Ամէն օր որեւէ ականաւոր գործչի տարեդարձն է կամ յիշատակի օրն է։ Յունիսի 13-ին Աքսել Բակունցի (Ալեքսանդր Թեւոսեան,1899 Յունիսի 13– 1937 Յուլիսի 8) 121-րդ տարեդարձն էր։ Ապրում էր մեր արձակագիրը եւ իր գոյութեամբ, իր շնչով լցնում էր Գորիսը։ 1937-ին կեանքից հեռացրին Աքսել Բակունցին։ Նա հեռացաւ, թողնելով մեր գրականութեանը ալպիական մանուշակը.
… Ե՛վ գիւղում, ե՛ւ բերդի գլխին ժամանակը սահում է դանդաղ, տարիները նոյն ծառի միանման տերեւներն են։ Դրա համար էլ խառնւում է ծերունու յիշողութիւնը։ Գետն աղմկում է առաջուայ հանգով, նոյն քարերն են եւ նոյն քարէ արծիւը։
Քանի՜ սերունդ է ապրել Բասուտա գետի մօտ, կարկատած թաղիքները փռել ցեխերի վրայ, եղէգնով պատել վրանները, եւ ամէն գարնան, երբ Կաքաւաբերդի լանջին բացուել է ալպիական մանուշակը, այծ ու ոչխարը քշել են բերդի լանջերը, պարկը պանրով լցրել ու ձմեռը կրծել կորեկ հաց եւ այծի պանիր…։ («Ալպիական մանուշակ» պատմուածքից)
Ասում են, երբ Բակունցին տարան գնդակահարութեան, բահը տուին ձեռքը, որպէսզի իր փոսը ինքը փորի։ Այնուհետեւ նոյն բահով սկսեցին գլխին խփել։ Ի՞նչ էք անում,-ասաց, նման գլուխ հարիւր տարին մէկ չի ծնւում։ Կարող է եւ այդպէս է եղել, որովհետեւ Կարմիր տեռորի ժամանակ, երբ հազարներով չէ, այլ միլիոններով անմեղ մարդկանց էին գնդակահարում, շատ յաճախ փամփուշտը ափսոսում էին եւ մարդկանց սպանում էին խեղդելով կամ գլխին խփելով։
Երբ նա յայտնուեց բանտում, ապա ամենաանտանելին՝ տեղեկատուութեան բացակայութիւնն էր.
«Ծա՜նր է, շա՜տ ծանր… Չգիտեմ՝ գիշեր է, թէ՞ ցերեկ, միայն պարզ գիտակցում ես, որ կեանքը մնաց փակ դրան ետեւում։ Մտքերը հեռու են գնում, ի՞նչ է սպասւում յետոյ… ։ Գոյութեան միակ նպատակը մնում է գրականութիւնը… ։ Ինձ գրելու եւ կարդալու հնարաւորութիւն տուէք, ինձ գիրք ու մատի՜տ տուէք… է (Բակունցի մասին) գրքից, որը գրել է իր կինը՝ Վարվառա Բակունցը)։
Մեր օրերում տեղեկատուութեան գերյագեցուածութիւնը իսկական աղէտ է դարձել։ Պատուհաս։ Որովհետեւ բացում ես դիմատետրը եւ մարդկութեան դէմքը մեղմ ասած խիստ հիասթափեցնում է։ Նայելով այդ դէմքին, կարդալով դիմատետրում տեղ գտած մարդկանց մտքերը՝ կարծիք ես կազմում ամբողջական մարդկային կերպարի մասին։ Դրա անունն է մարդկային կատակերգութիւն։ Մարդկային ամբողջական կերպարի մէջ մեծ տեղ է գրաւում արիւնարբութիւնը։ Բաւական է ամբոխը տեսնի գետին ընկած մէկին, նա սկսում է արիւն տենչալ։ Դա մենք նկատում ենք յատկապէս ճանաչուած եւ սիրուած աստղերի պարագայում։ Ո՛ւմ սիրում է ամբոխը, նրան էլ ցանկանում է դժբախտութիւններ։ Սարսափելի է։
Յունիսի 8-ին ռուսական կինոյի եւ թատրոնի սիրուած եւ ճանաչուած դերասան Միխաիլ Եֆրեմովը հարբած վիճակում նստեց իր մեքենայի ղեկին եւ Մոսկուայի հրապարակներից մէկում իր մեքենան բախուեց դիմացից եկող մեքենային։ Մեքենայի վարորդը հիւանդանոցում մահացաւ։ Եֆրեմովին մեղադրանք առաջադրուեց եւ նա այժմ տնային կալանքի մէջ է։ Սակայն խօսքս Եֆրեմովի մասին չէ, ո՛չ։ Նա ինքնիրեն դատապարտել է, ասում է։ Վերջ, չկայ այլեւս ոչ մի Եֆրեմով…։ Բայց ամբոխը չարախնդութեամբ է լցուել։ Զոհ է գտել։ Թիրախ է գտել։ Եւ քարկոծում ու քարկոծում է դերասանին։ Քարկոծման համար ռուսական հեռուստաալիքներում յատուկ շոու- ծրագրեր կան, բայց այստեղ՝ դիմատետրում, նոյնպէս կրքեր են բորբոքւում։ Մի կին բացականչում է։
-Ես երբեք չէի ների իմ ամուսնուն սպանողին։
-Ինչո՞ւ,- հարցրեցի ես, որովհետեւ պատասխանը ինձ հետաքրքրեց։
- Որովհետեւ Չարը պիտի պատժուի, -յայտարարեց նա։
- Ուրեմն դուք ձեր հոգուց կախաղան էք սարքում, -եզրակացրեցի ես։
- Դա դուք Աստուածաշնչո՞ւմ էք կարդացել,-զարմացաւ նա։
Ասեմ, որ աստուածաշնչում չկայ այդ մասին ոչինչ, կայ նոր կտակարանում, բայց անձնական կեանքն էլ է բաւական՝ հասկանալու համար այդ իմաստութիւնը։
Իսկ երեկ, Յունիսի 14-ին, կրկին ականատես եղանք քարկոծման, այս անգամ մեզ մօտ. Գագիկ Ծառուկեան մեծահարուստին տարան ԱԱԾ (Ազգային Անվտանգութեան Ծառայութիւն),եւ իր՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցութեան անդամները, նրա կողմնակիցները դուրս եկան փողոց, որպէսզի սատարէն իրենց առաջնորդին։ Անմիջապէս դիմատետրը համալրուեց Ծառուկեանին վարկաբեկող կեղտոտ տուեալներով, թէ ինչ յանցանքները է նա գործել երիտասարդ տարիներին, որքան է թալանել, պէտք է նրան զրկել պատգամաւորական անձեռնմխելիութիւնից, կարճ ասած կեղտ, կեղտ եւ կեղտ էին թափում նրա եւ իր կուսակցութեան վրայ։ Բայց այսօրուայ իմ թեման թիրախի եւ զոհի մասին չէ, այլ նրան հարուածողների, որոնք միայն այն ժամ են իրենց սուրբ զգում, երբ մէկին գետին են տապալում եւ աշխարհի քարերը հաւաքած՝ քարկոծում նրան…։