dzovinarlok@gmail.com
Այսօր ես վերջապէս դուրս եկայ տնից երկար ընդմիջումից յետոյ։ Տանը մնալու գաղափարը միս ու արիւն է ստանում եւ ոտքերը կարող են նոյնիսկ հետ վարժուել կամ մոռանալ, որ պարտաւոր են շարժուել։ Չգիտէի ինչ կօշիկ հագնել՝ ձմեռա՞յին թէ գարնանային, այսինքն դրսում գարո՞ւն է արդեօք… սակայն գրեթէ ամառ էր, շատ հաճելի, ոչ այրող… Անցնելով բակի մարգագետնի կողքով, որտեղ պտղատու ծառերի եւ ծաղիկների տնկիներ էին ցանած, նկատեցի, որ անհետացել էր «Մի՛ պոկէք, խնդրում ենք» գրութիւնը։ Լռութիւն էր տիրում, եւ ոչ միայն բակի այգում կամ քաղաքում, այլ կարծես ողջ տիեզերքում։ Փողոցը կարելի էր անցնել ցանկացած տեղում, քանի որ մեքենաները շատ չէին։ Ավտոճանապարհի գլախավերեւում ցուցապաստառը զգուշացնում էր «Մի՛ վախենայ, այլ հաւատայ»՝ Աւետարան ըստ Մարկոսի։ Մարդիկ հաւատացին վիրուսին։ Ոչ գարնանը հաւատացին, ոչ Աստծուն, այլ՝ վիրուսին։ Բժիշկները զարմացած են, ինչո՞ւ այդ անկատար վիրուսը առաջացրեց նման տիեզերական աղմուկ։ Մի ընկեր – բժիշկ մեզ զանգահարեց եւ գաղտնի յայտնեց. «Մի՛ վախեցէք»։ Եւ պատմեց, որ հոգեկան շեղուածութիւնը կարող է սկսուել աւելի ուշ, ինչպէս դա տեղի ունեցաւ երկրաշարժից յետոյ։ Վախն անբուժելի է։
Իսկ ուրիշ մի ընկեր-բժիշկ Իրանից պատմեց, թէ ինչպէս են նրա մօտ գալիս հազի գանգատներով, երկիւղելով նոր հիւանդութեան առթիւ։ Ազգականները ԱՄՆ-ից են զանգահարում նրան, նկարագրելով իրենց կասկածները վարակի վերաբերեալ։ Եւ նա զարմանում է, թէ ինչպէս են բոլորը առանց բացառութեան վարակուած… վախով։
Ի դէպ Թեհրանի եւ ընդհանրապէս այդ զարմանահրաշ երկրի մասին։ Շատ հետաքրքիր երկիր է Իրանը։ Այնտեղ ամէն ինչ կատարւում է ներսում եւ շատ աւելի կտրուկ ձեւով, քան միւս երկրներում, որտեղ ամէն ինչ թոյլատրուած է։ Երկար տարիներ երկիրը փաստացի գտնւում է ինքնամեկուսացման մէջ եւ պատժամիջոցների ներքոյ, ընկալելով իրենց վիճակը որպէս անվերջ սառը պատերազմ։ Այնուամենայնիւ նրանք ունեն կինօ։ Իսկական կինօ հակառակ թապուացուած եւ գրաքննութեան պայմանների։ Երեկ ես դիտեցի հրաշալի մի իրանական ֆիլմ «Իմ կեանքը երկրորդ կուրսում»։ Ռեժիսոր Ռասուլ Սադրամելին պատմում էր, որ երկու դերասանուհիներին փնտռել են մի քանի ամիս եւ ընտրել են 900 թեկնածուհիների մէջ։ Իրանում տարեկան 30-50 լիամեթրաժ ֆիլմեր են ստեղծւում, եւ ողջ երկիրը ներգրաւուած է կինօ արտադրութեան գործընթացին, լինի դա վաւերագրական կամ կարճամեթրաժ ֆիլմեր… Ռասուլ Սադրամելին դա բացատրում է Իրանի բարձր պոէտիկ մշակոյթի աւանդներով։ Չկար մի ընտանիք, որտեղ գէթ մէկ բանաստեղծ չլինէր։ Հիմա պոէզիան փոխարինել է կինօն։
Իսկ եթէ հետաքրքրուենք իրանական կինոյի ակունքներին, ապա կը բացայայտենք, որ առաջին իրանական ֆիլմը նկարահանել է իրանահայ ռեժիսոր Յովհաննէս Օհանեանը (Ovanes Ohanian,1896 – 1960)։ Նա յայտնի էր որպէս ռեժիսոր, սցենարիստ, գիւտարար եւ բժիշկ։ Օհանենաը ոչ միայն նկարահանեց առաջին իրանական ֆիլմը՝ «Աբին եւ Ռաբին»։ Նա ինքը գրեց սցենարը, ինքը բեմադրեց եւ ինքն էլ խաղաց այդ ֆիլմում։ Ցաւօք ֆիլմը չի պահպանուել, բայց կինոյի պատմութեան մէջ մնացել է, ինչպէս նաեւ պահպանուել է այն փաստը, որ հենց Օհանեանն է ստեղծել Իրանում առաջին կինօ դպրոցը։