dzovinarlok@gmail.com
Փետրուարի 14-ն էր. Վալենթինի օրը։ Մէկ ել կարդում ենք լուրերում, որ Արցախում զինուորի դի է յայտնաբերուել։ Յետոյ լուրը համալրւում է. մահուան հանգամանքները չեն պարզաբանուած։ Յետոյ իմանում ենք, որ զինծառայողը 23 տարեկան էր, նրա անունը Հայկ Ներսէսի Ասրեան էր, Սիւնիքի մարզի Գորիս քաղաքից էր, սովորել էր ռազմական ավիացիոն համալսարանում, Երեւանի պետական համալսարանի ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի շրջանաւարտ էր… Շատ գեղեցիկ էր, ինչպէս լինում են երիտասարդները այդ մատղաշ տարիքում, երբ կեանքը դեռ առջեւում է։ Սակայն վշտին միախառնւում է մտահոգութիւնը, որի պատճառը մահուան առեղծուածային հանգամանքն է։ Մենք արդէն դարձել ենք այդ առեղծուածային հանգամանքների պատանդները, որովհետեւ այս 1,5 ամսուայ մէջ սա արդէն 13-րդ մահն է բանակում։ Մահանում են չպարզուած հանգամանքներում։ Կամ ինքնասպանւում։ Ամէն մի չպարզուած հանգամանք կամ ինքնասպանութիւն ասուածը ծանր է նստում հասարակութեան խղճի վրայ։ Որովհետեւ մինչեւ չպարզուի մեղաւորը, ապա մեղաւոր է իւրաքանչիւրը։ Գոնէ բարոյապէս։ Համալրւում է որդեկորոյս ծնողների թիւը։ Նրանք երբեք չեն գտնի մխիթարանք եւ կը տարբերուեն այն ծնողներից, որոնց որդիները զոհուել են մարտական պայմաններում, եւ նրանց հետեւից ասում ենք «Փառք քեզ, զինուոր»։ Չպարզուած հանգամանքներում զոհուածը ընկաւ ոչ թէ իր հողը պաշտպանելիս, այլ՝ զոհ գնաց բանակում տեղի ունեցող ինչ-ինչ յարաբերութիւններից, որոնց ասում են ոչ կանոնադրական։ Ինչպէ՞ս կանխել այդ տեսակի մահերը։ Օրինակ, «Իմ քայլը» խմբակցութեան նախկին պատգամաւոր Էդկար Առաքելեանը առաջարկում է իւրաքանչիւր ժամկէտային զինծառայողին 2 տարուայ ընթացքում 3-4 անգամ հնարաւորութիւն տալ դիմում գրել զօրամասը փոխելու խնդրանքով, այսպիսով նա կը խուսափի անխուսափելի ողբերգութիւնից՝ լինի դա սպանութիւն, ինքնասպանութիւն կամ այլ տեսակի բռնութիւնից։
Քաղաքացիներին, պաշտօնեաներին, պատգամաւորներին, նախկին եւ ներկայիս, բոլորին անխտիր արդէն մտահոգեց այս իրավիճակը, քանզի մէկ-երկու հոգու մասին չէ այլեւս խօսքը, այլ շարունակական բնոյթ կրող փաստ։ Մարդիկ պահանջում են հրաժարականներ Զինուած Ուժերում։ Պատիժներ։ Միջամտութիւններ եւ այլն։ «Լրագրողներ յանուն մարդու իրաւունքների» ՀԿ նախագահ, իրաւապաշտպան Ժաննա Ալեքսանեանը առաջարկում է շտապ հանրային քննարկում կազմակերպել, որովհետեւ մենք չենք կարող նստել ու նայել, թէ ինչպէս են հայրենիքի պաշտպանութեան համար մեկնած երիտասարդներին վերածում դիակների։ Սակայն նախկին պաշտպանութեան նախարար Սեյրան Օհանեանը յորդորում է
«…որ այդ գործը պէտք է թողնել բանակի հրամանատարներին, անձնակազմի գծով տեղակալներին եւ հոգեբաններին, հասարակութեան մէջ աւելորդ շահարկումներով ճիշդ քայլ չենք անում, դրանից մեր հակառակորդները, թշնամիներն են հրճւում։ Մօտ 10 տարի առաջ մենք վերլուծել ենք սպանութիւնների, ինքնասպանութիւնների վիճակագրութիւնը՝ համեմատութեան առումով իւրաքանչիւր հարիւր հազար զինուոր թուաքանակի յարաբերութեամբ, եւ մեր մօտ իրավիճակն աւելի լաւ է եղել, քան ամերիկեան, ռուսական, թուրքական, գերմանական եւ նոյնիսկ իսրայէլական բանակում»։
Այսպիսով, նախկին պաշտպանութեան նախարարը ո՛չ մի առեղծուածային բան չի տեսնում վերջին մահերի մէջ։ Իսկ ի՞նչ է մտածում այդ մասին Արցախի նախագահի թեկնածու, «Միացեալ Հայաստան» կուսակցութեան համանախագահ Վահան Բադասեանը, որի խօսքը միշտ եղել է ճշմարիտ, անկեղծ եւ համարձակ. ի դէպ նա նշեց, որ դա արդէն 15-րդ զոհն է եւ սա դառնում է մաքուր օրինաչափութիւն եւ ըստ Բադասեանի պատճառը կարող է լինել դիվերսիա (սապոթաժ)՝ արտաքին կամ ներքին, որը նոյնպէս արտաքին ուժերի կողմից է կազմակերպուած։ Այնուհետեւ նշեց այն փաստը, որ բանակում սպայի դերը զեռոյի է վերածուել։ Եւ իրօք այդ մասին վկայեց նաեւ մի նախկին սպայ. Տիգրան Արեգունին իր գրառման մէջ նշեց, որ ոչ մի մարդկային վերաբերմունք չէր արժանանում յարգանքի, այն դիտարկւում էր որպէս թուլութիւն, իսկ «յաջողում էին այն սպաները, ովքեր զինուորի ամէն զանցանքի համար լուրջ պատիժներ էին կիրառում, ովքեր ոչ մի ներում-բեկում չունէին, ովքեր ժամանակի հետ կորցնում էին մարդկային նկարագիրը»։ Այսպիսով ժողովուրդը նախկիններից լսեց մտահոգութեան, վրդովման կամ պարզաբանման փորձեր, բայց պաշտօնական ոչ մի պարզաբանում չստացաւ։ Վերջապէս կանգ առաւ հետեւեալ գրառման վրայ, որի հեղինակը իրաւապահ Արտակ Գալստեանն է.
«…բանակում 43 օրում 10 զոհ տուեցինք այն ժամանակուանից սկսած, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը յայտարարեց, որ 2019-ին բանակում ունեցել ենք զոհերի աննախադէպ ցածր քանակ։ Եթէ այս փաստի հետ համադրում ենք Վարչապետի նաեւ այն յայտարարութիւնը, որ կառավարման համակարգը դիմադրում է յեղափոխութեանը ապա պատկերը աւելի մտահոգիչ է դառնում։ Իսկ եթէ այս երկու փաստին գումարում ենք 1998թ –ի ղարաբաղեան կլանի այն յայտարարութիւնը, որ եթէ Լեւոն Տէր-Պետրոսեանը հրաժարական չտայ եւ իշխանութիւնը Քոչարեանին չյանձնի, ապա օրը մի զինուորի դի կ՚ուղարկեն Հայաստան, ապա իրավիճակը կը դառնայ տագնապալի, իսկ իշխանութեան կտրուկ քայլերը կենսական անհրաժեշտութիւն…»։
Այսպիսով յեղափոխութեանը դիմադրում են մերժուած եւ պարտուած ուժերը, եւ եթէ Արտակ Գալստեանի դիտարկումին գումարենք նաեւ յունուարի 17-ին չպարզուած հանգամանքներում ինքնասպանուած նախկին ԱԱԾ-ն պետ Գէորգի Կուտոյեանին, ապա մահերի շղթան ինքնապարզաբանւում է։