dzovinarlok@gmail.com
Մահուան մէջ կայ մի ճշմարտութիւն. մահը զարթուցիչ դեր է կատարում։ Այն պահից, երբ Փետրուարի 27-ին դադարեց բաբախել 58-ամեայ Սամուէլ Կարապետեանի սիրտը, հայ հասարակութիւնը հասկացաւ որ ունէր մի սիրտ, որն աշխատում էր մեր պատմա–մշակութային ժառանգութեան ուսումնասիրութեան եւ պահպանման համար։ Որ ոչ մի հայկական հետք ունեցող բնակավայր, եկեղեցի, խաչքար կամ քար անուշադրութեան չեն մատնուի… Անհատների ազգ ենք, ի՞նչ արած։ Անհատներ ունենք, որոնք միանձնեայ կատարում են մի ամբողջ նախարարութեան գործ։ Սիրոյ թելադրանքով։ Եւ ինչպէս չենք անդրադառնում սեփական սրտի բաբախումին, այնպէս էլ չէինք նկատում Սամուէլ Կարապետեանի առկայութիւնը, մինչեւ որ սիրտը կանգ չառաւ…
Սամուէլ Կարապետեանը յուշարձանագէտ էր։ Ստեղծեց Հայկական ճարտարապետութիւնն ուսումնասիրող հիմնադրամ եւ դարձաւ հիմնադրամի նախագահ։ Նրա կենսագրութեան մէջ չէք գտնի սովետական քաղաքացուն բնորոշ տուեալներ. ընդունուել է, աւարտել է, պաշտպանել է այսինչ թեզը, կոչումներ է ստացել։ Ի դէպ այդ հանգամանքը, այսինքն կոչումների բացակայութիւնը, խոչընդոտեց յուղարկաւորել Կարապետեանին Գիտութիւնների ակադեմիայից։ Որոշները նկատեցին, որ կեանքի օրով պէտք է մարդուն գնահատել, սակայն յուղարկաւորութիւնը արւում է արդէն ոչ թէ հանգուցեալի համար, այլ՝ մեզ համար. Կարապետեանն մեր ազգի ոգու լաւագոյն դրսեւորումներից էր, եւ վերջին հրաժեշտի պահը դա մի նոր գիտակցութեան սկիզբ է։ Զարթուցիչը արթնացրեց հայրենաճանաչման գիտակցումը, որը մինչ այդ արթուն էր միայն Կարապետեանի եւ իր համախոհների մէջ...Մարդիկ վեր հանեցին նրա հարցազրոյցները եւ սկսեցին ուշի-ուշով մտիկ անել իր խօսքերը, կերտելով նրա ամբողջական մարդկային կերպարը, որը եզակի էր եւ թելադրուած էր իր ներքին համոզմունքների ներքոյ։
Ինչո՞վ են տարբերւում մարդիկ միմեանցից։ Նրանով, թէ ինչն է մարդուն երջանկացնում։ Շատերը մեկնում են Եւրոպա, ԱՄՆ եւ երջանկանում նրանով, որ զաւակները ապահով կեանքով կ՚ապրեն… Ապահովում են մարմնի անվտանգութիւնն ու բաւարարութիւնը։ Յիշեցի ռեժիսոր Տարկովսկու մտորումներից. «Մարմինն ու ոգին, զգացմունքն ու բանականութիւնը այլեւս երբեք չեն կարողանայ միանալ։ Չափազանց ուշ է»։
Այժմ տեսնենք, թէ ինչ մնաց մեզ Սամուէլ Կարապետեանի անցած ճանապարհից։
Ըստ Սամուէլ Կարապետաեանի հայերը բաժանւում են հայրենաճանաչների եւ ոչ հայրենաճանաչների։ Հայրենաճանաչը դառնում է հայրենասէր եւ երբեք, ոչ մի անբարենպաստ պայմանների ներքոյ չի լքում իր հայրենիքը։ Իր դասընկերներից, որոնց հետ նա արշաւներ էր գնում, ոչ մէկը չի լքեց հայրենիքը։ Ի դէպ հայրենիքը նրա համար միայն այս հատուածը չէր, այսինքն Սովետական, այնուհետեւ անկախացած Հայաստանը։ Հայրենիքը դա Պատմական Հայաստանն էր, որն ընդգրկում էր Փոքր Հայք, Մեծ Հայք եւ Կիլիկեան թագաւորութիւնը...
Դպրոցն աւարտելուն պէս (իսկ նա աւարտեց Միսաք Մանուշեանի անուան դպրոցը 1978-ին) Սամուէլ Կարապետեանը ոտքով ուղեւորուեց դէպի Արցախ, որն այն ատեն Ատրպէյճանի կազմում էր, եւ սկսեց անցնել գիւղ առ գիւղ հայկական վայրերը՝ լուսանկարելով եւ վերծանելով դեռեւս ոչ ոքու կողմից չընթերցուած արձանագրութիւնները յուշարձանների վրայ։ Իր հետ վերցրել էր ձեռքով արտագրուած Մակար Բարխուդարեանի «Արցախ» գիրքը, որից իր հերթին արտագրում էին բազմաթիւ գիւղերի բնակիչներ, որպէսզի իմանան իրենց գիւղի մասին տեղեկութիւններ։ Ատրպէյճանի 700 գիւղեր շրջեց եւ ուսումնասիրեց։ Խմբեր էր արշաւների ուղեկցում՝ Վրաստան, Արեւմտեան Հայաստան։
Պատմում է արշաւախմբից մի անդամ.
- Մենք միշտ կը զգանք իր գործին նման հաւատարիմ փորձագէտի պակասը։ Երջանիկ եմ եղել մասնակցել «Վանատուր» շրջագայութեանը Կարապետեանի հետ, այցելելով ատրպէյճանական Շաքիից Վրաստան փախած հայերի Սաբաթլօ գիւղը։ Ես զարմացած էի մնացել՝ տեսնելով, թէ ինչպէս է Սամուէլը՝ համեստօրէն մնալով ստուերում, ղեկավարում խմբի գործողութիւններին, որոնք միտուած էին շեղել տեղաբնիկներին, որպէսզի գտնենք եւ լուսանկարենք դաժանաբար ոչնչացուած հայկական կոթողների բեկորները։ Նրան հետապնդում էին։ Մենք գիշերով, ձորի սարսափելի մթութեան մէջ, մարած ցոլարձակ լապտերով, կիսաողջ հին աւտոպուսով …անասելի վախով փախչում էինք… Եւ ուժ էր տալիս միայն հպարտութիւնը, որ իրականացնում ենք առաքելութիւն մեր ազգի համար ։ Եւ այդ ամէնը Սամուէլն էր, իր անձնուրած նուիրումը իր գաղափարներին, իր ժողովրդին։
Կարապետեանը հայրենասիրութեան մասին.
-Հայրենասիրութիւնը գալիս է հայրենաճանաչումից։ Այն կեանքը, որն ապրում է հայրենաճանաչ մարդը, որեւէ ձեւով չի կարող նմանուել հայրենիքը չճանաչող մարդու կեանքին։ Հայրենաճանաչ հայը բոլորովին ուրիշ կեցուածք, դրսեւորում ունի հայրենիքի նկատմամբ։ Գոնէ չի աղտոտում իր հայրենիքը, չի կարող իրէն խոզի պէս պահել։ Հայրենաճանաչութիւնը ազնուացնում եւ աւելի օրինակելի քաղաքացի է կերտում մարդոց։
Հայ լինելու պատասխանատուութեան բեռի մասին.
- Մենք չենք կարող անհոգ, հանդարտ ապրել ինչպէս եւրոպացին։ Մենք մեծագոյն մասով հայրենազուրկ ենք, մի՞թէ սա ամէն հայի համար պարտքի զգացում չէ, որ մենք պիտի տէր լինենք այդ պարտքերին։ Մեր պապերը սխալ են ապրել։ Ի՞նչ էին անում մեր պապերը վտանգի պահին. լցւում եկեղեցիները եւ աղօթում։ Սա այն ճանապարհը չէ։ Մենք հայ ենք ծնուել մեր կամքից անկախ, ուրեմն չենք կարող կեանքի հաճոյքներին տրուել ինչպէս ֆրանսիացին եւ ամերիկացին, քանի մեր ուսերին պարտքեր կան։ Մէկ հատիկ կեանքը պէտք է առաւելագոյնս նուիրել հայրենիքի շենացմանը, ծաղկմանը, հասարակութեան գիտակցական մակարդակի բարձրացմանը։
Լսելով նրա մտքերը, մարդիկ եզրակացնում էին, որ Սամուէլ Կարապետեանը հսկայ էր եւ, երանի տալիս, որպէսզի նրա մտքերը մտիկ անէն ուսուցիչները, աշակերտները, պաշտօնաւորները…
Եւս մի վկայութիւն Սամուէլ Կարապետեանի մասին.
- Սամուէլ Կարապետեանը Հայի պարծանքն է ու գանձը իր աշխատանքով ու իր նուիրուածութեամբ Հայրենիքին ու իր/մեր պատմութեանը։ Բախտ եմ ունեցել նրա հետ ուխտագնացութեան մեկնելու դէպի Արեւմտեան Հայաստան (1700 -ամեակին) եւ անձամբ տեսել նրա ոգու եւ գիտելիքների ծով հարստութիւնը, նրա նուիրուածութիւնը եւ իր համեստութիւնն ու հեզութիւնը. ինչպէս ասում են «ինչքան գիտուն, այնքան խոհեմ», դա Սամուէլն է։