ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ
dzovinarlok@gmail.com
Այս տարի լրանում է մեծն ռուս գրող Չեխովի 160-ամեակը (1860-1904)։ Յիշենք մի քանի փաստ նրա կեանքից։ Չեխովը խոստովանում էր, որ մանկութիւն չի ունեցել։ Ընտանիքում վեց երեխայ էին. հայրը առաւօտեան ժամը 5-ին նրանց արթնացնում էր, որպէսզի նրանք երգէն եկեղեցական երգչախմբում, իսկ դպրոցից յետոյ երեխաները նպարավաճառութեամբ էին զբաղւում հօր խանութում։ Երբ հայրը սնանկացաւ եւ ընտանիքը տեղափոխուեց Մոսկուա, ապա Տագանրոգում մնաց միայն Անտոն Չեխովը։ 16 տարեկան էր, կարողացաւ հոգալ ինքնիրեն եւ նոյնիսկ փող ուղարկել ծնողներին։ Այնուհետեւ դարձաւ բժիշկ եւ գրող։ Չեխովը թոքախտ էր, բայց մեկնեց Սախալին կղզի, որը գտնւում է Ռուսաստանի հեռաւոր արեւելքում, սակայն գրողին հետաքրքրում էին աքսորավայրերը եւ աքսորեալների վիճակը։ Չեխովն այն գրողներից է, որին պէտք է կարդալ ամբողջ կեանքի ընթացքում։ Չեխովին անդրադարձայ մի նպատակով՝ մէջ բերել նրա մի քանի դիպուկ ասուածները։ Այսօրուայ նիւթիս վերաբերեալ դրանք երեքն են.
1.Դառնալ գրող բոլորովին դժուար չէ։ Չկայ որեւէ մի տգեղ, ով չի կարողանայ գտնել իրեն զոյգ ու չկայ որեւէ անհեթեթութիւն, որը չը կարողանայ ունենալ ընթերցող։
2. Հարցը յոռետեսութեան կամ լաւատեսութեան մէջ չէ, այ նրա մէջ է, որ 100-ից 99-ը խելք չունեն։
3. Ամէն նորածնին հարկաւոր է ջանասիրութեամբ լուանալ, եւ երբ հանդարտուի առաջին տպաւորութիւններից, ուժգին ծեծել՝ ասելով «Մի՛ գրի, մի՛ գրի, մի՛ դարձիր գրող»։
Իսկ այժմ կը ներկայացնեմ երկու տեսակ երեւոյթներ, որի հետ մենք առընչւում ենք մեր ժամանակներում, այսինքն Հայաստանի անկախացումից յետոյ։ Առաջին երեւոյթը կապուած է գրամոլութեան հետ։ Գրաքննութիւնը անցեալում է։ Այսօր ով ուզում՝ գրում է, տպագրում է եւ դնում է իր գրածը վաճառքի։ Արդիւնքում հրատարակչութիւնները ծաղկում են։ Հետաքրքիր է, որ գտնւում են իսկական գրողներ, որոնք խմբագրում են, նախաբան են գրում եւ նոյնիսկ թարգմանում այդ “հեղուկ նիւթը”։ Ինչպէս հիմա ասում են «Փողին մուննաթ»՝ գրամոլը վճարում է աշխատանքի համար, թարգմանիչն էլ իր գործն է անում...
Ինչպէ՞ս տարբերակել գրամոլին։ Շատ դիւրին է. մարդու միջակութիւնը դէմքին է գրուած լինում, սակայն եթէ այնուամենայնիւ խաբուէք, ապա առաջին իսկ պարբերութիւնից, նոյնիսկ նախադասութիւնից դա երեւում է։ Վերջերս մէկն իր գիրքը ինձ նուիրեց եւ սպասում էր իմ արձագանգին։ Գիրքը մի բարերարի մասին էր, եւ հեղինակը ընթերցողին ուզում էր համոզել, որ նա լաւ մարդ է, սիրում է իր հայրենիքը, օգնում է հայրենիքին նիւթապէս։ 90 էջ «ջուր էր ծեծում», սակայն այդպէս էլ չը համոզեց...Ի հարկէ, ես նրան չարձագանգեցի, որովհետեւ ընդունակ չեմ կեղծել, բայց եթէ իմ կարծիքը յայտնէի, ապա կ՚ասէի հետեւեալը.
- Ենթադրենք դու նկարիչ ես եւ պէտք է քո հերոսին այնպէս պատկերես, որ դիմանկարը վերնագրես «Լաւ մարդ»։ Ուրեմն դու այնպէս պիտի նրան մատիտով կամ իւղաներկով պատկերես, որ տեսնողն ինքը բացականչի «Ի՛նչ լաւ մարդ է»։ Այդպէս էլ գրականութեան մէջ է. դու այնպէս պիտի հերոսին նկարագրես, որ ընթերցողն ինքը եզրակացնի, թէ ի՛նչ լաւ մարդու մասին է խօսքը։ Իսկ քո գրքում այդ մարդը դուրս մնաց էջերից…։
Այժմ անդրադառնամ երկրորդ երեւոյթին, որը տարածուած է մեր օրերում։ Կան բազմաթիւ մարդիկ, որոնք զբաղւում են աղբիւրագիտութեամբ. նրանց հետաքրքրութիւնները շարժում են իրենց աշխատասիրութիւնը եւ նրանք այնքան տուեալներ են հաւաքում ինչ-որ մի նիւթի վերաբերեալ, որ կարիք են զգում գրքի վերածել եւ տպագրել։ Սակայն ինչ-որ մի պահ հիասթափւում են եւ պատճառը չը գնահատուած լինելու մէջ է։ Ասում են, թէ ոչ ոքու դա չի հետաքրքրում, իրենց իսկ միջոցներով տպագրած գիրքը չի վաճառւում, ուրեմն ո՞ւմ է պէտք իրենց աշխատանքը։ Նրանց խռովքը, վիրաւորուածութիւնը...պետութեան հանդէպ է, նրանց կարծիքով պետութիւնը պիտի հովանաւորի նման աշխատանքները. ահա թէ ինչումն է խնդիրը։ Այս ախտը ես որակում եմ որպէս կամքի միջակութիւն եւ ուզում եմ նման հիասթափուած մարդկանց միայն մի հարց ուղղել.
-Պատկերացնո՞ւմ էք, եթէ նման կերպ մտածէր Կոմիտասը կամ շատ ուրիշ մեր մեծերը, որոնք ոչինչ չակնկալելով իրենց ժամանակակիցներից, ուսումնասիրում էին եւ բաւարարում իրենց հետաքրքրութիւնները, ստեղծագործում, գրում, նկարում եւ այրում իրենց սրտի միջի կրակը…։ Այսպիսով լուսաւորում էին խաւարը...