dzovinarlok@gmail.com
Սմբատ Գոգեանը՝ Բարձրագոյն որակաւորման Կոմիտէի (ԲՈԿ) նախագահը, Մայիսին դիմում էր գրել ազատման մասին եւ բոլորը զարմացել էին, ափսոսում էին այդ առիթով, որովհետեւ Գոգեանի նման ազնիւ ու շիտակ անձնաւորութիւն եւ որպէս գիտնական, եւ մարդկային իմաստով դժուար թէ գտնուի։ Պատճառաբանել էր իր արարքը հետեւեալ կերպ.
-Կրթութեան եւ գիտութեան բարեփոխման իմ պատկերացումները չեն համընկնել նախարարութեան ռազմավարութեան հետ եւ ժամանակի ընթացքում այդ հակասութիւնները խորացել են։ Չնայած այդ տեսակէտերի տարբերութեան, աշխատել եմ խղճի թելադրանքով։ Համակարգում բարեփոխում անելու համար անհրաժեշտ էին օրէնքի կողմից լիազօրող նորմեր, որոնք ստանալ այդպէս էլ չկարողացայ։ Իսկ նախարարի կողմից ԱԺ ամբիոնից նոր օրէնքով ԲՈԿ-ը փակելու յայտարարութիւնից յետոյ աշխատելը դարձաւ անիմաստ։ Իմ գաղափարներն այլեւս կեանքի կոչել չեմ կարող։ Գրագողերը սպասում են կառոյցի փակուելուն։
Տուն, ընտանիք պահենք թէ՞
գիտութիւն
Գոգեանին իսկոյն սկսեցին հրաւիրել հարցազրոյցների եւ «Ինչո՞ւ» հարցին նա բացատրում էր, որ համակարգը ինքնիրեն չի փոխւում, պէտք է նախապատրաստել այն փոփոխութեան. «Մենք կամաց-կամաց ինչ-որ փոփոխութիւններ էին առաջադրում բուհերին, բայց այս երկու տարուայ ընթացքում բուհերի կառավարման հարցում ոչ մի առաջընթաց չեղաւ։ Ես երեք բուհերի հոգաբարձուների խորհրդի անդամ եմ եւ այդ խորհրդի արդիւնաւէտութիւնը զէրօ է։ Հին համակարգում չի լինում փոխել բովանդակութիւնը։ Կանոնները պէտք էր փոխել հենց յեղափոխութեան սկզբում՝ 2018-ի աշնանը»։ Իսկ թէ ինչո՞ւ համակարգը հնարաւոր չի փոխել, Գոգեանը պարզաբանեց, որ դասախօսները սոցիալական խնդիր են լուծում, նրանք վաղուց արդէն հակուած չեն մտաւոր եւ ստեղծագործական գործունէութեան։
Դա նորութիւն չէր։ եթէ կայ հացի խնդիր, ուրեմն գիտութեան մասին խօսելը աւելորդ է։ Կենսաֆիզիկոս Սասուն Գէորգեանը, ով 10 տարի է աշխատում է Թայվանում, ուրեմն հացի խնդիր չունի, վկայում է, որ ԲՈԿ-ը դա փոքր լիազօրութիւններով համեստ կազմակերպութիւն է, բայց Հայաստանում տարիներ շարունակ վերածուած է փող աշխատելու դուքանի։ Խօսելով Գոգեանի մասին, նա նշում է, որ Գոգեանը երեսունեօթ տարեկանում դոկտորական է պաշտպանել եւ միակն է բոլորի մէջ, որի հետ կարելի էր խօսել, իսկ մնացածի հետ՝ Արայիկ Յարութիւնեանի, Յովհաննէս Յովհաննիսեանի,Մխիթար Հայրապետեանի հետ…խօսելու բան չկար, որովհետեւ նրանք գաղափար չունեն, թէ գիտութիւնն ինչ է, հետեւաբար ոչ մի տեսլական դրա զարգացման վերաբերեալ չունեն։
Եւ այդպէս է բոլոր ոլորտներում. գիտութեան, արուեստի, կրթութեան… որոնցից միայն անունը մնաց, սակայն ինձ յատկապէս մտահոգում է լրատուական ոլորտը, քանզի դիպչում է ազնիւ լրագրողի արժանապատւութեանս…
Յանուն լրագրողների պատուին
Լրատուութիւնը, ձուկը, միսը, մրգերն ու բանջարեղէնը պիտի լինեն թարմ, իմ կարծիքով։ Եթէ չենք կարող դրանք թարմ պահել, ապա սառնարան ենք դնում եւ այսպիսով պիտանելիութիւնը պահպանում։ Բացի լուրերից։ Դրանք չի կարելի 1-6 տարի զմռսել, յետոյ մէջտեղ հանել։ Բայց արի ու տես, որ կարգ մը ԶԼՄ կոչուածներ առաջարկում են ընթերցողներին ժամկէտանց նորութիւններ…։ Օրինակ, Միշել Լեգրանը պիտի ելոյթ ունենայ Քրեմլում։ Լուրն այս վերնագրով մարդիկ տեղադրում են իրենց էջին, ուշադրութիւն չդարձնելով տարեթուին, մինչդեռ երաժիշտը անցեալ տարի արդէն հրաժեշտ է տուել կեանքին։
Ջութակահար Սերգէյ Խաչատրեանը արժանացել է Credit Swiss շուեյցարական դրամատան ամենամեայ մրցանակին՝ որպէս աշխարհի լաւագոյն երիտասարդ երաժիշտ։ Մրցանակի հետ Սերգէյ Խաչատրեանը ստացել է նաեւ դրամական պարգեւատրում՝ 75 հազար շուեյցարական ֆրանկ։ Ամէն ինչ ճիշդ է, սակայն մի նրբութիւն կայ, որը դարձնում է այս լուրը սուտ՝ դա տարեթիւն է։ Լուրը վերաբերւում է 2014-ի Յունուար ամսին եւ Սերգէյ Խաչատրեանը այլեւս չի կարող համարուել ամենաերիտասարդ երաժիշտ։ Շատ էր ոգեւորել ծախուած ԶԼՄ-ներին Կարօ Փայլանի մասին լուրը. «Համշէնուհի» համշէնահայերի կանանց միջազգային միութեան նախագահ Սաիդա Օհանեանը յայտնում է, որ միութիւնը դիմել է Նոպելեան յանձնաժողովին առաջարկով՝ յանձնել Խաղաղութեան Նոպելեան մրցանակը Թուրքիայի Ազգային մեծ ժողովի հայ պատգամաւոր Կարօ Փայլանին։ Ահա սա էր լուրը։ Այն որ այդ կազմակերպութեան առաջադրանքը բաւարար չէր թեկնածութեան համար, ո՛չ ոքու չէր մտահոգում, կարեւորը սենսացիան էր։ Շուտով արդէն ամբողջ դիմատետրը պայթում էր “Կարօ Փայլանը արժանացել է Նոպելեան մրցանակի» վերնագրից։ Երբ փորձում էիր առարկել, վայնասուն էին դնում. նա արժանի է, դուք ինչ է՝ Բաքուի՞ց էք… Ո՛չ ոք ինքնիրեն հարց չէր տալիս. ո՞նց, ե՞րբ, ո՞վ։ Զարմանալի է, որ նման միամիտ, դիւրահաւատ ազգ ենք։ Եւ դա ձեռնտու է ծախուած լրագրողներին։ Նրանց պէտք են անուններ։ Յայտնի եւ սիրուած անուններ, որոնց վրայ կարելի է կառուցել իրենց մէկ օրուայ կեանք ունեցող ֆեյքերը։ Սովորաբար նման լուրերը նաեւ անանուն են։ Իսկ լրագրողական պատիւը ընդվզում է. ո՞ւր էք տանում ընթերցողին, ինչո՞ւ եք միֆեր ստեղծում, ինչո՞ւ էք շահարկում ազգային պատկանելիութեան լարերը, յայտարարելով նոյնիսկ այն աստիճան սուտ, թէ իբր հայ երգչուհիները հասել են մինչեւ Օսքար մրցանակի…։ Եւ կրկին պատճառը մէկն է. ԶԼՄ-ներով, մարդկային դիւրահաւատութեամբ մարդիկ հացի խնդիր են լուծում։