dzovinarlok@gmail.com
Փետրուարի 15-ին Միւնիխում կայացաւ Փաշինեան- Ալիեւ հանդիպումը։ Երբեք չէինք տեսել նախկին երեք նախագահներին նման ձեւաչափով լեզուակռւում։ Փաշինեանի եւ Ալիեւի գործը դժուար էր այնքանով, որ պիտի բաւարարէին արտաքին եւ ներքին լսարանների սպասումները։ Յիշեցնեմ, որ Իլհամ Ալիեւը նախագահ է դարձել 2003-ին եւ երեք անգամ կրկին վերընտրուել է՝ 2008-ին, 2013-ին եւ 2018-ին։ Այնպէս որ բանակցում է արդէն Հայաստանի երրորդ ղեկավարի հետ։ Մինչ այդ նախագահել է իր հայրը՝ Հայտար Ալիեւը՝ Հայաստանի առաջին եւ երկրորդ նախագահների նետ։ Սակայն ի՞նչ էին խօսում Հայաստանի եւ Ատրպէյճանի նախագահները իրար հետ՝ երբեք հասու չէր շարքային քաղաքացուն։
Երկու հակամարտող կողմերի առաջնորդները նստած էին դէմ դիմաց՝ լուսարձակների ներքոյ։ Լարուած էին, բայց Իլհամ Ալիեւն աւելի լարուած էր։ Նա արդէն 2003-ից է բանակցային գործընթացի մէջ, իսկ Հայաստանը ղեկավարներ փոխեց, այն էլ յեղափոխութիւն իրականացրեց յանուն ղեկավար փոխելու։ Ալիեւը սկսեց հետեւեալ կերպ.
-Լեռնային Ղարաբաղը Ատրպէյճանի մաս է։ Դա պատմական ճշմարտութիւն է, եւ դրա հիմքում միջազգային իրաւունքի նորմերն են։ Ատրպէյճանի տարածքային ամբողջականութիւնը ճանաչուած է ամբողջ աշխարհի կողմից։ Ղարաբաղը մեր երկրի անբաժան մասն է։ Պատմական տեսանկիւնից 1805-ին համաձայն պայմանագրի, որը կնքեց Ղարաբաղի խան Իպրահիմը Ռուսական կայսրութեան հետ, Ղարաբաղի խանութիւնը որպէս անկախ պետութիւն յայտնուեց Ռուսական կայսրութեան ներքոյ, պայմանագիրը կոչւում էր Թիւրքմենչայի պայմանագիր, ինտերնետում կայ պայմանագրի տեքստը, այդ պայմանագրում ոչինչ չի ասւում հայերի մասին։ Պայմանագրեր ստորագրուեցին 1813-ին եւ 1828-ին՝ Գիւլիստանի եւ Թիւրքմենչայի պայմանագրերը։ Երբ Ռուսական կայսրութիւնը փլուզուեց, Վրացական եւ Ատրպէյճանական ժողովրդավարական հանրապետութիւնները ստեղծուեցին, առաջին իսկ հրամանագրերից մէկը՝ 1918-ին վերաբերւում էր նրան, որ Երեւանը Ատրպէյճանից փոխանցուի Հայաստանին եւ ճանաչուի Հայաստանի մայրաքաղաք. դա նոյնպէս պատմական փաստ է։ Եթէ որեւէ բան տալիս ես մէկին, ուրեմն դա քեզ է պատկանել։ 1921-ին պոլշեւիկեան կուսակցութեան Կովկասեան բիւրոն որոշում կայացրեց Լեռնային Ղարաբաղը Ատրպէյճանի կազմում թողներու մասին։ Թողնելու, այլ ոչ փոխանցելու մասին, ինչպէս որոշ հայ պատմաբաններ փորձում են ներկայացնել։ Միւս պատմական փաստն այն է, որ 1923 թուականին Ատրպէյճանական Խորհրդային Սոցիալիստական հանրապետութիւնը որոշում կայացրեց Լեռնային Ղարաբաղի ինքնավար շրջանի ստեղծման մասին Ատրպէյճանի կազմում։ Յետոյ Հայաստանը նախաձեռնեց ագրեսիա Ատրպէյճանի հանդէպ։ Մեր տարածքի 20 տոկոսը բռնազաւթեցին, ունեցանք մէկ միլիոն փախստականներ։ Պէտք է միջազգային հանրութիւնը ապահովի Ատրպէյճանի ամբողջականութիւնը։
Վարչապետ Փաշինեանն իր խօսքում մասնաւորապէս ասաց.
-Պէտք չէ այդքան հեռու գնալ պատմութեան մէջ, որովհետեւ երբ Տիգրան Մեծը բանակցում էր Պոմպեուսի հետ, Հարաւային Կովկասում եւ ընդհանրապէս ամբողջ աշխարհում չկար որեւէ պետութիւն, որ կ՚անուանուէր Ատրպէյճան։
Այնուհետեւ վարչապետ Փաշինեանը յիշեցրեց, որ Կովկասեան Բիւրոն որոշում էր կայացրել, որպէսզի Ղարաբաղը լինի Հայաստանի մաս, բայց Իոսիֆ Ստալինի անձնական նախաձեռնութեամբ այդ որոշումը Մոսկուայում փոխուեց։ Ղարաբաղը երբեք չի եղել անկախ Ատրպէյճանի կազմում։ Ղարաբաղը դրուել է, մտցուել է Ատրպէյճանի կազմի մէջ միայն Խորհրդային Միութեան ձեւաւորման գործընթացում։ Եւ երբ մենք խօսում ենք տարածքային ամբողջականութեան մասին, մենք պէտք է որոշենք, թէ ո՞ր երկրի տարածքային ամբողջականութեան մասին ենք խօսում։ Եթէ Ատրպէյճանը յարգում էր Խորհրդային Միութեան տարածքային ամբողջականութիւնը, եթէ Ատրպէյճանը դուրս եկաւ Խորհրդային Միութիւնից նոյն կերպ, ինչ Լեռնային Ղարաբաղը դուրս եկաւ Խորհրդային Միութիւնից։ Գոյութիւն չունի այլեւս Ատրպէյճանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետութիւն, եւ դա ճշմարտութիւն է։ Եւ ինչպէս Ատրպէյճանը անկախութիւն ձեռք բերեց Խորհրդային Միութիւնից, նոյն կերպ Ղարաբաղը ձեռք բերեց անկախութիւն եւ Խորհրդային Միութիւնից, եւ Խորհրդային Ատրպէյճանից։ Հանդիպման համադրողը հարցրեց.
-Այս միջազգային լսարանում ի՞նչ կը ցանկանայիք, որ միջազգային հանրութիւնը անէր այս հակամարտութիւնը առաջ տանելու համար։
Փաշինեանն ասաց, որ չկայ այս հարցի ռազմական լուծումը։ Եթէ կայ, ուրեմն այն ռազմական ճանապարհով արդէն լուծուած է։ Այժմ անհրաժեշտ է տեւական խաղաղութիւն։ Որպէս վարչապետ նա գիտակցում է իր պատասխանատուութիւնը այս տարածաշրջանի խաղաղութեան համար։ Ձեւաւորենք յարատեւելի խաղաղութիւն։ Ալիեւը սակայն կրկին յորդորեց մտնել համացանց եւ ճշտել փաստաթղթերը ճշմարտութեան մասին։ Միջազգային հանրութիւնը պէտք է յստակօրէն բացատրի, որ ԼՂ-ը Հայաստան չէ, ոչ ոք չի ճանաչում այն։ Հայկական զօրքը պիտի առանց պայմանների դուրս գայ օկուպացուած տարածքներից։ Չկայ Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանական ուժեր, կայ Հայաստանի կողմից օկուպացուած ուժեր.
-Միայն այն ժամանակ մենք կը խօսենք Ղարաբաղի ժողովրդի հետ, եթէ Հայաստանը այլեւս չը ֆինանսաւորի Ղարաբաղին եւ դուրս գայ այդ տարածքից։ Մենք միշտ ասել ենք, որ մենք բազմազգ պետութիւն ենք, եւ հայերը որպէս փոքրամասնութիւն կ՚օգտուեն բոլոր իրաւունքներից…
Հայաստանում շատ դժգոհութիւններ եղան վարչապետի պատասխաններից, սակայն եթէ ամփոփենք, ապա Հայաստանի ղեկավարը խօսում էր անվտանգութեան մասին, իսկ Ատրպէյճանի ղեկավարը՝ տարածքի, վարչապետը խօսում էր խաղաղութեան մասին, իսկ Ալիեւը՝ պատերազմի։ Հայաստանցիները դժգոհ էին, որ վարչապետը չը յիշատակեց ո՚չ Սումգայիթը, ո՛չ Սաֆառովի կողմից հայ սպային կացնահարելը Պուտաբեշտում։ Սակայն այդ մասին ասաց Ալիեւը։ Ո՞նց։ Ահա այսպէս.
Համաժողովի աւարտին նախագահ Ալիեւը մի քանի վայրկեան խնդրեց եւ յայտարարեց.
-Հայ ժողովուրդն ինքնորոշուել է՝ ունի Հայաստան պետութիւն, խորհուրդ եմ տալիս երկրորդ անգամ ինքնորոշուել երկրագնդի վրայ որեւէ այլ տեղ՝ Ատրպէյճանի տարածքից դուրս։
Այս վերջաւորութեամբ նա ոգեկոչեց եւ Սումգայիթը, եւ Պաքուն, եւ Պուտաբեշտը։ Նա աշխարհի առաջ խոստովանեց, որ Ղարաբաղը նրան պէտք է միայն որպէս տարածք։ Եւ տարածք առանց հայերի։ Իսկ դա նշանակում էր պատերազմ։