dzovinarlok@gmail.com
Ինչոր մէկը արդէն թարգմանել էր Կարծում էի սիրավէպ ունեմ Վանաձոր քաղաքի հետ, բայց ո՛չ, ես եւ նա՝ դա մայր ու որդի ենք։ Լքուած որդի։ Նոյնը զգացի, երբ Արեւմտեան Հայաստանն այցելեցի։ Նման զգացմունք եմ ապրում նաեւ, երբ տեսնում եմ ներկայիս Հայաստանի քաղաքներն ու գիւղերը։ Յատկապէս ազատագրուած Արցախի։ Ինչո՞ւ։ Որովհետեւ լքուած են, տղամարդիկ դրսում են՝ արտագնայ աշխատանքների են մեկնել։ Քիչ թէ շատ աշխուժութիւն է նկատւում ամառուայ ամիսներին, իսկ յետոյ նոյն անկենդանութիւնն է տիրում։ Բայց ես այդ պատճառով աւելի ուժգին եմ սիրում իմ որդիներին, որովհետեւ լքուածն աւելի մեծ սիրոյ կարիք ունի։ Երբ երթուղայինը մօտենում է Վանաձորին եւ պատուհանից տեսնում եմ առաջին տները, չեմ կարող զսպել սրտիս թրթիռը։ Նայում եմ լերկ լանջերին, որոնք մէկ ամսից կը ծածկուեն կանաչով, բայց ես նրանց այս տեսքով էլ եմ սիրում։ Սիրում եմ այս անտուն տները, դատարկ, թալանուած գործարանների կմախքները։ Աւտօտնակների բաց դարբասների մօտ հաւաքուած թոշակառուներին,որոնք կեդրոնացած են նարդու սեղանի շուրջ… Նայում եմ շէնքերի դէմքերին, որոնց պատուհանները խօսում են ինձ հետ։ Մի պատուհանի կողքին, շէնքի քարէ պատին յանկարծ տեսնում եմ իւղաներկով արուած հանճարեղ մի պատկեր։ Ո՞վ է դա արել։ Պատկերի մէջ միեւնոյն ատեն եւ ցերեկ է եւ գիշեր, որովհետեւ նկարի մէջ ցերեկ է, բայց պատկերուած պատուհանների մէջ լոյս է վառած… Շուտով ընկերուհուս տանը վառարանը փայտից տաքանում է եւ մենք սկսում ենք մեր անշտապ զրոյցները...
Երկաթուղայինում եւ հազում էին, եւ փռշտում, բայց ո՛չ մի խուճապ չէր առաջանում։ Ես նկատեցի, որ փոքր քաղաքներում (Հայաստանում լինի թէ Եւրոպայում եւ այլուր) խուճապը չի ներգործում քաղաք եւ թագաժահրը ոչ մի փոփոխութիւններ չի մտցնում առօրեայում, հակառակ որ լուրերը ամէն վայրկեան հաղորդում են թագաժահրի տարածման վիճակագրութիւնը։ Հետաքրքրականն այն է, որ մտիկ անելով լուրերը, մարդկային ուղեղը ընդվզում է եւ հասկանում, որ ոչ թէ թագաժահրի համավարակ է տեղի ունենում, այլ տեղեկատուական համավարակ, եւ այդ հիւանդութիւնից ազատուելու համար պէտք է միայն մի միջոց. որն է՝ հեռատեսիլի, լուրերի, համացանցի անջատում։ Ինչ-որ մէկին դա երեւի պէտք է, որպէսզի համացանցի միջոցով հաւաքուած զանգուածային գիտակցութեանը հասցուի հարուած։ Մի հարուածով ողջ մարդկութեանը վարակել հոգեկան նեւրոզով, ջղախտով։ Կայ այդպիսի հիւանդութիւն, այն կոչւում է տեղեկատուական ջղախտ, եւ դրանից ապաքինուելու համար ձեռքերը լուանալով, սխտոր ուտելով կամ բերանի խոռոչը խոնաւ պահելով չես փրկուի, ինչպէս թագավարակի ատեն։
Երկու օր յետոյ վերադարձայ Երեւան ու իսկոյն համացանցը ինձ զգուշացրեց, որպէսզի ամէն 15 վայրկեան ջուր խմեմ, եթէ չխմեմ, ապա քորոնայի ժահրը կը ներթափանցի շնչուղիներս ու թոքերս եւ վերջս կու գայ։ Ես հասկացայ, որ այսուհետ պիտի ապրեմ յանուն նրա, որ ամէն 15 վայրկեան ջուր խմեմ։ Տխուր եւ ձանձրալի հեռանկար։
Մինչ աշխարհով մէկ փակւում են ամէն տեսակի կրթական, մշակութային հիմնարկներ, փակում են երկրի սահմանները, Չինաստանում փակւում է այն հիւանդանոցը, որը կառուցուել էր Ուխանում 10 օրուայ մէջ՝ թագաժահրի հետ պայքարելու համար։ Չինաստանում 80,000 դէպք էր գրանցուել, որից ապաքինուեցին աւելի քան 58,6 հազար մարդ։ Իսկ նրանք, ովքեր ունէին շնչառութեան կամ սրտային խնդիրներ, շաքարախտ կամ քաղցկեղ, թագաժահրը արագացրեց նրանց վերջը։
Աւելի քան 70 երկրներում արձանագրուել է թագաժահրը, 2 ամսուայ մէջ վարակուեցին 93 հազար մարդ, որից 53 հազարը ապաքինուեցին, իսկ 3000 մարդ մահացան։ Սակայն ամէն տարի 5 միլիոն մարդ հիւանդանում են կրիպով, որից 650,000 մարդ մահանում են, 2018-ին 10 միլիոն մարդ մահացաւ քաղցկեղից, բայց ինչո՞ւ ենք մենք խօսում միայն թագաժահրի մասին։ Միայն այն պատճառով, որ պատուաստանիւթ դեռեւս չկա՞յ։ Ո՛չ, ո՛չ, սա պարզապէս տեղեկատուական աղէտ է, որը ընդունակ է հոգեպէս կազմալուծել, քայքայել մարդկանց հոգեկան առողջութիւնը։
Այսօր մենք տեղեկատուական համավարակի պատանդներն ենք եւ մեզ առաջարկում են ինքնամեկուսացում։ Հասարակական վայրերը, ռեստորանները, վաճառական կէտերը փակւում են...Հարց է ծագում՝ ինչպէ՞ս պիտի մարդիկ գոյատեւեն առանց աշխատանքի եւ աշխատավարձի։ Ո՞վ է մեկուսացուած մարդուն կերակրելու։ Միակ փրկութիւնն է անջատել կամ քննադատաբար վերաբերուել տեղեկատուութեանը, որը տիրանում է մարդկային մտածողութեանը, եւ միացնել սեփական ուղեղը, վստահելով նրա մտածելու ունակութեանը։