dzovinarlok@gmail.com
Ճապոնիայում եւ Իսրայէլում մէկ րոպէ լռութեամբ են նշում զոհերի յիշատակը։ Ճապոնիան յիշում է Հիրոշիմայի եւ Նագասակիի 1945-ի Օգոստոսի 6-ի եւ 9-ի ռմբակոծումների զոհերին, երկրաշարժի կամ ցունամիի զոհերին. զանգը հնչում է 8.15-ին եւ բոլորը կանգ են առնում եւ քարանում լռութեան մէջ։ Նոյնը կատարւում է Իսրայէլում։ Յունուարի 27-ին հնչում է տագնապի ազդանշանը եւ մէկ րոպէ լռութեամբ յիշում են Հոլոքոստի 6 միլիոն զոհերին։ Իսրայէլում կայ նաեւ սգոյ օր, դա Անկախութեան օրուայ նախօրէին է, երբ յիշում են Իսրայէլի անկախութեան համար զոհուածներին. առաւօտեան 2 րոպէ հնչում է տագնապի ազդանշանը եւ 2 րոպէ լռութիւն է տիրում երկրում։ Մարդիկ քարանում են, որտեղ որ գտնուեն՝ տանը, փողոցում կամ մեքենայում։
Այո՛, սովորաբար լռութեամբ է յարգւում մահացածի յիշատակը… Սակայն հայոց ցեղասպանութեան յիշատակը հայերը այլ կերպ են նշում։ Տարիներ առաջ, երբ Հայաստանն ու Թուրքիան որոշ մերձեցումներ էին դրսեւորում, եւ Թուրքիայից հեռուստալրագրողներ էին ժամանել 24 Ապրիլի կապակցութեամբ, նրանք շուարած էին մնացել. «Մենք կարծում էինք, որ Ապրիլի 24-ին 100 կամ 200 մարդ է գալիս յուշահամալիր, բայց որ Հայաստանի ողջ բնակչութիւնն է այդ օրը ուղղւում Ծիծեռնակաբերդ, նման բան մենք բոլորովին չէինք կարող երեւակայել»։ Գուցէ իրօք Թուրքիայի բնակչութիւնը չի կարող երեւակայել, որ աշխարհում ապրող բոլոր հայերը 1915-ին մի ամբողջ ազգի սրի քաշած բեկորներն են…։
Հայերը չեն կարող հետեւել Ճապոնիայի կամ Իսրայէլի օրինակին։ Հայերը պարտաւոր են ահազանգել ողջ աշխարհին 20-րդ դարասկզբին կատարուած ցեղասպանութեան մասին։ Եւ մերտագնապի ահազանգը պիտի մի պահ ստիպի Երկիր մոլորակի մարդկանց կանգ առնել եւ լռութեամբ խորհել չապաշխարած ոճրագործի մասին...Ոճրագործութիւն իրականացրած Օսմանեան կայսրութեան իրարայաջորդ պետութիւնը՝ Թուրքիան, ժխտում է, չի ճանաչում ոճրագործութիւնը, եւ դա վտանգաւոր է մեծ իմաստով։ Մարդկայնութեան իմաստով։
Բազմաթիւ ուղերձներից, որոնք յղեցին տարբեր երկրների ղեկավարները հայերի ցեղասպանութեան 105-րդ տարելիցին, ես կ՚առանձնացնէի Յունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսինը. «Յանցագործութիւն ընդդէմ մարդկութեան, որը ստուերեց 20 դարի լուսաբացը։ Յաւերժական դաս՝ ատելութիւնը, ռասիզմը եւ կոյր բռնութիւնը մերժելու համար։ Այդ պատճառով չարագործութիւնը մոռանալը երաշխաւորում է դրա կրկնութիւնը»։
Հայերի կարծիքով բոլոր երկրներն ու ժողովուրդները պէտք է ճանաչեն 1915-ի ցեղասպանութիւնը, եւ դա պէտք է անէն ոչ թէ յանուն հայերի, այլ յանուն հաւաքական հոգու մաքրման։ Տասնեակ պետութիւնների, կազմակերպութիւնների, օրէնսդիր մարմինների կողմից հայոց ցեղասպանութեան ճանաչման ցանկը 2019-2020-ին համալրուեց եւս երեք ճանաչումով.
1. 2019 –ի Ապրիլի 26-ին Պորտուգալիան ճանաչեց հայոց ցեղասպանութիւնը։
2. 2019-ի Հոկտեմբերի 30-ին եւ Դեկտեմբերի 12-ին ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի եւ եւ Սենատի կողմից ընդունուեց Հայոց ցեղասպանութիւնը ճանաչող, դատապարտող եւ հաստատող բանաձեւ։
3. 2020-ի Փետրուարի 13-ին Սիրիայի Արաբական Հանրապետութիւնը ճանաչեց եւ դատապարտեց Հայոց ցեղասպանութիւնը։
Սակայն այդ ամէնը չի հանգեցնում ամենակարեւոր պետութեան կողմից ցեղասպանութեան ճանաչմանը։ 2004-ին տուած մի հարցազրոյցում Հրանդ Տինքը արտայայտեց իր կարծիքն այդ առիթով.
Հարց.- Ի՞նչ պէտք է անի Թուրքիան, որպէսզի այս հարցը թաղուի պատմութեան մէջ եւ այլեւս չխոչընդոտի ապագայի բարեկամութեանը։
Հրանդ Տինք.-Խօսքս ուղղում եմ սփիւռքի հայութեանը։ Ո՛չ Թուրքիայի, ո՛չ էլ ցանկացած այլ պետութեան պառլամենտներից մի՛ պահանջէք, որպէսզի ընդունեն ցեղասպանութիւնը։ Սա իմ ազգի ցաւն է, եւ ես այդ ցաւը պատուով առել ու յաւերժ կը կրեմ իմ ուսերին։ Իսկ թէ ուրիշները կը կիսեն իմ ցաւը թէ ոչ՝ իրենց գործն է, դա կապուած է նրանց՝ մարդու իրաւունքների եւ ժողովրդավարութեան հանդէպ ունեցած վերաբերմունքի հետ։ «Արարատ» ֆիլմի շուրջ չլսուած մի աղմուկ բարձրացաւ։ Եթէ Թուրքիան ցանկանում է, որ ցեղասպանութեան հարցը դադարի խնդիր լինելուց, ուրեմն պիտի հնարաւորութիւն ստեղծի, որպէսզի խօսենք այս դէպքի մասին այնտեղ, ուր կատարուել է դէպքը...