ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ

ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ

Փութինը զրոյացնում է իր կառավարման 20 տարիները

Դժուար է, շատ դժուար է հասկանալ Ռուսաստանի, նախկինում Սովետական Միութեան անուան տակ գոյատեւող Ռուսաստանի կայսրութեան զարգացումները, եթէ դու երբեք չես ապրել այդ երկրում, երբեք չես կորցրել ընտանիքի անդամներիդ պետական յանցագործութիւնների պատճառով։ 

Մարդու իրաւունքնե՞ր։ Մի՛ ծիծաղեցրէք

2019-ին Անդրէյ Սմիրնովը նկարահանեց «Ֆրանսիացի» ֆիլմը, որի գործողութիւնը կատարւում էր 1957-ին։ 4 տարի առաջ Սթալինը մահացել էր, եւ մի ֆրանսիացի եկել էր Սովետ Միութիւն իր հօրը փնտռելու, քանզի մայրը կարողացել էր 30-ականներին փախչել Սովետական Միութիւնից, բայց հայրը մնացել էր այստեղ։ Մնալ այստեղ նշանակում էր կամ գնդակահարուել կամ փտել Սիպիրի ճամբարներում։ Սեւ մեքենան, որին ասում էին «սեւ ագռաւ», կանգնում էր կողքդ, երկու մարդ դուրս էին գալիս մեքենայից, բռնում քո թեւերից եւ տանում կորցնում… Ֆրանսիացու դերը կատարում էր ֆրանսիայից եկած մի երիտասարդ, որին նկարահանումներից առաջ երկար-բարակ պատմում էին մեր երկրի մասին, բայց նա այնուամենայնիւ հարցրեց․

-Շատ հետաքրքիր է, բայց ես մի բան չեմ հասկանում, խնդրում եմ, որ ինձ բացատրէք. ինչո՞ւ մարդիկ, որոնց հետեւից գալիս էր «սեւ ագռաւ»ը, անմիջապէս չէին դիմում ոստիկանութեանը։

Դէ արի՛ բացատրի Ֆրանսիայում մեծացած երիտասարդին, որի պատկերացումներով ոստիկանութիւնը պարտաւոր է պաշտպանել քաղաքացու իրաւունքները… բացատրի նրան, որ չկար մեր երկրում անկախ ոստիկանութիւն, դատարան, մենք նոյնիսկ չգիտէինք, ինչ է նշանակում մարդու իրաւունքներ։ Մենք մեղաւոր էինք միայն այն բանի համար, որ ծնուել էինք այդ երկրում։

Գտար բառը՝ ինչ կուզես կանես

Այժմ անդրադառնամ Ռուսաստանի օրակարգին։ Փութինը, ով կառավարել է 20 տարի, որոշել է մնալ իշխանութեան ղեկին եւս 16 տարի, այսինքն մինչեւ 2036-ը։ Ի՞նչ էին անում այս երկրում, եթէ պատրաստւում էին վերեւներում անել խիստ անօրէն եւ անհեթեթ բան։ Գտնում էին համապատասխան ձեւակերպումը։ Բառը։ Բառը գտար՝ ինչ ուզում ես արա՛։ Սթալինի ժամանակ երկու բառ էին օգտագործում։ Ասում էին ժողովրդի թշնամի եւ միլիոնաւոր մարդկանց՝ անհատներին, սոցիական խաւերին, ազգային կամ մասնագիտական խմբերին, օրինակ, մի ամբողջ թատրոնի անձնակազմին կամ մի ամբողջ ինստիտուտի դասախօսների անձնակազմին յայտարարում էին ժողովրդի թշնամի եւ ուղարկում էին գնդակահարութեան։ Կարեւորը բառը գտնելն էր։ Երբ Կորպաչովը գտաւ «գլասնոստ», այսինքն խօսելու թոյլտուութիւն բառը, ապա ճշմարիտ խօսքի ծանրութեան տակ համակարգը չդիմացաւ, սուտի վրայ հիմնուած համակարգը վայրկեանական փլուզուեց։ Սկսուեց ամենաթողութիւնը։ 90-ականներին ժողովրդավարութեանը չվարժուած ժողովուրդը ռուբլու անկման պայմաններում սկսեց մէկը միւսին խաբել, ձեռքից խլել, սպանել եւ կողոպտել։ Յետոյ եկաւ Փութինը եւ արդէն այդ ամէնը արուեց պետական մակարդակով․ հակառակորդին սպանել, տները պայթեցնել, ահաբեկչութիւններ կազմակերպելը դարձաւ պետականօրէն կազմակերպուած գործողութիւն, իսկ ժողովուրդը՝ նստած հեռատեսիլի առջեւ հաւատում էր այն ամէնին, ինչ ասում էին ռեժիմի նուիրեալները։ Հեռատեսիլն էր աւագ սերնդի կրօնքն է, հաւատարիմ ընկերն ու բարեկամը։ Տարիներն անցնում էին, իսկ նախագահը մնում էր անփոփոխ։ Այժմ որոշուեց հարցը լուծել մէկընդմիշտ՝ մինչեւ 2036 թիւ։ Եւ դրա համար պէտք էր գտնել այն բառը, որը կ՚ապահովէր իշխանութեան շարունակութիւնը։ Եւ բառը գտնուեց։ Թող որքա՛ն ուզում են ծաղրի ենթարկեն, քմծիծաղէն, զայրանան… միեւնոյնն է Փութինից զատ ուրիշ նախագահ չեն տեսնի։

Զրոյացում

Որոշուեց զրոյացնել Փութինի կառավարման 20 տարիները, որպէսզի նորից սկսի կառավարել։ Տեսե՞լ էիք նման բան։ Բայց բառը գտնուեց, ուրեմն կրկէսը կը ստացուի։ Դուրս եկան փողոց եւ սկսեցին հարցնել բոլորին մեծից փոքր։ Փոքրերը նրանք են, ովքեր չեն տեսել ուրիշ նախագահ բացի Փութինից։ Ահա մի քանի պատասխաններ․

-Բոլոր կատուները ծնուել են Փութինի օրով եւ մեզ պէտք են նոր կատուներ։

-Հայհոյել կարելի՞ է,-ասում է մի աղջիկ։

- Փութինի ամէն մի նոր յայտարարութիւն աւելացնում է իմ ցանկութիւնը լքել այս երկիրը, որովհետեւ ստացւում է, որ մենք մեր ամբողջ կեանքն ապրում ենք Փութինի օրով։

-Ես համոզուած եմ, որ ժողովուրդը արդէն չի լռի։

-Ստացւում է, որ նորից Փութինն է, միշտ Փութինն է, ընդմիշտ Փութինն է։

Տարեց մարդիկ․

-20 միլիոն բանուոր ստանում են աւելի քիչ, քան կազմում է նուազագոյն սպառողական զամբիւղը, իսկ նա ուզում է շարունակել իր նախագահութիւնը։ Որպէսզի միլիարդատէրերը դառնան աւելի հարուստ։

-Կարծում եմ, որ նա խախտեց սահմանադրութեան ոգին դեռեւս 2012-ին, երբ նստեց ղեկին երրորդ անգամ…

Ինչպէս տեսնում ենք, ոչ մի լուրջ դիմադրութիւն այս իրաւական անիրաւութեան դէմ չի ձեռնարկւում, եւ Փութինը ամէն իր սահմանադրական խախտում անում է բացայայտ, անհեթեթ եւ անամօթաբար։

Ուրիշ մի երկրում մարդիկ հազարներով, միլիոններով դուրս կու գային փողոց, բայց Ռուսաստանում նման բան իրական չէ, միայն 50 հոգի առանձին-առանձին դուրս եկան եւ նրանց անմիջապէս թեւերից բռնած տարան։

Սահմանադրական դատարանը հաստատեց փոփոխութիւնները, եւ դրանք ուժի մէջ կը մտնեն քուէարկութիւնից յետոյ, եթէ կողմ քուէարկեն մասնակիցների կէսից աւելին։ Ապրիլի 22-ին։ Սահմանադրութեան մէջ պահպանուելու է նախագահական ժամկէտի սահմանափակումը, միայն թէ… բացառութիւն է արուելու գործող նախագահի համար։

Զրոյացում, ի՛նչ հանճարեղ բառ գտնուեց, որը վերաբերւում է ոչ միայն նախագահի կառավարման ժամկէտին, այլ պատճառներին, որովհետեւ զրոյացուել էր նաեւ այն ուժն ու ներուժը, որն ի վիճակի կը լինէր դիմադրել, հակազդել, ընդվզել, այնպէս որ Փութինը շարունակելու։ Նա չի կարող դադարեցնել իր նախագահութիւնը, որովհետեւ կը յայտնուի մեր երկրորդ եւ երրորդ նախագահների կարգավիճակում․ նրան կը դատեն, ուստի նա ինքն է քայլ անում։ Կարեւորն այն է, որ գտնուել է բառը։ Ուրեմն այդ բառ գտնողն արժանի է նոր իշխանութեան։