dzovinarlok@gmail.com
Երեք մեր դուռը թակեցին։ Բացեցի՝ տեսնեմ մեր ներքեւի հարեւանուհին է աղջնակի հետ։ Ինքը պաշտպանիչ դիմակով էր եւ ձեռնոցներով, աղջնակը՝ ոչ։ Ասաց, որ լուացքի մեքենան չի աշխատում եւ օգնութիւն հայցեց...Հրաւիրեցի ներս, բայց նա մի քայլ ետ արեց եւ զարմացած հարցրեց. ՛«Չէ՞ք վախենում»։ «Չեմ վախենում»,- պատասխանեցի։
Ինչո՞ւ եմ սա պատմում։ Որքան ես հասկացայ, վախի վիրուսը արդէն մտել է մարդկանց մէջ եւ սա արդէն լուացքի մեքենայ չէ, որ սարքուի։ Այդ վիրուսը հեշտ չի լինի մարդուց հանել։ Մանուկ տարիներիս ընտանիքով հիւրընկալուել էինք հորս ընկերոջ տանը Ռուսաստանի փոքր քաղաքներից մէկում։ Երբ մենք էլ նրանց հրաւիրեցինք Երեւան, նրանք հրաժարուեցին, ասելով. «Եթէ յանկարծ պատերազմ սկսուի, մենք պէտք է լինենք մեր տանը»։ Ես չզարմացայ, որովհետեւ գերմանացիք նրանց տանն էին մնում, երբ գրաւել էին քաղաքը, եւ պատերազմի վախը երբեք դուրս չէր գալիս նրանց միջից։ Յետոյ ես չէի զարմանում ստալինեան վախի մէջ ապրած մարդկանց վրայ, որոնք վախենում էին մտքերը բարձրաձայն արտայայտելուց եւ նրանց միշտ թւում էր, որ իրենց հետեւում են։ Ինչպէ՞ս հիմա պիտի մարդկանց ձերբազատենք վախի վիրուսից՝ չգիտեմ։ Իսկ ինչ վերաբերւում է հիգիենային, ապա մի՞թէ մինչ այսօր կային մարդիկ, որոնք ձեռքերը չէին լուանում։ Ուրեմն կային։
Այս իրավիճակը, որի մէջ մոլորակը յայտնուեց, ստիպում է բոլորիս վերլուծել եւ դիմել տարբեր նիւթերի այդ խնդրի վերաբերեալ։ Անշուշտ, մենք աւելի մեծ հետաքրքրութեամբ լսում ենք մասնագէտներին, այն էլ նեղ մասնագէտներին, քան քաղաքական գործիչներին։ Ինչքա՛ն բժիշկների լսել եմ, չեմ հանդիպել գէթ մէկին, որը լուրջ վերաբերուէր այս նոր վիրուսին եւ չզարմանար բարձրացրած աղմուկին այս վիրուսի շուրջ։ Իսկոյն հարց եմ լսում. «Իսկ մահացածների թի՞ւը»։ Ահա այստեղ է, այս հարցի մէջ է ամբողջ գաղտնիքը։ Բժիշկների վկայութեամբ որքան էլ մահացածների թիւ ցոյց չտան, համավարակի չի տանում այդ թիւը եւ մոլորակը փակի տակ դնելու առիթ չի հանդիսանում։ Բայց ցաւօք որոշումները կայացնում են ոչ թէ բժիշկները, այլ քաղաքական ղեկավարները։ Ուրեմն այս վիրուսը ոչ թէ առողջական խնդիր է, այլ զուտ քաղաքական։ Իսկ որեւէ մէկը հարցնում է ո՞նց են այս օրերին գոյատեւում մարդիկ, մի ամբողջ ոլորտներ, որոնք վարի են գնում եւ մարդը սոսկալի վախ է զգում վաղուայ օրուայ հանդէպ։ Ուրեմն հարկաւոր է, որ մարդիկ իրենք մտածեն, ինչպէս օգնել եւ սատարել միմեանց։ Օգնութեան ձեռք մեկնել յատկապէս նրանց, ովքեր երբեք օգնութիւն չեն խնդրի ոչ ոքուց, քանզի արժանապատուութիւնը նրանց թոյլ չի տա դա անել։
Մի քանի ամիս առաջ Երեւանի Մովսէս Խորենացու վրայ նոր քաֆէ էր բացուել։ Անհաւատալի քաֆէ էր։ Անունը «Մամա ջան»։ Բացողները՝ յայտնի թատրոնի եւ կինոյի դերասան եւ նրա կողակիցը, որը Իսրայէլից էր եկել, տարիներով աշխատել էլ զբօսաշրջութեան ոլորտում եւ ի վերջոյ որոշել էր այս թէյարան-սրճարանը բացել։ Բացի սուրճից եւ թէյից հրաշալի ըմպելիքներ կարելի էր խմել իրենց համապատասխան ուտեստներով։ Սակայն ամենահաճելին եւ անհաւատալին այդ քաֆէում դա արուեստն էր. շաբաթը մէկ մինի-համերգ էր տեղի ունենում։ Արտասանութիւն, ջութակի, կիթառի, դուդուկի նուագ, որին կարելի էր միանալ երգով, ինչ-որ մէկը կիսւում էր իր ճամբորդութեան յուշերով, իսկ միւսը՝ իր հեղինակային երգերով կամ բանաստեղծութիւններով… Քաֆէն իրենց ձեռքերով էին արել՝ սկսած պատերից եւ վերջացրած զարդարանքից ։ Օր ու գիշեր երազել էին այցելուներ ընդունել եւ հիացնել։ Եւ ահա այս թագաժահրը վրայ հասաւ, իսկ կառավարութիւնը չկարողացաւ պաշտպանել փոքր պիզնեսով զբաղուող քաղաքացիներին։ Մարտի վարձը տարածքի համար մի կերպ մուծեցին, բայց երբ պահանջեցին ապրիլի վարձը, «Մամա ջան»ը յայտարարեց, որ թագաժահրը նրան կործանեց։ Եւ սա միայն մի դէպքի մասին պատմեցի։ Այսօրինակ դէպքերը անթիւ են։
Այս չարաբաստիկ օրերին, երբ ամէն վայրկեան տանը փակուածներին հաղորդում են անկոչ վիրուսից մահացածների թիւը, ես յիշում եմ Հրանդ Տինքին։ Նա ցեղասպանութեան ամէն հերթական տարելիցին փորձում էր խօսք բացել նաեւ չմահացածների, ողջ մնացածների մասին. ի՞նչ եղաւ նրանց հետ, բայց նրա բերանը միշտ փակում էին. «Մենք ունենք 1,5 միլիոն զոհ, սա է մեր օրակարգը»։
Հիմա ես հարց եմ տալիս. «Ի՞նչ է լինելու մեզ հետ, եթէ մենք չմահանանք, յարգելի վերլուծաբաններ», որովհետեւ այս իրավիճակը նման է փորձարկումի, իսկ վիրուսները չեն սահմանափակւում թագաժահրով եւ մոլորակը անվերջ փակի տակ պահել չի յաջողուի…։