Այս խնդիրը այնքան հասունացաւ, որ պէտք է այլեւս պարզութիւն մտցնել։ Խնդիրը մեր ազգանունները չեն, ո՛չ, այլ ազգանուն փոխելու կոչերը, որովհետեւ մեր ներկայ ազգանունները բացատրւում են շատ-շատերի կողմից… Որպէս օտարամոլութեան դրսեւորում։ Ահա այսպէս մակերեսային, միակողմանի կերպով են մօտենում այդ հարցին եւ երբեք չեն փորձում մտիկ անել նրանց, ովքեր փորձում են պաշտպանել ազգանուան իրաւունքը։
«Քերէ՛ք ձեր վրայից օտար անուն-ազգանունները, ամօթ է», եւ այս կոչի տակ մարդիկ ամօթով են տալիս Սուլթանեան, Սուլէյմանեան, Միրզախանեան, Ամիրխանեան, Քեշիշեան, Գույումճեան եւ շատ ու շատ ուրիշ ազգանունները, գրեթէ բոլոր հայկական ազգանունները։
Հարցնում եմ մի կնոջ.
-Իսկ դուք գիտէ՞ք, թէ ով են Պայտագործեանն ու Երկաթագործեանը։
- Ոչ։
Նալպանդեանն ու Տեմիրճեանն են, մենք նրանց այդպէս գիտենք…։
Գուսան Հայկազունը մի ոգեշունչ բանաստեղծութիւն է գրել, որտեղ ամօթով է տուել մեր ազգանունները, սկսած իր իսկ ազգանունից.
Ես փոխում եմ ազգանունս
Հայհոյում եմ ես անխնայ
Ազգանունս դնողներին,
Հայհոհայնքս անէծք դառնայ,
Գերդաստանս անպատուողին։
Կայ մի բլուր արեւելքում, Նազարէթ են այն անուանում,
Ազգանունս ինչքան լսում, Նուաստացած եմ ինձ զգում։
Ամբողջ բանաստեղծութիւնը չեմ կարող այստեղ մէջբերել, բայց հեղինակը համարում է, որ եթէ չփոխի իր ազգանունը, ապա կը մնայ օտարամոլ։ Նա դժգոհում է, որ լինելով զտարիւն հայաստանցի, նա կրում է ոչ հայկական ազգանուն.
Ծրագիր է հետապնդուել,
Արմատներից փորձել կտրել,
Ով է հարցն այդ կարգաւորել
Երբ պետութիւն չենք ունեցել։
Եթէ փորձենք պատասխանել այդ հարցին, թէ ո՞վ է դա կարգադրել, ապա պիտի պատասխանենք. «Կեանքը, պատմութիւնը»։ Մեր պատմութիւնը, մեր արմատները տանում են կամ դէպի Պարսկաստան, կամ դէպի Արեւմտեան Հայաստան, որը 1452-ից մտաւ Օսմանեան կայսրութեան կազմի մէջ, իսկ 1923-ից՝ Թուրքիայի։ Սա է մեր պատմութիւնը, իսկ ամէնքի ազգանունը իր ազգի, տոհմի անունն է եւ եթէ մենք փոխենք մեր ազգի անունները, ապա կը փոխենք, աւելի ճիշդ կը կորցնենք մեր կապը անցեալի հետ, կ՚ունենանք ոչ թէ ԱԶԳ անուն, այլ, օրինակ ԱՆՁ անուն, ինչպէս Կարապետեաններն են, Սամուէլեաններն են, Սիմոնեաններն են…։
Կրկին մէջ բերեմ իմ երկխօսութիւնը մի կնոջ հետ։ Ասում եմ.
-Թուրքիայում ապրող Գույումճեանը ստացել է իր ազգանունը Գույումճու մականունից, նրան ասել են գույումճու Միհրան, օրինակ, եւ նա դարձել է Գույումճեան։
-Թուրքն է ստիպել նրան թուրքական ազգանուն վերցնել
-Ո՛չ, նա կարող էր Ոսկերիչեան լինել, բայց նախընտրեց թուրքական միջավայրում լինել Գույումճեան։
-Ահա, տեսնում ես, որ մենք օտարամոլ, օտարին սիրաշահող ազգ ենք։ Ի հարկէ, եթէ հայը չուզենար դառնալ ասենք Դալլաքեան, ոչ ոք չէր կարող նրան ստիպել...ու եթէ մեր ազգանունները փոխելով մենք կորցնում ենք մեր պատմութիւնը, էլ ինչո՞ւ ենք խօսում մեր հին եւ հնագոյն պատմութիւնից, նշանակում է այն այլեւս մերը չի եւ օտարինն է։ Ես կարծում եմ, որ ժամանակն է, նոյնիսկ ուշացել ենք, պէտք է վերադառնանք մեր իսկական արմատներին, հակառակ դէպքում հնագոյն պատմութիւնը պիտի համարենք կորած ազգի պատմութիւն։
Այսպիսի երկխօսութիւն։
Մինչդեռ Թոփալեան, Չոլաքեան կամ Սաաթչեան ազգանունները եթէ փոխենք, որպէսզի վերադառնանք մեր ակունքներին, ապա փոխելով կը կորցնենք ակունքները, որովհետեւ տուեալ ազգանունները տանում են դէպի Սեւ ծով։ Մեր ազգանունները խօսում են մեր օսմանեան եւ թուրքական հպատակութեան մասին, ուզենք թէ չուզենք։ Մենք չենք կարող փոխել մեր պատմութիւնը հիմա, երբ մենք ունեցանք մեր պետութիւնը, հակառակ դէպքում մենք անարմատ ազգ կը դառնանք, եւ թող հայերը իրենց վատ չզգան, երբ ազերիները հայերին ամօթով են տալիս, կշտամբելով, թէ այս ի՚նչ հայ եք, եթէ ձեր ազգանունները թուրքական ծագում ունեն։
Փոխանակ փոխելով, լաւ կը լինի խորանանք ու ուսումնասիրենք մեր ծագումը ազգի անուններից։ Լրագրող, հրապարակախօս Ֆահրադ Ափուճանեանը, օրինակ, հետազօտել եւ գտել է իր ազգանուան ծագումը, որը տանում է դէպի արաբերէն-պարսկերէն կաղապարով ձեւաւորուած ազգանուակերտ հիմքերի՝ Ափուճան-Ափուճանեան. հայերէնի որոշ բարբառներում եւ խօսուածքներում ափու, ափօ, ապու, ապի, աբա, բաբա եւ այլ ձեւեր նշանակում է են հայր, պապ, մեծ հայր։ Դրան միանում է «ճան» փաղակչական բաղադրիչը եւ դառնում է Ափուճանեան։
Ես ինքս իմ մեծ մօրս Կռնատեան ազգանուան ծագումն իմացայ, երբ այցելեցի Սուրբ Ռիպսիմէի տաճարի գերեզմանատունը եւ յայտնաբերեցի նրա հօր՝ Սիմոն Կռնատեանի պատմութիւնը. այստեղ իմ հայրս պատմեց, որ իր պապը մասնակցել է առաջին աշխարհամարտին եւ կորցրել ձեռքը։ Ձեռքը՝ բան մը չէ, միայն թէ մեր պատմութիւնը չկորցնենք։ Այս օրերին հետաքրքրւում էի պատուաստանիւթերի հարցերով եւ իմացայ, որ սովետական պատուաստանիւթերում մի բաղադրիչ կար, որի ազդեցութիւնը ուղեղի վրայ կտրում էր կապը իր անցեալի հետ…