dzovinarlok@gmail.com
Ինչպէս ասել էր բրիտանական գրող Օսքար Ուալդը. «Ես քմահաճ չեմ, ես հաւանում եմ ամենալաւը»։ Այսինքն կատարեալը։ Սակայն բացի արհեստավարժ կայացած կատարելիութեանը, գոյութիւն ունեն պատանիների անկատար քայլերը արուեստի բնագաւառում, լինի դա նկարչութիւն կամ կատարողական արուեստ երաժշտութեան մէջ։ Ամէն մի քայլը արժանի է գնահատանքի եւ...ունկնդրի. սա է արուեստի գոյատեւման պայմանը։ Տաղանդը ցուցադրման կարիք ունի։
Փառք պիտի տանք, որ մեր երկրում նախկին համակարգից, այսինքն Սովետական Միութիւնից, մնացել են կրթական այնպիսի հաստատութիւններ, ինչպիսին են երաժշտական եւ նկարչական դպրոցները՝ իրենց շէնքերով հանդերձ։ Եւ ահա դեկտեմբերի 11-ին Լոռու մարզից «Մենք ենք, մեր մարզը» ծրագրի շրջանակներում 43 հոգանոց պատուիրակութիւնը ուղեւորուեց դէպի Երեւան՝ ճանապարհային ոստիկանութեան ուղեկցութեամբ, քանզի 43 հոգուց 38-ը համերգ-ցուցահանդէսի պատանի մասնակիցներն էին իրենց ղեկավարների հետ,եւ կարիք կար խիստ զգուշութիւն դրսեւորել ճանապարհին։ Պիտի մեծ գոհունակութեամբ նշեմ դպրոցների եւ համոյթների անունները, որոնց շնորհալի սաները ելոյթ ունեցան Առնօ Պապաճանեանի սրահի բեմում այդ օրը.
Վանաձորի «Հորովել» մանկապատանեկան պարային համոյթը, գեղարուեստական ղեկավար Արմենուհի Դիլանեան Ստեփանավանի արուեստի դպրոցի վոքալ համոյթը, ղեկավար Գայանէ Պեպելեան Ստեփանավանի «Անի» մանկապատանեկան պարային համոյթը, ղեկավար Տաթեւ Իսպիրեան անհատ կատարողներ՝ Վանաձորի Է.Կզարթմեանի երաժշտական դպրոցի 7-րդ դասարանցի Մատիլդա Սիմոնեանը կատարեց Կոմիտաս-Անդրեասեան «Հոյ, Նազան իմ յարը» Վանաձորի Տ. Չուխաճեանի անուան երաժշտական դպրոցի քանոնի 6-րդ դասարանի աշակերտուհի Շուշանիկ Քարհանեանը կատարեց Ծովինար Յովհաննիսեանի «Իմպրովիզ»ը, Վանաձորի Շ. Տալեանի անուան արուեստի դպրոցի 4-րդ դասարանցի Դաւիթ Բեջանեանը երգեր «Ջամայկա» նապոլիտանական երգը Ալաւերդու արուեստի դպրոցի 7-րդ դասարանցի Դաւիթ Խառատեանը նուագեց Կլաուս Բադելտի «Կարիբեան ծովի ծովահենները» Ալաւերդու Ռ.Մելիքեանի անուան երաժշտական դպրոցի Սոֆի Մկրտչեանը նուագեց ֆլեյտայի վրայ Վերստովսկու «Վալս»ը, իսկ Սպիտակի աշուղական դպրոցից Թամարա Թարխանեանը երգեց Շերամի «Շորորա»ն։ Վերջում Հրաչուհի Լոռեցեանը ասմունքեց Սայաթ-Նովայի «Դուն էն գլխէն իմաստուն իս»։
Իսկ Առնօ Պապաճանեանի ճեմասրահում այդ միջոցին ցուցադրւում էին Լոռու մարզի պատանի նկարիչների աշխատանքները։ Այն պահից, երբ պատանին մատիտը կամ վրձինը դնում է թղթին, ինչպէս նաեւ պարողը՝ ոտքը դնում է բեմահարթակին, իսկ նուագողը՝ գործիքի լարին կամ ստեղնաշարին, նա արդէն մտնում է նոր, ոչ առօրեական յարաբերութիւնների մէջ աշխարհի հետ։ Ես միշտ պատանի ստեղծագործողների հլու երկրպագուն եմ, որովհետեւ ինձ հրապուրում է նրանց առաջին տպաւորութիւնը նրանց ապրած տեղից, ծառից ու ծաղիկից, շէնքից ու բնութիւնից։ Սա առաջին սիրոյ արտայայտութիւնն է, որն այլեւս երբեք չենք տեսնի հասուն արուեստագէտի մօտ։
Կայ տարբերութիւն արուեստի եւ մշակոյթի միջեւ. արուեստը անհատն է ստեղծում, եւ դարերի ընթացքում մշակոյթ է ձեւաւորում, աւանդոյթ դառնում։ Աւանդականօրէն հայերը ստեղծագործող են, եւ մեր մշակոյթի, կրթութեան եւ սփորտի նախարարութիւնը մարզերի մարզպետարանների հետ մէկտեղ նման ծրագրերի միջոցով միշտ իրականացնում են շնորհալի եւ տաղանդաւոր սաների ստուգատեսը։ Այդ ժամանակ երեւանեան դպրոցների սաները դառնում են հանդիսական, ինչը կարեւոր պայման է գեղագիտական դաստիարակութեան համար։ Սակայն ես դէմ եմ այն բաժանումի, երբ Վանաձորը կամ Ստեփանավանը դիտւում են որպէս մարզային քաղաքներ, իսկ Երեւանը՝ մայրաքաղաք, որովհետեւ երբ Երեւանից են մեկնում մարզեր, ապա մայրաքաղաքն ու մարզը փոխւում են տեղերով։
Իսկ ինձ այս հրաշալի համերգ- ցուցահանդէսին հրաւիրեց Լոռու մարզպետարանի կրթութեան, մշակոյթի եւ սփորտի վարչութեան առաջատար մասնագէտ Մհեր Մելիքեանը։ Բացման խօսքում նա շատ հետաքրքիր անդրադարձաւ ազգի հաւաքականութեան մասին, որը սկիզբ է առնում անհատից եւ ստեղծում ազգային եւ համաշխարհային արժէքներ ու յաւելեց, որ այսօրուայ օրը նուիրւում է Գեղեցիկի երկրպագուներին։ Մհեր Մելիքեանը, զբաղուելով վարչարարութեամբ, նաեւ դասական եւ ժողովրդական երգիչ է, բացի այդ այնպէս է արտասանում Նարեկացի, որ կարծում եմ բոլորովին պատահական չէր մշակոյթի նախարարութեան կողմից տարիներ առաջ արժանացել «Գրիգոր Նարեկացի» մեդալի...