(Երկրորդ մաս)
dzovinarlok@gmail.com
Երեւանում կան յատուկ թաղամասեր, որտեղ առանձնատներ են շարուած մէկը միւսի ետեւից։ Մէկը միւսից տարբերուող, չնմանուող, ներքեւից չերեւացող, որովհետեւ բարձր պարիսպներով են շրջապատուած։ Այդ թաղամասերից մէկը Բագրեւանդն է Նոր Նորքում։ Դեռ ճանապարհ չկայ, այսինքն ասֆալտապատուած չէ, բայց ամէն մի առանձնատնից ներս այնպիսի յարմարութիւններ կան, այնքան փող է ներդրուած այդ յարմարութիւնների վրայ, որ զարմանում ես։ մի՞թէ տէրը չէր կարող նաեւ իր տան շեմը բարեկարգել…։ Բայց առանձնատանը պատսպարուած ընտանիքը գուցէ չի էլ ապրում այս տանը՝ ապրում են նրա փողերը։ Այնքան շատ են այդ փողերը, որ հարիւր կեանք էլ ապրէիր, չէիր կարող նման տան համար գումար վաստակել անկախացած Հայաստանում։ Դա հնարաւոր էր անել միայն պաշտօնի շնորհիւ, օրինակ, միայն մէկ տարի գտնուելով դատաւորի կամ ոստիկանի պաշտօնում, ոչինչ չանելով, փողերը գալիս ու լցւում էին գրպանդ այնքան, որ այլեւս տեղ չէր լինում նրանց համար, եւ պաշտօնեան այդ փողի անսահման քանակը վերածում էր անշարժ գոյքի։ Ահա եւ գտանք այդ առանձնատների անունը։ գոյք։ Դժուար է գոյքում ապրել։ Մէկ օր մնալուց յետոյ շունչդ կտրւում է, նոյնիսկ եթէ դուրս ես գալիս բարեկարգուած բակ, պտղատու ծառերով տնկած հողամաս։ Ինչո՞ւ։ Որովհետեւ չի գոյանում որեւէ կապ այդ հողի հետ, դու քեզ զգում ես փակուած ինչ-որ դրամատան մէջ եւ դարբասից դուրս գալուն պէս յայտնւում ես անջրպետում։ Փողոց չկայ, շինարարական աշխատանքներից մնացած աւազ է ոտքիդ տակ։ Ասում են, պէտք է գումար հաւաքեն, որպէսզի փողոցը ասֆալտապատեն։ Կ՚անեն ի հարկէ, մի քանի տարի առաջ այստեղ ամայի տարածք էր, իսկ հիմա առանձնատներ գոյացան։
Սակայն իմ այսօրուայ նիւթը Ստեփանավանն է։ Կայ լոռուայ այս սքանչելի քաղաքում սոճիների մի ծառուղի, որը տանում է դէպի Հանգստեան Տներ։ «Անահիտ», «Նեկտար», «Լոռի», «Վահագն», «Օզոն»։ Ահա այս ծառուղիում կարելի է տեսնել երիտասարդներին, սա է նրանց ժամանցի եւ սիրահարութեան տեղը։ Ողջ ճանապարհի երկայնքով գրութիւններ էն արուած ներկով. «Հաւատայ քո ուժերին, ներիր, երազիր, փորձիր, օգնիր մարդկանց, դասաւանդիր Հայաստան, տարբերուիր…»։ Այո, տարբերուի՛ր, շատ կարեւոր է։ Սակայն դա չի վերաբերւում ունեցուածքին։ Դժուար է գտնել Ստեփանավանում որեւէ մի տուն, որը տարբերուի, ճչայ իր ունեցուածքի չափերով, որին պարիսպներ են հարկաւոր։ Այստեղ կարճլիկ ցանկապատեր են դարբասի հետ, որոնք ամենեւին չեն ծածկում տան ճակատը։ Եթէ ծածկեն, ուրեմն ներսում ապրող մարդիկ չեն տեսնի փողոցի անցուդարձը, մարդուն մարդ է պէտք եւ տները այստեղ ցածլիկ են, իսկ տանիքները սրակտուր, ինչպէս առագաստները, որպէսզի դիմակայէն տեղուոյն քամիներին։ Շատ կոկին տներ են՝ ծաղիկներով եւ ծառերով, սակայն շատ են նաեւ խարխուլ տները,որոնց բնակիչները լքել են մէկընդմիշտ Ստեփանավանը եւ ի՜նչ-ի՜նչ հեռուներում ծուարել։ Առաջին օրը Ստեփանավանում սքանչութիւն ես զգում, իսկ երկրորդ օրը՝ հիասթափութիւն։ Միայն Սոս Սարգսեանի եւ Ստեփան Շահումեանի փողոցներն էին բարեկարգուած, իսկ յարակից փողոցները նման էին Վանաձորի ասֆալտին վաղուց հրաժեշտ տուած փողոցներին։ Տխուր չէր, ո՛չ, նոյնիսկ ցանկութիւն էր առաջացնում տեսախցիկով շրջել եւ ստիպել, որպէսզի անցեալը ինքը պատմի իր մասին տեսախցիկի առաջ։ Մտայ մի բակ, որտեղ շները առանձնացուած էին ցանցի հետեւում, իսկ հաւերը ազատ շրջում էին. շները սկսեցին հաչալ, իսկ հաւերը զարմացած հետեւեցին ինձ, թէ այս ո՞վ է հետաքրքրուել իրենց լքուած, աշխարհից կտրուած վայրով…։ Ինձ վրայ նայեց անցեալի պատկերը իր անատամ երախով՝ դա մի աւերուած շինութիւն էր, որի գլխավերեւում պահպանուել էր «Սրճարան Ժպիտ» անունը։ Եւ շրջեցի այդ երբեմնի սրճարանը, որպէսզի տեսնեմ նրա շարունակութիւնը հակառակ կողմից եւ իմ առջեւ բացուեց մի լքուած ռեստորան սիւներով, որը «Սպիտակ Տուն» էր կոչւում մի ժամանակ։ Որպէսզի այն լիակատար ընդգրկուէր իմ տեսադաշտում, ես անցայ կամուրջի վրայ եւ արդէն ամբողջովին տեսայ այդ ռեստորանը, որը ձորի գլխին էր հաստատուել։ Յետոյ ես իմացայ, որ այդ ռեստորանը անցեալում եղել էր եկեղեցի։ Պատմում են, որ նրանք, ովքեր եկեղեցին քանդեցին յանուն ռեստորանի, երկար կեանք չունեցան, եւ հիմա, փոխանակ այդ եկեղեցին վերականգնէին քանդուած ռեստորանի տեղում, իշխանութիւնները որոշեցին եկեղեցի կանգնեցնել Շահումեանի հրապարակում։ Հիմքը փորեցին, բայց այդպէս էլ մնաց փոսորակն անաւարտ…