dzovinarlok@gmail.com
Հոկտեմբերի 27-ին ես ցնցում ապրեցի։ Յունարէն նման ցնցումին ասում են կաթարսիս. Հին Յունաստանում մարդիկ դիտում էին ողբերգութիւններ, որպէսզի ցնցուեն եւ այսպիսով մաքրագործեն հոգիները։ Չգիտեմ, ինչպիսին ես կը լինէի, եթէ 16 տարեկանում՝ ընդունուելով համալսարանի բանասիրական ֆակուլտետ, չհանդիպէի մի դասախօսի, որի նմանը չկայ։ Մենք, բանասէրներս, կարդալ էինք սիրում, աւելի ճիշդ ընթերցել։ Մարդու ամենակենսական պահանջը ճշմարտութիւնն իմանալն է, բայց 70-ականներին Սովետական Միութիւնում չկար ուրիշ ճշմարտութիւն բացի գեղարուեստական ճշմարտութիւնից։ Մենք գրքերով էինք ապրում, քանզի միայն գրքերը չէին ստում։ Ռուսական բանասիրական մենք եկանք ռուս գրականութիւնից եւ առաջին մեծ ցնցումը ապրեցինք անթիկ գրականութեան դասերին. Հոմերոս, Էսքիլես, Եւրիպիդես, Վիրգիլիոս...Ես ապշած շնչում էի համակուրսեցի ընկերուհուս ականջին. «Այս հեղինակները չէին կարդացել Թոլստոյ, Չեխով եւ Հեմինգուէյ եւ այսքան իմաստուն էին եղել…»
Լսարանը, որտեղ ընթանում էին առաջին կուրսի դասերը, երեքյարկանի հասակ ունէր, եւ նստարանները զետեղուած էին ամփիթատրոնով։ Դասախօսի ամբիոնն այսպիսով գտնւում էր ներքեւում։ Սովորաբար դասախօսը դնում էր ակնոցները եւ սկսում էր հետեւել իր գրառումներին, սակայն այդպիսին չէր Լեւոն Ներսիսեանը։ Ինչպէս արդէն ասացի, նրա նմանը չկար, եւ հիմա, երբ ես պատմում եմ նրա մասին, առհասարակ չկայ մէկը համաշխարհային պատմութեան մէջ, որի հետ հնարաւոր կը լինէր նրան համեմատել։
Հոկտեմբերի 27- ին Լեւոն Ներսիսեանի յիշատակի օրը «1931-1999» Կինոյի Տան Փոքր դահլիճում Արայիկ Մանուկեանը ցուցադրեց «Ես խարիսխ եմ» ֆիլմը, որտեղ բանաստեղծ Յակոբ Մովսէսն ասաց հետեւեալը.
«Համաշխարհային իրականութիւնը լեցուն է կերպարներով, գրքերով, պոէմներով, երաժշտութեամբ, բայց սկսած յունական միջավայրից մինչեւ այսօր ամենահրատապ խնդիրը մնում է մարդ գտնելու խնդիրը։ Ինձ հանդիպած ամենամեծ հոգին էր Ներսիսեանը…»
Լեւոն Ներսիսեանը երբեք չէր կանգնում դասախօսական ամբիոնի առջեւ. նա քայլում էր եւ այդ քայլելու պահին էին ծնւում եւ իսկոյն առկայծում նրա մտքերը՝ դրանք քարացած եւ կարծրացած կլիշէներ չէին։ Ստիպուած եմ ասել, որ նա ճարտասանութեան հանճար էր, այսինքն նրա խօսքը ձեւաւորում էր ոչ միայն միտքը, այլ նաեւ ձայնը, ձայնի հնչերանգը եւ...սա արդէն միսթիկա է. երբ փորձում էինք գրի առնել նրա դասախօսութիւնը, ապա չէր ստացւում, առանց նրա ֆիզիկական արտայայտման միջոցների այն կորցնում էր իր իմաստը։ Գաղտնիքը իր մէջ էր։ Իր անձի շուրջ։ Ուստի նրանք, ովքեր չեն տեսել եւ չեն շփուել երբեւէ Լեւոն Ներսիսեանի հետ, չեն տիրապետում այն երջանկութեանը, որին տիրացան նրա հետ շփուողները, իսկ երջանկութիւնը դա այն է, ինչ մնում է, երբ երջանկութեան պատճառը արդէն չկայ։
Լեւոն Ներսիսեանը ծնուել էր 1931-ին, եւ կարելի է մտածել, որ դա սովետական ժամանակաշրջան էր, սակայն 30-ականները դեռեւս աւելի մօտ էին նախայեղափոխական շրջանին «այսինքն 1917-ից առաջ», քան բուն սովետական, ուստի նրա ազնուականութիւնը դուրս էր մեր սովետական իրականութիւնից։ Զուր չի Յակոբ Մովսէսը շեշտում, որ Լեւոն Ներսիսեանը իր կեանքում տեսած ամենաազնուական մարդն էր.
«Ես շատ մարդիկ գիտեմ, որոնք գիտելիքների անսպառ պաշար են. ոչ ոք իր գիտելիքները այնպէս չէր ներածել իր մէջ եւ դարձրել կենցաղ, ինչպէս Լեւոն Ներսիսեանը։ Լինելով յախուռն անձնաւորութիւն, նա ոչ մի ցածր արարք իրեն չէր թոյլ տուել։ Ինչպէ՞ս էր կարողում իր բոհեմիկ կենցաղի մէջ մնալ ազնուական։ Իսկ այդ տարիների մեր իրականութիւնը լեցուած էր եւ ցածր ապրումներով, եւ ստոր մարդկանցով, եւ ստոր յարաբերութիւններով։ Լեւոն Ներսիսեանի նման ազնուական մարդ ես չեմ իմացել։ Ըստ երեւոյթի դա գալիս էր նրա հորից, եթէ մենք յիշենք Հրաչեայ Ներսիսեանի դէմքը, դէմքի ազնուականութիւնը ոչ թէ դասային, այլ ներքին իմաստով»։
Այո, նրա հայրը՝ Հրաչեայ Ներսիսեանը «1895-1961» կինոյի եւ թատրոնի մեծագոյն դերասան էր, որը ծնունդով Նիկոմեդիայից էր։ 1922-ին Հրաչեա Ներսիսեանն ու պոլսեցի Վահրամ Փափազեանը մեկնեցին Երեւան եւ հայաստանցիները բախտ ունեցան հասակ առնել եւ դաստիարակուել նրանց մարմնաւորած կերպարների, նրանց թատերական արուեստի ներքոյ։ Սակայն Լեւոն Ներսիսեանը ինքը իրենից ներկայացնում էր կերպար հայ իրականութեան մէջ։ Կրկին պիտի դառնամ Յակոբ Մովսէսին.
«Հայ իրականութեան մէջ շատ կերպարներ կան, որոնք արտայայտուած են եւ գրականութեան մէջ եւ մենք նրանց տեսել ենք կեանքում՝ շփուել ենք, հաղորդակցուել ենք հետերը, բայց մեր իրականութեան մէջ անհատի կերպար քիչ գոյութիւն ունի։ Անհատ ասելով եւ ի նկատի չունեմ այսօրուայ իմաստով անհատ, այլ այն իմաստով, ինչպէս աւետարաններում է օգտագործւում homo բառը; Աշխարհի տիրակալներից մէկը՝ տեսնելով Քրիստոսին, բացականչում է «Ահա մարդը»…։ Ոչ ոք չի կարող Լեւոն Ներսիսեանի կերպարը ամփոփել եւ ներկայացնել մեզ։ Նրա կերպարը կապուած է բերանացի մշակոյթի հետ, որը նաեւ սրբազան մշակոյթ է։ Ընդհանրապէս շատ մեծ մարդիկ են խօսում, չեն գրում։ Լեւոն Ներսիսեանը բերանացի մարդ էր, որովհետեւ իր ապրելիքը գրից բարձր էր։ Այսօր հարցնում են, ինչո՞ւ նա չէր գրում։ Գուցէ չէ՞ր կարող։ Չէր գրում, որովհետեւ իր կերպարը գրի ենթակայ կերպար չէր։ Դա գրի մէջ չէր կարող տեղաւորուել, դա իրեն համար բանտ էր։ Բերանացի մարդը շատ մեծ պատասխանատուութիւն է կրում իր վրայ։ Գրաւոր մարդը կարող է ուղղել, մշակել, բանաւոր մարդը միանգամեայ է, կրակի պէս; Բռնկուեց, վառուեց, վերջացաւ… Ես չեմ յիշում մի դէպք, որ նա ունենար մի բռնկում, որը կրկնելի լինէր»։
Ֆիլմում Լեւոն Ներսիսեանը, որին հեղինակը կոչում է ազատութեան եւ ոգու յաւերժ ասպետ, հետեւեալ միտքն է արտայայտում.
«Հոգեւոր Հայաստանը մեռած է, եւ մեռած պէտք է լինի երկար տասնամեակներ, այնքան ժամանակ, ինչքան Հայաստան գոյութիւն չունի, իսկ Հայաստան հիմա չկայ։ Հոգեւոր Հայաստանը դա Երկիր Հայաստանի հոգին է։ Երկիր Հայաստան հիմա չկայ, եւ չի լինի երկար տասնամեակներ, ինչպէս չի եղել երկար-երկար դարեր։ Երբեք չփորձես գտնել հոգեւոր Հայաստանը մինչեւ չկայ Երկիր Հայաստանը…»։
Մեր այս անհեթեթ ողբերգական ժամանակաշրջանում, երբ ամէն կողմից հրաւիրում են խնջոյքների, մաղթում ուրախութիւն, ժպիտ եւ զուարճանք, ես իսկական ողբերգութիւն եմ տենչում, այն ողբերգութիւնը, որից հնարաւոր է ցնցուել եւ կաթարսիս ապրել։ Որը ես ապրեցի Հոկտեմբերի 27-ին՝ տեսակցելով մեր ժամանակի ամենահետաքրքիր մարդուն։ Մարդուն։