dzovinarlok@gmail.com
Առաւօտեան ընկերուհիս հարցնում է «Ոնց ես», ես պատասխանում եմ «Սովորականի պէս գումարած սպանութիւն»։
Ասում էինք, որ մեր յեղափոխութիւնը անցաւ առանց զոհերի, սակայն հիմա զոհեր ենք արձանագրում։ Շատերն են այսօր թիրախաւորուած։ Ինչպէս նկատում է իրաւապաշտպան Արտակ Գալստեանը
«Հերթով ասպարէզից վերանում են այն պաշտօնեաները, ովքեր այս կամ այն կերպ առնչուել են Սերժ Սարգսեանի մութ գործերին։ Արդէն կեանքից հեռացել են Սերժ Սարգսեանի երեք խորհրդականները, ովքեր զբաղեցրել են պաշտօններ ուժային համակարգում՝ Գագիկ Պօղոսեան (ՊԵԿ նախագահ), Գէորգ Մհերեան (փոխ ոստիկանապետ), Գէորգի Կուտոյեան (ԱԱԾ տնօրէն)։ Կեանքից հեռացել են նաեւ ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Յարութիւնեանը եւ Երեւան քաղաքի նախկին ոստիկանապետ Աշոտ Կարապետեանը»։
Եւ քանի որ հանրութիւնը ինքզինքին հարց է ուղղում «ո՞վ կը լինի յաջորդը», ապա Արտակ Գալստեանը մատնացոյց է անում ՀՔԾ նախկին պետ Վահրամ Շահինեանին։
90-ականներին արդէն Հայաստանը ապրեց նման շրջան, երբ իրար հետեւից կեանքից հեռացնում էին բարձրաստիճան պաշտօնեաներին...Եւ մահերը մատուցւում էին որպէս ինքնասպանութիւն։ Այսպիսով կանգ առնենք հերթական սպանութեան վրայ, որը դիտւում է որպէս ինքնասպանութեամբ քօղարկուած սպանութիւն։
17 Դեկտեմբերին Պարոյր Սեւակի փողոցի վրայ գտնուող շէնքի բնակարաններից մէկում յայտնաբերուեց ԱԱԾ (Ազգային Անվտանգութեան Ծառայութիւն) նախկին պետ Գէորգի Կուտոյեանի դին հրազէնային վնասուածքով։ Վնասուածքը քունքի շրջանում էր։
Կուտոյեանը 38 տարեկան էր։ Իրաւաբան։ 30 տարեկանում նշանակուել էր Հայաստանի Հանրապետութեան նախագահի օգնական, իսկ 35 տարեկանում, այսինքն՝ 2016-ին՝ Ազգային Անվտանգութեան Ծառայութեան տնօրէն։ Այդ պաշտօնից ազատուեց յեղափոխութեան ժամանակ՝ 2018- ի Մայիսի 10-ին։ Հասկանալի է, որ մարդ ի պաշտօնէ տեղեկատւութիւն է կրում եւ նրան վերացնելով՝ գերեզման են ուղարկում ինչ-որ ճշմարտութիւններ։
Դին յայտնաբերել էր նրա կինը։ Իրականում ընտանիքը ապրում էր Շէնգաւիթ թաղամասում՝ Գէորգի Կուտոյեանի հոր տանը, բայց այս բնակարանում Կուտոյեանը երբեմն առանձնանում էր։ Այս անգամ նոյնպէս ասաց, որ մէկ-երկու օրով կգնա Պարոյր Սեւակի փողոցի բնակարան, եւ երբ բջջային հեռախօսը չը պատասխանեց, ապա կինը գնաց ամուսնու հետեւից եւ գտաւ նրան բազմոցի վրայ սպաննուած։
Յեղափոխութիւնից յետոյ ԱԱԾ պետ նշանակուեց Արթուր Վանեցեանը, իսկ նրա պաշտօնանկից յետոյ ԱԱԾ-ը դեռեւս չունի տնօրէն։ Տնօրէնի պարտականութիւնները ժամանակաւոր կատարող Էդուարդ Մարտիրոսեանը Գէորգի Կուտոյեանի մահուան առթիւ ցաւակցականի մէջ յայտնեց իր համոզմունքը, «որ ինչպէս Գեորգի Կուտոյեանի մահուան հանգամանքները հետաքննող, այնպէս էլ ՀՀ իրաւապահ միւս մարմինները, այդ թւում նաեւ ԱԱԾ-ն, իրենց գործառոյթների շրջանակներում անելու են հնարաւոր առաւելագոյնը՝ այդ ողբերգութեան յարուցած բազմաթիւ հարցերին ապառիչ պատասխաններ տալու համար»։ Պարապ խօսքեր, որովհետեւ սա առաջին քաղաքական սպանութիւնը չէ, եւ մենք նման ենք դպրոցականների, որոնք դաս են իւրացրել. երբ սպանութիւնը քաղաքական է, ապա այն չի բացայայտւում, մինչդեռ որքան էլ մարդասպանները վերացնեն հետքերը, ամէն սպանութիւն ուրուագծում է իր անաթոմին եւ եթէ քննիչը տաղանդաւոր լինի, ապա կարող է բացայայտել։ Պէտք է նկատեմ, որ ամէն մի չբացայայտուած քաղաքական սպանութիւն ամէն քաղաքացու վրայ նստում է որպէս ծանր բեռ։ Լրագրողներին բաժին են հասնում միայն անհեթեթ մանրամասներ, օրինակ, որ Կուտոյեանը դեռեւս Դեկտեմբերին գնացել է այդ բնակարան եւ 35-40 անկանոն կրակոցներ է արձակել հիւրասենեակի պատին եւ յետոյ նրա կինը պարկուճներն ու գնդակները հաւաքել է ու դրել սեղանին։ Ի դէպ, հարազատներն ասում են, որ Կուտոյեանը ալկոհոլ չի օգտագործել, բայց նրա կողքին կոնեակի շիշ կար, որը նա իբր պարպել էր։ Քրէական գործ է յարուցուել ինքնասպանութեան հասցնելու յօդուածով։
Եւ քանի որ այս տարօրինակ սպանութեան մասին հարցաքննութիւնները մեզ հասու չեն, ապա հանրութիւնը ինքն է եզրակացութիւններ անում կամ մտիկ է անում քաղաքագէտների հետ հարցազրոյցները։ Բազմաթիւ արձագանգներից կանգ առնեմ միայն մէկի վրայ. քաղաքագէտ Լեւոն Շիրինեանի. նա մասնաւորապէս նշեց, որ հետքերի մաքրման գործընթաց է գնում։ Ինչո՞ւ, որովհետեւ երկրում Մարտի 1-ի (2008թ.) դատաքննութիւն է սկսուել,ապրիլեան պատերազմի (2016թ.) հանգամանքների վերաբերեալ քննութիւն է գնում, կրկին բացուելու է 1999-ի Հոկտեմբերի 27-ին կատարած ահաբեկչութիւնը... Ըստ Լեւոն Շիրինեանի ժողովրդավարական ընթացակարգով հնարաւոր չի ժողովրդավարութիւն հաստատել, այլ պէտք են օթօրիթառ միջոցառումներ, յեղափոխական օրէնքներով պէտք է գործել, այլ ոչ թէ այն սահմանադրութեամբ, որը սարքուել է Սերժ Սարգսեանի համար։ Թաւիշը պէտք է փոխուի, դառնայ թաւշեայ տիքթաթէօրութիւն,կարծում է քաղաքագէտ Լեւոն Շիրինեանը. «15 վարկած են առաջարկում եւ կանգ են առնում ինքնասպանութեան վրայ։ Մերժեցինք Սերժին, բայց Սերժը մերժում է Հայաստանը, ասում եմ առանց անձնաւորելու…»։
Այսպիսով ժողովրդավարութիւնը, որն իշխանութիւնները ցուցաբերում են նախկին իշխանաւորների նկատմամբ, ովքեր զբաղուած էին թալանով եւ վերարտադրման խնդիրներով, այլեւս սպառնում է պետականաշինութեանը եւ հանգեցնում է մութ եւ առեղծուած շղթայական մահերի, որոնք ծանր բեռ են դառնում ամէն մէկի ուսերին եւ ստեղծում անպատիժ մթնոլորտ։