անդրադառնալ իրենց ծագմանը, ամօթով տալ «բնիկներին»։ Քաղաքագէտ Հայկ Մարտիրոսեանը բացատրեց, թէ «Բնիկ բառի մէջ այս համատեքստում չկայ բարձրադասութիւն։ Կայ շատ կարեւոր մի բաղադրիչ՝ սոցիալական եւ հանրային հիւսուածքի բուն տարրերից մէկը, առանց որի հիւսուածքն աղավաղւում է, եթէ չի քայքայւում ու փլուզւում»։
Սակայն հակազդողներին կանգնեցնել արդէն հնարաւոր չէր։ Խօսեցին խտրականութեան մասին, այն մասին, թէ դո՛ւք, բնիկնե՛րդ, արդեօք գիտէ՞ք, թէ ի՛նչ խնդիրներ ունեն սահմանամերձ գիւղերը եւ այո՛, արդարացի է, որ օրինակ, Տաւուշի մարզի Ազատամուտ գիւղի բնակիչը իր տան մակերեսի համար պիտի վճարի 5000 դրամ, իսկ Երեւանի Մաշտոցի պողոտայի վրայ բնակուողը նոյն մակերեսի համար պիտի վճարի 20 անգամ աւել, այսինքն 100.000 դրամ։ Իսկ ի՞նչ անեն թոշակառուները, ովքեր ի վիճակի չեն հարկ մուծել իրենց թոշակից։ Ահա ինչպէս է բացատրում ելքը «Իմ քայլը» խմբակցութեան պատգամաւոր Գէորգ Պապոյեանը.
-Կան թոշակառու ամուսիններ, ովքեր միասին ապրում են Աբովեան փողոցի երեք սենեականոց «ստալինեան» թանկարժէք բնակարանում եւ չունեն այլ եկամտի աղբիւր բացի թոշակից։ Նրանց գոյքի հետ ոչինչ չի պատահի, եթէ այս քաղաքացիները չվճարեն իրենց գոյքահարկը, քանի որ օրէնքով թոշակի վրայ բռնագանձում չի տարածւում։ Սակայն եթէ թոշակառուները որոշեն գոյքը վաճառել, նուիրաբերել, ժառանգութեան տալ թոռներին կամ այլ անձանց, ուրեմն արդէն վերջիններս այդ թանկարժէք գոյքը ընդունելիս պէտք է վճարեն գոյքային ամբողջ պարտքը, որը գոյացել է գոյքի համար։
Կայ նաեւ երկրորդ տարբերակ. համայնքը ընդհանուր փլանաւորուող գոյքահարկի 10%-ի չափով կարող է զիջել գոյքահարկը՝ հաշուի առնելով սոցիալական, տնտեսական և այլ փաստարկներ, այսինքն բաւարար փաստարկներ ներկայացնելու դէպքում համայնքը կը զիջի այս քաղաքացիների գոյքահարկը»։
Այսպիսի հարցերի մէջ է ընկղմուել այսօր հայաստանցին եւ… չկայ աւելի մեծ վէճ, քան այն վէճը, որ կպնում է մարդու գրպանին։ Յատկապէս եթէ գրպանը դատարկ է։