dzovinarlok@gmail.com
Ինչոր մէկը արդէն թարգմանել էր հայերէն որպէս թագավարակ։ Պարտաւոր ենք արձագանգել, քանզի ամէն խուճապ, որն առաջանում է զանգուածային մակարդակի վրայ, վկայում է այն մասին, որ զանգուածային յիմարութիւնը, վախը եւ անհանդուրժողականութիւնը շատ աւելի սարսափելի է, քան անհատական դրսեւորումները։ Որովհետեւ եթէ դա ախտ է, ապա պէտք է լուրջ ընդունել միայն մասնագէտների խօսքը, այն էլ շատ նեղ մասնագէտների, այսինքն վիրուսոլոգների։
Չինացի բժիշկը մահացաւ
Բայց արի ու տես, որ առաջին իսկ բժիշկին, որն ահազանգեց քորոնա ժահրի մասին եւ կիսուեց իր գործընկերների հետ, ոստիկանութիւնը մեղադրեց սուտ տարածելու մէջ եւ ստիպեց թուղթ ստորագրել իր արարքի անօրինականութեան մասին։ Նա չինացի էր, նրա անունը Լի Վէնլեան էր եւ նա բուժում էր քորոնա ժահրով վարակուածներին Ուխան քաղաքի հիւանդանոցում, մինչեւ որ ինքն էլ հիւանդացաւ եւ մահացաւ թոքաբորբից։ Չինացիները սուր քննադատեցին իշխանութեանը, բայց պատմութեան մէջ մտաւ Հուբէյ նահանգի մայրաքաղաք Ուխանը՝ եւ ոչ միայն նորայայտ ժահրի շնորհիւ, այլ դրա հետ պայքարող համարձակ բժիշկի... Ուխանի բնակչութիւնը 11 միլիոն էր։ 5 միլիոնը դուրս եկաւ վարակակիր քաղաքից. ո՞ւր չքուեց։ Ո՞ւր տարածուեց։ Շուտով երկիրը անցաւ շփման օնլայն տարբերակին։ Արգելափակուեցին այցելութիւնները, մարդկաշատութիւնը, ուսումնական հաստատութիւնները սկսեցին կիրառել օնլայն դասեր։ Մշակութային հաստատութիւնները՝ նոյնպէս. ուզում ես տեսնել, թէ ինչպէս է ծաղկում բալը՝ մտիր համացանց եւ հիացիր օնլայն... Սակայն տնտեսութիւնը լուրջ վնասներ է կրում, որովհետեւ փակւում են գործարանները, կան խնդիրներ, կապուած ներկրման եւ արտահանման հետ։ Կենցաղային կեանքը խիստ սահմանափակուել է։ Տնից դուրս գալու իրաւունք ունի ընտանիքից միայն մէկը, այն էլ ոչ ամէն օր։ Բոլորը դիմակներ են կրում։ Գուցէ փառանջա կրէին։
Վտարե՛ք, վտարե՛ք
չինացիներին
Աշխարհում սկսուեց խտրականութիւնը չինացիների հանդէպ։ Յատկապէս խիստ այն դրսեւորուեց Ռուսաստանում։ Բանը հասաւ նրան, որ Չինաստանի դեսպանատան պաշտօնաւորները խնդրեցին Մոսկուայի իշխանութիւնից դադարեցնել չինացի քաղաքացիների ստուգումները հասարակական տրանսպորտում, յիշեցնելով ռուս-չինական յարաբերութիւնների բարձր մակարդակի մասին եւ չինացի քաղաքացիների հանդէպ խտրականութեան անթոյլատրելիութեան մասին։ Սակայն աշխարհը կարծես խելագարուել է։ Չտարբերակելով չինացիներին, ճապոնացիներին եւ քորեացիներին, մարդիկ տեսնելով նեղ աչքերով մէկին, իսկոյն պահանջում են մեկուսացնել նրան որպէս վարակակիր։ Իսկ Չինաստանում կամ Ճապոնիայում եթէ որեւէ մէկը հազա, ապա նոյնը պահանջում են հազողից։ Աշխարհը իրօք խելագարուել է, որովհետեւ այդ ժահրը ուղեղի մէջ է, գիտակցութեան մէջ եւ խեղաթիւրուած գիտակցութիւնն է այլեւս թելադրում անթոյլատրելի պահուածք։
Մի՛ կերէք չղջիկ, խնդրո՛ւմ ենք
Քորոնա ժահրի ծագման մասին խօսեցին տնտեսագէտները։ Նրանք մեծ համոզմունքով յայտարարում էին, որ սա կենսաբանական զէնք է, եւ ի հարկէ ԱՄՆ-ն է ստեղծել, իսկ միւսներն ընդհակառակ յայտարարեցին, որ այդ զենքը հենց չինացիներն են ստեղծել, որպէսզի վերադարձնեն իրենց փողերը, թէ իբր տեխնոլոգիական ընկերութիւնների բաժնետոմսերի մեծ մասը պատկանում էր արտասահմանեան ներդրողներին, ամերիկացիներին եւ եւրոպացիներին, եւ դա նշանակում էր, որ ծանր եւ քիմիական արդիւնաբերութեան հասոյթի կէսը նստում էր Եւրոպայի «ֆինանսական շնաձուկերի» հաշիւների վրայ, սակայն գիտական շրջանակներում քմծիծաղեցին, որովհետեւ չի կարելի կենսաբանական զենք ստեղծել ժահրով, կարելի է միայն մանրէներով այն ստեղծել...
Ուրեմն հարկաւոր է մտիկ անել մասնագէտներին, այլ ոչ դատարկախօսներին։ Իսկ մասնագէտները ոչ մի տարօրինակ բան չեն տեսնում. ասում են, որ քորոնա ժահրը եղել է եւ միշտ էլ լինելու է, որովհետեւ չինացիների մօտ չղջիկները կերակրատեսակ են։ Ծանօթներս նոյնպէս պատմում են, որ դեռեւս 80-ականներին, ճամփորդելով Հնդկաստանում, ականատես էին լինում մարդկանց մահուան դէպքերին... քորոնա ժահրից։ Ուրեմն այդ վարակը միշտ եղել է։ Չի եղել միայն այսպիսի տեղեկատուական տարափ, որպէսզի այն մտնի օրակարգ եւ ստիպի մեկուսացման ենթարկել մարդկանց, որոնք ժամանում են այն երկրներից, որտեղ գտել են գէթ մէկ վարակուած։ Եւ ոչ ոքու մտքով չի անցնում, որ հիւանդութիւնը յայտնւում է մարդու մարմնի մէջ մարդկանց անբարոյ, անհոգի պահուածքի պատճառով։ Յիշենք, թէ ի՞նչ է զգում մարդը, երբ հիւանդանում է կամ յայտնւում է չափազանց վտանգաւոր իրավիճակի մէջ. նա իսկոյն կապի մէջ է մտնում Աստծոյ հետ, սկսում է մեղքերը մտաբերել, ներողութիւն խնդրել։ Միայն վտանգի հետ առերեսման ատեն է մարդու պահուածքը դառնում աստուածահաճոյ։
«Ժանտախտ» վէպը
Այդ առիթով մի հետաքրքիր դէպք արձանագրուեց Ֆրանսիայում եւ Իտալիայում, որտեղ խիստ հետաքրքրութիւն առաջացաւ Ալբեր Քամյուի «Ժանտախտ» (ֆր. La Peste) վեպի հանդէպ։ Ժանտախտ ասելով՝ Քամյուն ի նկատի ունէր Երկրորդ աշխարհամարտը։ «Ինչ է ժանտախտը,-հարցնում էր բժիշկ Ռիէի հիւանդներից մէկը,-դա հենց կեանքն է։ Այդպիսին է կեանքը եւ վերջ»։ Երբ հիւանդութիւնը նահանջում է եւ մարդիկ սկսում են ուրախանալ, բժիշկ Ռիէն մտածում է, որ այդ ուրախութիւնը ժամանակաւոր է, որովհետեւ «... երբ օրը գայ, մարդկանց դժբախտացնելու կամ դաստիարակելու համար ժանտախտը կարթնացնի իր առնէտներին եւ նրանց կուղարկի մահանալու որեւէ երջանիկ քաղաքի մէջ»։ Խորհուրդ կտամ դիտել վէպի էքրանաւորումը, որն իրականացրել է արժանթինեան ռեժիսոր Լուիս Պուէնսոն (Luis Puenzo) 1992-ին։