Ամէն անգամ ինչ-որ մի տեղ՝ երկիր լինի, քաղաք լինի, գրաւում են ողջ աշխարհի ուշադրութիւնը. ամիսներ առաջ դա Ուհան քաղաքն էր, որտեղից դուրս պրծաւ թագաժահրը, բանտարկելով մարդկանց իրենց տների մէջ։ Մայիսի 25-ից ԱՄՆ-ի իրադարձութիւնները դուրս եկան առաջնագիծ, որոնց մասին բազմաթիւ կարծիքներ հնչեցին, ընդհուպ մինչեւ կասկածանքներ իսկութեան վերաբերեալ։ Ամէն դէպքում աֆրօ-ամերիկացիները դարձան հետաքրքրութեան կիզակէտում։ Վեր հանուեց նոյնիսկ աֆրօ-ամերիկեան դրօշը, որը ստեղծել էր նկարիչ Տէյվիթ Հեմմոնսը 1990-ին (5 նմոյշ) «ԱՄՆ-ի սեւերը» ցուցահանդէսի համար ԱմստերդամիOverholland թանգարանում։ Այն միացնում է ԱՄՆ-ի դրօշը պանաֆրիկեան դրօշի հետ, որը յայտնի է նաեւ որպէս ազատագրման դրօշ։ 5 նմոյշից մէկը վաճառուել էր աճուռդում 2000.000 դոլարով։
Այսպիսով Միննեսոտա նահանգի Միննեապոլիս քաղաքում մայիսի 25-ին 46-ամեայ սեւամորթ Ջորջ Ֆլոյդը զոհ գնաց սպիտակամորթ ոստիկան 44-ամեայ ոստիկան Տերեկ Շովինի բռնութեան հետեւանքով։ Խանութից ոստիկանութեանը ահազանգ է գալիս, որ Ճորճ Ֆլոյդը կեղծ թղթադրամով է վճարել եւ ահա ողջ աշխարհը համացանցով տեսնում է, թէ ինչպէս է Դերեկը ոտքով խեղդում գետնին տապալուած Ֆլոյդին։ Դա տեւաց 8 րոպէ 46 վայրկեան։ Վերջին 3 րոպէն Ֆլոյդը արդէն անշնչացած էր, բայց ոստիկանը ոտքով դեռ սեղմում էր նրա պարանոցը։ Ասում են, որ եթէ չի լինում տեսանիւթ, ապա ոստիկանը արդարացւում է։
Դիահերձումը կարծես ցոյց տուեց նաեւ թագաժահր, բայց ինչպէս ասաց Ֆլոյդի ընտանիքի դատապաշտպան Պեն Քրամպը, 46-ամեայ տղամարդը մահացաւ ոչ թէ թագաժահրից, այլ ուրիշ մի համավարակից, որը ԱՄՆ-ում շատ ճանաչուած է, – դա ռասիզմի եւ խտրականութեան համավարակն է։ Յունիսի 4-ին Միննեապոլիսում յուղարկաւորութեան ատեն Ֆլոյդի յիշատակը յարգեցին ճիշդ 8 րոպէ 46 վայրկեան, որքան որ տեւեց նրա խեղդամահ լինելը։ Միննեապոլիսի քաղաքապետը ծնկի եկաւ դագաղի առջեւ եւ արտասուեց։ Այդ տեսարանը նայելով՝ ամերիկեան իրականութիւնից հեռու եղած հանրութիւնը զարմացաւ եւ սկսեց ծաղրել, թէ սա ի՚նչ քաղաքական կրկես է եւ ցինիզմ է (շնակալութիւն)։ Սակայն ամերիկացիները գիտէին, թէ ինչ էր լինում նման սպանութիւններից յետոյ։ Սա առաջին դէպքը չէր։ Չանդրադառնալով բազմաթիւ նախորդ դէպքերին, նշենք միայն 2014-ի օգոստոսի 9-ին Ֆերգուսոն քաղաքում (Միսսուրի նահանգ) 18 ամեայ սեւամորթ Մայքլ Բրաունի սպանութիւնը, որին կողոպուտի կասկածանքի պատճառով փողոցում գնդակահարեց Դարրեն Ուիլսոնը։ Անմիջապէս սկսուեցին անկարգութիւններ, կողոպուտներ, բռնութիւններ, սակայն այդ ամէնը կատարուեց Ֆերգուսոն քաղաքում։ Ֆլոյդի սպանութիւնից յետոյ, ինչպէս տեսանք, անկարգութիւնները տարածուեցին ԱՄՆ-ի միւս նահանգներում։ Բողոքի ցոյցերից զատ համավարակից առաջացած լարուածութիւնը հանգեցրեց կողոպուտների, թալանի եւ հրկիզումների։ Հրկիզումը բողոքի տեսակներից է, եւ բնորոշ է ԱՄՆ-ի եւ Եւրոպայի երկրների անկարգութիւններին։
Հարկաւոր է իմանալ, որ ԱՄՆ-ի սահմանադրութեան երկրորդ փոփոխութիւնը երաշխաւորեց իւրաքանչիւր քաղաքացու իրաւունքը կրել զէնք եւ կիրառել այն։ Այդ փոփոխութիւնը ուժի մէջ է մտել 1791-ի Դեկտեմբերի 15-ին եւ այն թոյլ է տալիս իրականացնել ժողովրդի ապստամբութեան իրաւունքը, եթէ ԱՄՆ-ի կառավարութիւնը կոպտօրէն խախտի ամերիկացիների իրաւունքներն ու սահմանադրութիւնը։ Զէնք նաեւ կիրառւում է սեփականութիւնը պաշտպանելու ժամանակ, ուստի նրանք, ովքեր չէին ուզում, որպէսզի իրենց խանութները եւ բիզնեսը թալանուի եւ հրկիզուի, զենքով դուրս էին գալիս պաշտպանուելու։ Ընդամէնը մի դէպք նշեմ. դա Քալիֆորնիայի Սան-Դիեգո քաղաքում էր, որտեղ «ռուսական մաֆիան» պաշտպանեց «Փուշկին» ռեստորանը։ Ռուսական մաֆիա կոչուածը դա 36-ամեայ Հայկ Գազարեանն է։ Ծնունդով Ուզբեքստանից, նա արտագաղթել էր Պյատիգորսկից (Ռուսաստանի Դաշնութիւն) 1998-ին։ Փուշկինը նրա սիրած բանաստեղծն էր եւ 5 տարի առաջ Հայկը իր ընկերների հետ, որոնք նոյնպէս ծագումով Սովետական Միութիւնից էին, բացեց ռեստորանի ուրախութիւն քաղաքի ռուսալեզու բնակչութեանը։ Հայկը չէր պատրաստւում հանգիստ կամ անհանգիստ նայել, թէ ինչպէս են ջարդում եւ թալանում իր ռեստորանը։ Նա հաւաքում է 12 հոգանոց ինքնապաշտպանական ջոկատ, որը զինուած դիմաւորում է յարձակուողներին։ Վերջիններն էլ՝ տեսնելով զինուած դիմադրութիւն, իսկ տղաները կենդանի վահան էին կազմել մուտքի առջեւ, չեն յանդգնում կռուի մէջ մտնել նրանց հետ եւ նոյնիսկ իրենց գոհունակութիւնն են յայտնում։ Աւելացնեմ, որ Հայկի խումբը ներկայացնում է իրենից իսկական սովետական խառնուրդ. հայ, վրացի, ազերի, ռուս, ուքրաինացի, հրեայ... Խումբը ոչ միայն ինքնապաշտպանուեց, այլ նաեւ հարեւան խանութները պաշտպանեց յարձակումներից։ Իսկ եթէ չբաժանենք ամերիկացիներից սեւերի եւ սպիտակների, ապա պիտի նշենք, որ եղան սպիտակամորթ յարձակուողներ եւ սեւամորթ պաշտպանուողներ։
Բայց արի ու տես, որ կրկին, ինչպէս եւ չինացիների պարագայում, համացանցը պայթեց ռասիզմի դրսեւորումներից. «Պէտք է դուրս հանել սեւերին ԱՄՆ-ից, թող վերադառնան այնտեղ, որտեղից նրանց բերեցին այս երկիր»։ Հազար ամօթ…։