ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ

ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ

Սուրբ Ծնունդ

dzovinarlok@gmail.com

Ամանոր ենք ասում, Նոր Տարի ենք ասում, սակայն թւում է, թէ դա նոյն տարին է ամէն անգամ գալիս։ Խելագար մի շրջան է, որը սկսւում է ճիշդ այն ատեն, երբ ամբողջ քրիստոնեայ աշխարհը Ս. Ծնունդը նշելով՝ հանդարտւում է եւ Դեկտեմբերի 31-ի լոյս Յունուարի 1-ի գիշերը մտնում յաջորդ տարի։ Հայաստանում Յունուարի մէկից սկսւում են որկրամոլութեան օրերը. անտեսելով Պահքի շրջանը, հայաստանցիները տարւում են մսեղէնով, պատրաստում մսամթերքից ամէն տեսակի համեղ ուտեստներ եւ սպասում հիւրերի։ Սեղանի վրայ պիտի դրուած լինի ամէն ինչ, սկսած խորտիկներից եւ վերջացրած քաղցրաւենիքով։ Ո՛չ մի պակաս բան պիտի չլինի սեղանին անկախ այն հանգամանքի, թէ ինչ նիւթական կարողութիւնների է ընտանիքը...

Մինչեւ հիմա դեռեւս ծնունդ ասելով Հայաստանում ի նկատի ունեն ոչ թէ Քրիստոսի ծնունդը, այլ մարդու տարեդարձը։ Ծնունդդ շնորհաւոր… Եթէ դա վերաբերւում է միայն Քրիստոսին, ապա այստեղ պիտի յիշատակեմ սերպ գիտնական Նիկոլա Թեսլայի (1856-1943) հետեւեալ գիւտարար միտքը. աշխարհը այնպէս է ստեղծուած, որ ամէն մի էակ ծնւում է որպէս Քրիստոս, Բուդդա եւ Զարաթուշտրա։ Սա նշանակում է, որ ամէն մայր աստուածածին է։ Բայց ինչո՞ւ եւ որտեղից են աշխարհ գալիս հրէշները։ Ինչո՞ւ է մարդկային կեանքն անցնում չարի եւ տառապանքի ներքոյ։ Թեսլան իր վերջին հարցազրոյցում ասում էր, որ չարն ու տառապանքը համաճարակի պէս առաջանում են տիեզերքի խորքերում, իսկ 20-րդ դարում համաճարակը տարածուեց Երկրից դէպի տիեզերք։

Այժմ տեսնենք, թէ ինչպէս է չարը ներթափանցում Հայաստան։ Նախորդ թիւի մէջ արդէն գրել էի նորածինների առք ու վաճառքի մասին, որը տեղի էր ունենում Երեւանի բժշկական կենտրոններից մէկում։ Այս տարի հանրութիւնը սարսափեց հերթական բացայայտնուեց. մի տեսանիւթ տարածուեց, որտեղ ծնողները հանրապետական հիւանդանոցում պահանջում էին ցոյց տալ իրենց նորածնին, որը 6 օր է իբր մահացել էր, բայց ծնողներին չէին ցոյց տալիս դին։ Ո՚չ ոք պատասխան չէր տալիս, իսկ մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամեանը նրանց բացատրում էր, թէ «Կարգ կայ, պիտի ոստիկանը գայ եւ նշանակի դատա-բժշկական քննութիւն»...Պարզուեց, որ 101 մայրեր ծննդաբերելուց յետոյ առանց նորածինի ուղարկել էին տուն։ Դեկտեմբերի 18-ին կարծեմ ձերբակալեցին Ռազմիկ Աբրահամեանին, եւ կարծեմ մի քանի օր յետոյ ազատ արձակեցին։ Այժմ հարց է ծագում. ինչպէ՞ս մենք կարող ենք հանգիստ զբաղուել մեր առօրեայ մանր-մունր գործերով, երբ 101 նորածին ծնողներից բաժանել եւ վաճառել են արտասահման։ Ո՞վ պիտի բացայայտի այս հրէշաւոր, գիտակցութեան մէջ չտեղաւորուող ամենապիղծ գործարքը, որը երբեւէ կատարուել է Հայոց աշխարհում։ Եւ մինչ հանրութիւնը զայրանում է, եւ մինչ նոր իշխանութիւնները փորձում են հին դատական համակարգով առաջ շարժուել, ինչը ակնյայտ հնարաւոր չէ, թեմային արձագանգում է արուեստագէտը։ Ի՞նչ, ի՞նչ էր անելու մարդկութիւնը առանց արուեստագէտի։ Հայաստանում կայ նման արուեստագէտ, որը ակնթարթօրէն արձագանգում է ամէն մի մեծ եւ փոքր իրադարձութիւններին, որոնք տեղի են ունենում մեր միամիտ երկրում։ Նրա անունն է Ալիկ Ասատրեան։ Ապրում է նա Հայաստանում, բայց գտնւում է Հոլանդիայում, Հաակա (den Haag) քաղաքում։ Կարծում եմ պատահական չէ, որ Ալիկը նայում է աշխարհին եւ Հայաստանին հենց այդ փոքրիկ քաղաքից, ուր գտնւում են Արդարադատութեան միջազգային դատարանը, Միջազգային քրէական դատարանը եւ այլ միջազգային դատական մարմիններ։ Ալիկ Ասատրեանը ինքը իր դատն է անում արուեստի լեզուով, եւ Ռազմիկ Աբրահամեանի, աւելի ճիշդ ռազմիկների Նոր Տարին եւ Ս.Ծնունդը շնորհաւորում է այս պատկերով, որտեղ մենք տեսնում ենք մի տօնածառ՝ զարդարուած նորածիններով…

Կարող էի սրանով աւարտել գրութիւնս, բայց պիտի մի հետ գրութիւն անեմ։

Հ.Գ. Օրերս Երեւանում մի ընկերուհուս հանդիպեցի, որի հետ աշխատել էի 80-ականներին պատկերասրահում։ Մենք էսքսկուրսավարների բաժնում 12 հոգի էինք, եւ միայն 4 հոգի մնացինք Հայաստանում։ Մնացածը...մի՛ հարցրէք ուր մեկնեցին, արտագաղթեցին կամ հեռացան։ Ընկերուհիս երկար պատմում էր զաւակների եւ թոռների մասին։ Թոռները արտասահմանում էին ծնուել եւ երբ արտասահմանից հիւր էին գալիս, ապա խօսում էին ընկերուհուս հետ օտար լեզուներով։ Որդիներն էին թարգմանում...Ինձ համար նորածինների առքն ու վաճառքը եւ կամաւոր կերպով օտարացած սերունդը գտնւում է նոյն հարթութեան վրայ։ Այնպէս որ մի՚ զարմացէք, թէ ինչու նորածինների այս հրէշաւոր դէպքը կատարուեց յատկապէս Հայաստանում։