ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ
dzovinarlok@gmail.com
Փետրուարի 9-ին ՀՀ նախագահ Արմէն Սարգսեանը ստորագրեց հրամանագիր, որում ասուած է.
«Ղեկավարուելով Սահմանադրութեան 206-րդ յօդուածով, ինչպէս նաեւ «Հանրաքուէի մասին» սահմանադրական օրէնքի 12-րդ յօդուածի 1-ին մասով եւ հիմք ընդունելով Ազգային Ժողովի 2020 թուականի Փետրուարի 6-ի «Հայաստանի Հանրապետութեան Սահմանադրական փոփոխութիւնների նախագծի հանրաքուէի դնելու մասին» ԱԺՈ-001-Ն որոշումը.
1.Հայաստանի Հանրապետութեան Սահմանադրութեան փոփոխութիւնների հանրաքուէին նշանակել 2020 թուականի ապրիլի 5-ին»։
Այսպիսով Ժողովուրդը պիտի հանրաքուէի գնայ։ Տեղամասեր։ Իրաւական խրթին հարց պիտի լուծեն մեր քուէները։ Եթէ փողոցում մարդկանց կանգնեցնես եւ հարցնես, թէ պէ՞տք է արդեօք այդ հանրաքուէն, շատերը կը պատասխանեն «Այո», բայց նաեւ կը տարակուսեն, որովհետեւ ի՞նչ փոփոխութիւնների մասին է խօսքը...
Ժողովուրդը երկու տարի առաջ դուրս եկաւ հակաժողովրդական համակարգի դէմ «Քա՛յլ արա, մերժիր Սերժին» կարգախօսով։ Այնուհետեւ 2018-ի դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրութիւնների արդիւնքում ձեւաւորուեց 7-րդ գումարման Ազգային Ժողով արդէն նոր կազմով։ Մերժուած Սերժի կուսակցութիւնը, այսինքն Հայաստանի Հանրապետական կուսակցութիւնը (ՀՀԿ-ն) ստացաւ 59 հազար 83 ձայն (4,70 տոկոսը) եւ չը մտաւ խորհրդարան։ Նոր ԱԺ-ը ունեցաւ 132 պատգամաւոր։ «Իմ քայլը» դաշինքը ստացաւ 88 մանդատ, «Բարգաւաճ Հայաստանը»՝ 26, «Լուսաւոր Հայաստանը»՝ 18։ Տալով ձայները ի օգուտ «Իմ քայլը» դաշինքի, ժողովուրդը տուեց իր քուէները յեղափոխութիւն իրականացրած Նիկոլ Փաշինեանին։ Ընտրութիւններին մասնակցեցին 11 քաղաքական ուժեր՝ 9 կուսակցութիւններ եւ 2 դաշինք («Իմ քայլը» եւ «Մենք»)։ Յետոյ շատերը ափսոսացին, որ ընդամէնը երեք մասնակիցներ մտան Ազգային Ժողով, բայց ժողովուրդը առաջնորդուեց պատմական նոր պահի ազդեցութեան ներքոյ, որից յետոյ հիասթափութիւն ապրեց։ Փոխուեց կառավարութեան կազմը։ Փոխուեց Ազգային Ժողովի կազմը։ Սակայն կար մի կառոյց, որը դեռեւս մնում էր որպէս հանրապետականների սիւն. դա Սահմանադրական Դատարանն էր, որին միշտ բախւում էր ժողովուրդը, չստանալով ՍԴ-ի անդամներից ողջամիտ, մարդուն հասկանալի մի բացատրութիւն, թէ ինչո՞ւ են ընտրութիւնները անցնում ընտրակեղծիքներով։ Ահա թէ ինչպէս բնութագրեց այդ պատասխանը վարչապետ Նիկոլ Փաշինեանը փետրուարի 6-ին իր Ազգային Ժողուում կայացած ելոյթում. «… դա հակասում է իրաւակիրառ պրակտիկայի նախադէպային տրամաբանութեան յատուկ մասի սանքցիոն կանխավարկածի կոնվենցիոնալ զսպման անհրաժեշտութեանը»։ Հասկացա՞ք։ Ի հարկէ ոչ մի բան չհասկացաք,որովհետեւ դա անհասկանալի բառերի կոյտ էր։ Այժմ տեսնենք, թէ ո՞ր համատեքստում վարչապետը արտասանեց այդ բառերի կոյտը.
Վարչապետ Նիկոլ Փաշինեան.
- Սահմանադրական Դատարանը Երրորդ հանրապետութիւնում տէ ֆակտօ (de facto) եւ դէ յուրէ դարձել էր տանիք ընտրութիւնների կեղծման, ապօրինի իշխանութեան գոյութեան, իշխանութեան բռնազաւթման համար։ 1996, 1998, 2003, 2008, 2013-թուականների նախագահական ընտրութիւններում Սահմանադրական Դատարանը դարձել է այն գործիքը, որով ժողովրդին թոյլ չի տրուել իրացնել երկրում իշխանութիւն ձեւաւորելու իր իրաւունքը, որովհետեւ ՍԴ-ը ամէն անգամ պլշած աչքերով Հայաստանի Հանրապետութեան քաղաքացուն բացատրել է, որ ինքը, այսինք քաղաքացին չի կարող երկրում իշխանութիւն ձեւաւորել,որովհետեւ դա հակասում է իրավէւակիրառ պրակտիկայի նախադէպային տրամաբանութեան յատուկ մասի սանքցիոն կանխավարկածի կոնվենցիոնալ զսպման անհրաժեշտութեանը»։ Իսկ արդեօք մենք ունե՞նք մեր երազանքի հաւասարակշռուած Սահմանադրական Դատարան, որը նախատեսուած է հէնց այս պահին գործող սահմանադրութեամբ։ Ո՛չ, չունենք։ Մենք այս ընթացքում գտնուել ենք կիսանախագահական համակարգից խորհրդարանական համակարգի անցնելու տարանցիկ փուլում։ Կ՚ունենա՞նք թէ չենք ունենայ երազանքի Սահմանադրական Դատարան, որը չի լինի քաղաքական մի խմբաւորման կրնկի տակ։ Այո՚, կ՚ունենանք, բայց եթէ որեւէ բան չփոխենք, ապա կ՚ունենաք 2035թուականին։Աշխարհում չկայ գոնէ մէկ երկիր, որ ՍԴ-ի սահմանադրական վերահսկողութեան լիազօրութիւնը լինի առանց ծաւալների սահմանափակման, այսինքն լինի անքննելի, անբեկանելի։ Մեր երկրում հակակշռուած է նախագահի ինստիտուտը, կառավարութեան եւ վարչապետի ինստիտուտը, նոյնիսկ Ազգային Ժողովը, իսկ ՍԴ-ը չունի ոչ մի հակակշիռ։ ՀՀ-ում իշխանութեան է եկել ժողովուրդը։ Մենք պարզապէս ժողովրդի ներկայացուցիչն ենք։ Մենք ներկայացնում ենք ժողովրդին, ինչպէս նախատեսուած է սահմանադրութեան ոչ փոփոխելի 2-րդ յօդուածում։ Իսկ Սահմանադրական Դատարանը չի ներկայացնում ժողովրդին, այլ ներկայացնում է Սերժ Սարգսեանի կոռումպացուած իշխանութեանը, եւ այն պէտք է հեռանայ։
Այնուհետեւ Նիկոլ Փաշինեանը կոչով դիմեց ՍԴ-ի նախագահ Հրայր Թովմասեանին եւ 6 անդամներին, որպէսզի նրանք մինչեւ հանրաքուէի նշանակման օրը հրաժարական տան։ Ի հարկէ դա տեղի չունեցաւ…
Ընդդիմադիրները չեն հասկանում, ինչո՞ւ է պէտք ժողովրդի որոշումը. եթէ ժողովուրդը ձայների մեծամասնութեամբ «Իմ քայլը» դաշինքին է ընտրել խորհրդարանական ընտրութիւններում, հետեւաբար թող Ազգային ժողովն էլ լուծի այդ հարցը, այլ ոչ թէ պետութիւնը գումարներ ծախսի եւ ժողովրդին ուղարկի տեղամասեր, բայց «Իմ քայլը» դաշինքը, վարչապետը ինչպէս միշտ դիմում են ժողովրդի աջակցութեան։ Ի՞նչ է եղել որ, ասում են վարչապետին սատարողները, Շվեյցարիայում միշտ էլ ժողովուրդն է լուծում հարցերը, թող մեզ մօտ էլ Շվեյցարական ձեւով լինի։ Ոմանք էլ կարծում են, որ սահմանադրութիւնը պէտք է փոխուի ամբողջութեամբ, այլ ոչ թէ անձերը փոխուեն։ Այսպիսի տարակարծութիւն է տիրում քաղաքական դաշտում, իսկ ժողովո՞ւրդը… ժողովուրդը պիտի պաշտպանի իր յեղափոխութիւնը, որը շարունակւում է։